Լրահոս
Օրվա լրահոսը

«Ո՞վ է այն մարդը, որն այսօր պետք է գա՝ Հայաստանն առաջնորդելու: Այդ մարդը մեզ պես, ձեզ պես մարդ է, ով ժամանակին գնացել է արտագնա աշխատանքի, հաջողությունների է հասել, բայց հիշողությունը տեղն է եղել, հիշել է իր հայրենի համայնքը, իր հայրենիքը». Նարեկ Կարապետյան

Մայիս 04,2026 21:12 Share

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամների այցը Շիրակի մարզ

Շիրակի մարզ աշխատանքային այցի շրջանակներում «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամները այցելել են Գյումրի և Արթիկ քաղաքներ։

Այցը մեկնարկեց Արթիկ քաղաքից, որտեղ Անկախության 44/1 հասցեում բացվեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության տարածքային գրասենյակը։

Կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը՝ խոսելով Արթիկ համայնքի մասին, նշել է, որ շուրջ 50 հազար բնակչություն ունեցող համայնքը ժամանակին արդյունաբերական կենտրոն էր և Արթիկ ասելով՝ Հայաստանում բոլորը պատկերացնում էին Հայաստանի շինանյութերի, շինարարական հումքի կենտրոնը:

«Այսօր, եթե զբոսնենք յուրաքանչյուր համայնքում, մենք կտեսնենք, որ տղամարդկանց նշանակալի մասը Հայաստանից դուրս է եկել: Նույն վիճակը այստեղ է, նույն վիճակը Շիրակի հյուսիսում է, նույն վիճակը Գեղարքունիքում է, նույն վիճակը իմ հայրենի համայնքում է: Դուք թողնում եք համայնքը՝ գնում եք, որովհետև այստեղ աշխատանք չկա»:

Ըստ Կարապետյանի, պատճառը աշխատատեղերի բացակայությունն է։

«Ո՞վ է այն մարդը, որն այսօր պետք է գա՝ Հայաստանն առաջնորդելու: Այդ մարդը մեզ պես, ձեզ պես մարդ է, ով ժամանակին գնացել է արտագնա աշխատանքի, հաջողությունների է հասել, բայց հիշողությունը տեղն է եղել, հիշել է իր հայրենի համայնքը և հիշել է իր հայրենիքը ու հաջողության հասնելուց հետո ամեն անգամ աջակցել է իր հայրենիքին», – նշել է Նարեկ Կարապետյանը և անդրադարձել Սամվել Կարապետյանի փոփոխություններ բերող ծրագրերին։

Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում էլ կայացել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամների հանդիպումը Շիրակի մարզի համակիրների հետ։

Իր խոսքում կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը անդրադարձել է Շիրակի մարզում և Գյումրի քաղաքում առկա խնդիրներին՝ շեշտելով, որ Շիրակը ոչ միայն հանդիսանում է Հայաստանի ամենաաղքատ մարզերից մեկը, այլև 2018 թվականի իշխանափոխությունից հետո մարզում աղքատության ցուցանիշը աճել է, իսկ մարզում բնակվող ամեն երկրորդ երեխան ապրում է աղքատության մեջ։

«Վերջին տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետությունը վերցրել է 8 միլիարդ դոլարի վարկ։ Ամեն ընտանիքի վրա այս իշխանությունը 10-ը հազար դոլարի վարկային բեռ է դրել։ Եթե դրա մի տոկոսը ծախսվեր Գյումրիի համար, այսօր անտուն մարդ Գյումրիում չէր լինի», – նշել է Նարեկ Կարապետյանը։

Այնուհետև Նարեկ Կարապետյանը ներկայացրել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանի կողմից առաջարկվող ծրագրերը։

Մասնավորապես, խոսելով ծայրահեղ աղքատության հաղթահարման ծրագրի մասին՝ Նարեկ Կարապետյանը նշել է․ «Ստեղծվում է ծայրահեղ աղքատության հաղթահարման պետական հիմնադրամ, որի մասին երեք օր առաջ Սամվել Կարապետյանի ներկայությամբ մենք հայտարարել ենք։ Այդ հիմնադրամում գումար է դնում մի քիչ պետությունը, մնացած մասն էլ՝ աշխարհի ուժեղ հայերը։ Ծայրահեղ աղքատության մեջ ապրող ընտանիքները, որոնց նշանակալի մասը Գյումրիում է, 5-հոգանոց ընտանիքը սկսելու է ստանալ ամսական 150 հազար դրամ, որպեսզի աշխատանքի հետ զուգահեռ կարողանա ինչ-որ կերպ երեխաներին կրթության տալ, առողջապահական հարցերը լուծել։ Սա առաջին մեծ փոփոխությունն է, որը ուզում ենք անել։ 6 ամսվա ընթացքում Հայաստանում ծայրահեղ աղքատ մարդ չպետք է լինի»։

Անդրադառնալով Գյումրի քաղաքի զարգացման տեսլականին և ուղղություններին՝ Նարեկ Կարապետյանը նշել է, որ հաշվի առնելով քաղաքի պատմամշակութային ժառանգությունը՝ Գյումրին կարող է դառնալ տուրիզմի ամենապահանջված ուղղություններից մեկը, ինչպես նաև խոսել է գյումրեցիների՝ սպորտում ունեցած հաջողությունների մասին։

Հանդիպումից հետո կուսակցության անդամները քայլերթ են կատարել հայրաքաղաքի կենտրոնական փողոցներով և շփվել գյումրեցիների հետ։ Քայլերթի ընթացքում նրանք անցել են տնային կալանքում գտնվող Միքայել Սրբազանի կեցավայրի մոտով և «ազատություն, ազատություն» վանկարկումներով ողջունել պատշգամբից իրենց միացած Սրբազանին։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել