Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խստորեն դատապարտել է Կովկասի մուսուլմանների վարչության հայտարարությունը, որտեղ փորձ է արվում Արցախի անկախության շրջանում կառուցված եկեղեցիները «ապօրինի շինություն» որակել։ Արցախի Ազգային ժողովի պատգամավոր Վահրամ Բալայանը «Առավոտ»-ի հետ զրույցում նշում է, որ Արցախը կապ չունի Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ, հայերն իրենց պատմական հայրենիքում եկեղեցիներ ու այլ կառույցներ կառուցելու համար ադրբեջանցիների թույլտվությունը չպետք է ստանային։
«Արցախն ընդհանրապես եւ Արցախի Հանրապետությունը մասնավորապես (ինչո՞ւ եմ այսպես ասում, որովհետեւ մեր պատմական հայրենիքի մի մասն Արցախի Հանրապետության տարածքներից դուրս էր, ժամանակի ընթացքում բռնազավթվել էր Ադրբեջանի կողմից), որեւէ կապ չունի Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ։ Բոլորին էլ հայտնի է, որ Ադրբեջանը ստեղծվել է 1918-20 թվականներին՝ Թուրքիայի անմիջական նախաձեռնությամբ, որպեսզի Անդրկովկասում թուրքերի ազդեցությունը մեծացվի։
Նախքան Ադրբեջանի ձեւավորումը՝ 1917 թվականի դեկտեմբերին արդեն սկսել են առանձին հայկական իշխանություններ ձեւավորվել, որի իշխանությունը ճանաչում էին նաեւ Շուշիում ապրած թուրքերը։ Բայց հետագայում արդեն մուսաֆաթական Ադրբեջանը հավակնում էր նվաճել այդ տարածքները, եւ պայքարն ընթացել է մինչեւ խորհրդայնացման ժամանակահատվածում։ Ադրբեջանը ԽՍՀՄ-ում ինքնավար կարգավիճակում էր գտնվում, ինչպես Լեռնային Ղարաբաղի Ինքնավար մարզը, որն ուներ կառավարություն, Սահմանադրություն, իր պատգամավորները ԽՍՀՄ Գերագույն խորհրդում։ Եվ երբ ԽՍՀՄ-ը փլուզվեց, ԽՍՀՄ-ում գործող օրենքների եւ միջազգային իրավունքի նորմերի հիման վրա ձեւավորվեցին ինչպես Ադրբեջանի Հանրապետությունը, այնպես էլ Արցախի Հանրապետությունը»,- ասաց նա։
Բալայանը հարցադրում է անում․ «Այդ պարագայում ի՞նչ է նշանակում, որ Ադրբեջանի թույլտվությունը պետք է ստանայինք Արցախում եկեղեցի բան կառուցելու համար, իրենք ո՞վ են, որ պետք է թույլ տային, որ հայ մարդն իր տանը ինչ-որ բան կառուցեր։ Նրանց այդ հայտարարությունները սնանկ են, աշխարհում այս ամենը պետք է ավելի ակտիվ ներկայացնել, խոսել, որ սա է իրողությունը։ Եվ ես կարծում եմ, որ միջազգային հանրությունը տեղյակ է այս ամենի մասին, դրանից են բխում այն որոշումները, որոնք ընդունվում են, այդ թվում՝ ԵԽ ապրիլի 30-ին ընդունած բանաձեւը»։
Կարդացեք նաև
Անդրադառնալով Արցախի պատմամշակութային ժառանգության մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին՝ Վահրամ Բալայանն ասաց, որ հետագայում դրանք Հայաստանի Հանրապետության դեմ կարող են օգտագործվել։
«Եթե ՀՀ պաշտոնյաներն ասում են՝ դե մենք ի՞նչ կապ ունենք դրա հետ, թուրքերն ու ադրբեջանցիներն այս խոսքին հղում են անում։ Նայեք թուրքական ու ադրբեջանական մամուլը, ասում են՝ տեսեք, Հայաստանի իշխանություններն էլ են այդպես ասում։ Ամեն իշխանություն ժամանակավոր է, բայց չպետք է պոչեր թողնել, որոնք հետագայում կօգտագործվեն քո հակառակորդի կողմից։ Այդ ամենը թերթերում գրվում է, արխիվացվում է, 50 տարի հետո հանում ու ասում են՝ դուք էիք ասում, որ Արցախը մերը չէ։ Մեր մտավորականությունը, քաղաքական ուժերը պետք է այս մասին խոսեն, ներկայացնեն, որպեսզի մթնոլորտ ձեւավորվի, ընդունվեն որոշումներ, որոնք բխում են մեր ժողովրդի շահերից»,- ասաց նա։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ



















































