«Վերջին 3 տարվա ընթացքում Հայաստանում վարկային պորտֆելը աճում է տարեկան 20 տոկոսով։ Հսկայական պահանջարկի ֆենոմեն ունենք, այդ պահանջարկի դեպքում մի քիչ դժվար է պատկերացնել գնի անկում»,- խորհրդարանում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի հարցին այսպես պատասխանեց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։
Արծվիկ Մինասյանը հարցրել էր՝ ինչո՞վ է բացատրվում այսօրվա շուկայում առկա վարկային տոկոսադրույքների «աննորմալ» բարձր մակարդակը։
«Մենք կապիտալի բուֆերներ ենք մտցրել, բանկերի համար թանկացրել ենք փողի գինը։ Մենք ստեղծել ենք մի իրավիճակ, որ սպառողական ու հիփոթեքային վարկերը այսօր Հայաստանում տրվում են հայկական դրամով»,- ասաց ԿԲ նախագահը՝ հավելելով, որ վարկային պատկերում ոչ բարվոք ազդեցություն էր ունենում նաեւ եկամտահարկի վերադարձի օրենքը․ այն այժմ չի գործում եւ ԿԲ նախագահը գտնում է, որ առավել կայուն պատկեր կստեղծվի արդյունքում։
«Հայաստան» խմբակցության մեկ այլ պատգամավոր՝ Արթուր Խաչատրյանը Մարտին Գալստյանին հռետորական հարց ուղղեց՝ արդյոք Հայաստանում օնլայն բանկինգը բարելավվել է․ «Երբ Հայաստանում սղաճը 3.5 % է՝ բանկային ծառայությունում սղաճը 7 % է։ Ինչո՞ւ, այդ ի՞նչ հավելյալ ծառայություն են մատուցում, որ երկու անգամ բարձրացրել են իրենց ծառայությունների գները»։
Կարդացեք նաև
Ընդդիմադիր պատգամավորը նաեւ հայտարարեց՝ բանկերից մեկը, որից ինքն օգտվում է, ծառայությունների մատուցումը բարդացրել է, որից օգուտ չկա եւ եզրահանգեց՝ բանկերն իրենց առաքելություններից հեռացել են․ «Նրանց առաքելություններից մեկը տնտեսության ֆինանսավորումն է, բայց բանկային պորտֆելի մեծագույն մասը գնում է սպառման ֆինանսավորման վրա՝ սպառողական և հիփոթեքային վարկերին։ 250-հազարանոց վարկերն են գերիշխում՝ սառնարանի գնի չափ։ Ակնհայտ է, որ երբ մարդկանց եկամուտը չի հերիքում՝ իրենք գնում, վարկ են վերցնում այդ պահին սպառման համար, կամ կա ավելի վատ տարբերակ՝ կապված խաղամոլության հետ։ Ես հարցը բարձրացրի՝ նկատելով, որ բանկերը ֆինանսավորում են սպառումը, իրական տնտեսություն փող չի գնում։ Ասում են՝ խի՞ ձեռնարկություն կա, որ վարկավորենք, կամ ներդրում կատարենք»։
Նա ուշադրություն է հրավիրում այն իրողությանը, որ հսկայական կապիտալով կենսաթոշակային ֆոնդերն ընդամենը մեկական ձեռնարկությունների մեջ են ներդրում կատարել, իսկ մեկի պարագայում էլ կասկածում է, որ փողը դուրս է եկել Հայաստանից․ «Բանկերն ունեն սարսափելի մեծ լիկվիդայնություն, բաց օրը ցերեկով ճրագի լույսով փորձում են վարկունակ ձեռնարկություն գտնել»։
Վարկային տոկոսադրույքների թեմային անդրադարձավ նաեւ ՔՊ-ական պատգամավոր Բաբկեն Թունյանը՝ համաձայնելով ընդդիմադիր գործընկերների դիտարկումների հետ․ «Հայաստանում շատ դժվար է, եթե ոչ անհնար, բիզնես վարկով հաջող բիզնես կառուցել։ Վարկավորման չափն այնքան բարձր է, որ բիզնեսի մարժան (շահութաբերությունը) պիտի լինի առնվազն 30-40 տոկոս, որպեսզի այն հաջողի»։ Միաժամանակ նա կիսում է նաեւ ԿԲ նախագահի տեսակետը, որ հիփոթեքային վարկավորումը նույնպես տնտեսության ու բիզնեսի ուղղակի աջակցություն է։
ԿԲ նախագահն, ի դեպ, համաձայն է, որ ԿԲ-ի, առհասարակ, բանկային ոլորտի ազդեցությունը տնտեսության վրա էական պետք է լինի, ավելին` ԿԲ-ին պատասխանատու է համարում տնտեսական աճի համար։ Նաեւ նկատում է՝ գնաճը առավելապես ձեռնտու չէ տնտեսվարողներին, քանի որ ստիպված են լինելու աշխատավարձի փոխհատուցմամբ մեղմել գնաճի արդյունքները։ Այս մտորումներն էլ ԿԲ նախագահին ուղղված՝ գնաճը զսպելու մեխանիզմների հարցի ժամանակ էին։
Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում առաջարկել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից առաջադրված Մարտին Գալստյանի թեկնածությունը: Մարտին Գալստյանը ԿԲ նախագահ է 2020 թվականից։
2020 թվականին ապրիլի իր ելույթում նույն ամբիոնից Մարտին Գալստյանն ասել էր՝ շրջապատող աշխարհը դառնում է առավել անորոշ և մարտահրավերներով լի։ Այսօր հավելում է․ «Ինչպես պնդում էի՝ այն ժամանակ ստեղծված իրավիճակը ոչ թե մասնավոր դեպք էր, այլ համաշխարհային տնտեսության մեջ հիմնովին նոր, առավել բարդ, ցնցումներով լի պարբերաշրջանի սկիզբ։ Ցավոք, վերջին տարիների զարգացումները հաստատեցին իմ դիտարկումները։ Միաժամանակ կառուցվածքային փոփոխությունները՝ արհեստական բանականության և նոր տեխնոլոգիաների ի հայտ գալուց մինչև բնակչության ծերացում, կլիմայի փոփոխություն, էապես մեծացրել են համաշխարհային տնտեսական աճի հեռանկարի շուրջ անորոշությունները։ Այս գործոնների համակցված ներգործությունը լուրջ փորձություն է տնտեսական քաղաքականության պատասխանատուների համար մի աշխարհակարգում, որը դարձել է ավելի մասնատված, փխրուն անորոշ»։
Պնդում է․ «Թեև մեզ հաջողվել է հաղթահարել բազմաթիվ մարտահրավերներ, ապահովել գների կայունությունը, մենք գիտակցում ենք, որ անորոշ և արագ փոփոխվող աշխարհում ցածր և կայուն գնաճային միջավայրի ապահովումը պահանջում է նոր մոտեցում»։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































