Լրահոս
Օրվա լրահոսը

«Պետք է մասնակցել և ձայնը տալ ընդդիմադիր պետականամետ, ազգային քաղաքական ուժի»․ Արմենուհի Կյուրեղյան

Մայիս 05,2026 14:33 Share

«Ենթադրենք, ՔՊ-ն ունի 300 հազար պոտենցիալ ընտրող, առաջիկա ընտրությանը մասնակցում է 1 մլն 200 հազար ընտրող և քվեարկածից վավեր է 1 մլն քվեաթերթիկ, իսկ 200 հազար ընտրողն անվավեր սարքեց իր քվեաթերթիկը, այդ դեպքում ՔՊ-ն կստանա 30 մանդատ։ Բայց եթե ընտրություններին մասնակցում է 600 հազար ընտրող՝ ՔՊ-ն իր կայուն ենթադրյալ 300 հազար քվեով ստանում է 50 մանդատ, հետևաբար, կարևոր է ոչ միայն մասնակցությունը, այլ դրա դեպքում որևէ քաղաքական ուժի ձայն տալը։ Եթե չենք մասնակցում, կամ ձեր քվեաթերթիկն անվավեր եք անում, ապա ՔՊ-ն իր նույն ձայների պարագայում 20 մանդատ ավել է ստանում։ Պետք է մասնակցել և ձայնը տալ ընդդիմադիր պետականամետ, ազգային քաղաքական ուժի»,- խորհրդարանում իր ելույթում այսօր այս վերլուծությունն արեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը՝ ԱԺ ամբիոնից փորձելով բացատրել, թե ինչո՞ւ է անհրաժեշտ հունիսի 7-ին ընտրատեղամաս գնալը եւ անպայմանորեն որեւէ ուժի օգտին քվեարկելը։

Ընդդիմադիր պատգամավորի բնութագրմամբ, Նիկոլ Փաշինյանը գիտակցված ոչ ադեկվատ վարք է ձևավորում, որպեսզի մարդկանց մոտ հիասթափություն և ապատիա առաջացնի, ընտրողներին ներշնչի, որ ընտրություններով բան չի փոխվի․ «Նրանք աշխատում են այդ վարքագծով մյուսների չգնալու կամ գնալու դեպքում՝ ոչ մեկին չընտրելու վարքագծի վրա։ Վերընտրվելն իրենց համար օդի ու ջրի պես է պետք, կյանքի ու մահու խնդիր է, իրենք ինչ-որ բանի դիմաց խոստացել են ինչ-որ բան թուրք-ադրբեջանական տանդեմին և իրենք շատ լավ գիտեն, թե իրենց ինչ է սպասվում այդ խոստումները չկատարելու պարագայում։ Այդ ի՞նչ էք խոստացել, որ նորից վերընտրվելու խնդրի առաջ եք կանգնել և առաջ եք քաշել՝ «պատերազմ կլինի, եթե չընտրվենք» թեզը։ ՔՊ-ն նոր չի առաջ քաշել «պատերազմ, թե խաղաղություն» թեզը, այն իրենց ծրագիրն էր ի սկզբանե, նախ պատերազմ, հետո արդեն պատերազմով վախեցնելով խաղաղություն խոստանալու դիմաց ադրբեջանական պահանջների հերթով, կարգով կատարում»։

«Այդ ի՞նչ խաղաղություն է, երբ իր կրծքին կպցրած քարտեզի ամբողջական տարածքն անգամ մեր հսկողության տակ չէ, օկուպացված են մեր երկրի տարածքները»,- հավելեց Արմենուհի Կյուրեղյանը՝ նկատելով, որ ՔՊ-ն այսօր էլ կիրառում է «Ասեք՝ կանենք» կարգախոսը․ ասողն Ալիեւն է, անողը՝ իրենք։

Ընդդիմադիր պատգամավորին հակադարձեց ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանը՝ հայտարարելով, որ հասարակությունն ականատես է լինում «քաղաքական տրագիկոմեդիայի» ավարտին, երբ հինգ տարի առաջ «Կրելու ենք» կարգախոսով հանդես եկող ուժը այսօր ԱԺ ամբիոնից խոսում է այն մասին՝ «ո՞նց անենք, որ անվավեր քվեաթերթիկները մի քիչ քիչ լինեն, Քոչարյանը հնարավորություն ունենա անցողիկ շեմը հաղթահարելու․ չի ունենալու, չի անցնելու, շեմի տակ եք մնալու»։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031