Աշխարհի 2029 թվականի երիտասարդական առաջնություն․ Արմեն Մելիքբեկյանի ու Յուրի Ջորկաեֆի մեկնաբանությունը
Ապրիլի 28-ին Կանադայի Վանկուվեր քաղաքում կայացավ ՖԻՖԱ-ի Գործկոմի նիստը, որտեղ հաղթեց Հայաստանի ու Վրաստանի՝ Աշխարի 2029 թվականի երիտասարդական առաջնությունն ընդունելու համատեղ հայտը։
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանն ու ՖԻՖԱ-ի նախագահի ֆուտբոլի հարցերով հատուկ խորհրդական Յուրի Ջորկաեֆը ՀՖՖ-ի հետ այսօր կայացած զրույցում խոսել են Աշխարի 2029 թվականի երիտասարդական առաջնության անցկացման մասին։
Արմեն Մելիքբեկյան
Կարդացեք նաև
«Շնորհավորում եմ ֆուտբոլային հանրությանը և մեր բոլոր հայրենակիցներին։ Որքան էլ խոսենք՝ իրականում բարդ է պատկերացնել այս մրցաշարի կարևորությունը մեր երկրի և ֆուտբոլի համար։ Քայլ առ քայլ հաղթահարելով դժվարությունները՝ ավելի լավ կգիտակցենք՝ ինչ իրադարձություն է սա։ ՖԻՖԱ-ի՝ տղամարդկանց ֆուտբոլում կարևորությամբ երկրորդ մրցաշարն է, շատ լուրջ մարտահրավեր, որը մենք մեր գործընկերների հետ կհաղթահարենք։ Գործընթացը բավական երկար է տևել․ առաջին իսկ օրից մեզ աջակցել և շատ ակտիվ մասնակցություն է ունեցել Հայաստանի Կառավարությունը, անձամբ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ցանկանում եմ նաև ընդգծել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի և կառավարության մեր գործընկերների դերակատարությունը․ այս գործընթացում նրանք մշտապես աջակցել են մեզ։ Իհարկե, ՀՖՖ-ն ևս քրտնաջան աշխատել է այս տարիներին, քանի որ մրցակցությունը շատ մեծ է եղել։ Չեմ կարող փակագծերը բացել, բայց հասկանում եք, որ տղամարդկանց ֆուտբոլում ՖԻՖԱ-ի երկրորդ մրցաշարն ընդունելու հավակնորդները շատ են եղել․․․ Շատ շնորհակալ ենք ՖԻՖԱ-ի և ՈւԵՖԱ-ի մեր գործընկերներին, որոնք այս գործընթացն անցել են մեզ հետ և հավատացել են, որ մեր երկու երկրները կկարողանան նման ծավալի մրցաշար կազմակերպել։
Մրցաշարն անցկացվելու է երեք քաղաքում՝ Վանաձորում, Իջևանում և Երևանում։ Հայաստանի Կառավարությունը կառուցելու և բարելավելու է ենթակառուցվածքները։ Խաղերի քանակի և տեղերի մանրամասները կհայտնենք, երբ ՖԻՖԱ-ի ներկայացուցիչներն այցելեն Հայաստան, և մենք շատ մանրամասն քննարկենք ապագա անելիքները։
Հայաստանն արդեն փորձ ունի ընդունելու Եվրոպայի մինչև 19 տարեկանների եզրափակիչ փուլը, ինչպես նաև ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը։ ՈւԵՖԱ-ն բավական բարձր է գնահատել այդ առաջնությունների անցկացումը, դրա համար էլ այս գործընթացում մեծապես աջակցել է մեզ։ Կարծում եմ՝ միասնական ուժերով և, իհարկե, կառավարության աջակցությամբ կկարողանանք հաղթահարել բոլոր դժվարությունները և կազմակերպել այն տոնը, որին բոլորս սպասում ենք»։
Յուրի Ջորկաեֆ
«Սա երիտասարդ ֆուտբոլիստների համար լավագույն մրցաշարն է։ Պետք է գիտակցել, որ ՖԻՖԱ-ն Հայաստանին ու Վրաստանին վստահել է իր նշանակությամբ երկրորդ մրցաշարը։ Սա եզակի և չափազանց մեծ հնարավորություն է երկու երկրների համար։
Մ-20 Աշխարհի առաջնությունն ամենահաջողված մրցաշարերից է, որը հյուրընկալելու ցանկություն ունեն գրեթե բոլոր երկրները։ ՖԻՖԱ-ի համար առանցքային է գործակցել այն ֆեդերացիաների հետ, որոնք անմիջականորեն ներգրավված են իրենց տարածաշրջանում ֆուտբոլի զարգացման գործում։ Նման մասշտաբի մրցաշար նախկինում չի անցկացվել ո՛չ Հայաստանում, ո՛չ Վրաստանում։ Սա լավ նշան է, որ ՖԻՖԱ-ն վստահում է մեր երկրներին։ Այդ վստահությունը Հայաստանին թույլ կտա զարգացնել ենթակառուցվածքները, կառուցել նոր մարզադաշտեր և լավագույնս ներկայանալ աշխարհին։ Անկեղծորեն հպարտ եմ, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան նման հսկայածավալ աշխատանք է կատարել, որպեսզի 2029 թվականին Վրաստանի հետ միասին հյուրընկալենք Մ-20 Աշխարհի գավաթը։
Երբեմն թվում է՝ ֆուտբոլը հասարակ խաղ է, բոլորը կարող են խաղալ, բայց այդպես չէ։ Ամեն ինչ սկսվում է ինչ-որ կետից։ Հայաստանի համար սա հենց այդ մեկնարկն է։ 17-19 տարեկան ֆուտբոլիստների համար այս մրցաշարին մասնակցելը մեծ երազանք է։ Երազանք է նաև տեսնել Հայաստանի Մ-20 հավաքականին այս առաջնությունում։ Վստահ եմ՝ մինչև 2029 թվականը Հայաստանը մեծ ջանքեր կներդնի մրցաշարը լավագույնս անցկացնելու գործում»։
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա


















































