Լրահոս
Օրվա լրահոսը

«200 գերիներից մնացել է 19 հոգի, կարամ ամեն օր ձեզ թուղթ գրեմ, ուղարկեմ, ուրախ-ուրախ ցույց տաք, ծափ տաք, գնաք առաջ». Ալեն Սիմոնյան

Մայիս 06,2026 13:58 Share

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին խորհրդարանում հարց ուղղվեց այն մասին, թե ինչո՞ւ Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ագրեսիվ ելույթին Նիկոլ Փաշինյանը պատասխան չտվեց, եւ միայն Եվրոպական խորհրդարանի նախագահը պատասխանեց Ալիեւին։

Ալիեւը Արցախի հայերին «սեպարատիստներ» անվանեց, իսկ Փաշինյանը չարձագանքեց։

«Ես ուզում եմ ասել, որ դուք մտնում եք մի քննարկման մեջ, որտեղ ՀՀ-ն իր շահերն այնքան է պահել, որ Ադրբեջանի նախագահը նախ ելույթ է ունենում, երկրորդը այդ ելույթի ընթացքում խոսում է ՀՀ եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության մասին, այն պարագայում, երբ դուք ասում էիք՝ խաղաղություն չի լինի։

Ձեր գնահատականները խոսակցության վերաբերյալ շատ մակերեսային են։ Այդ ասելիքն այնքան ենք ասել, որ եկել հասել ենք նրան, որ ունենք խաղաղության պայմանագիր։ Մեր հարաբերությունները հասել են նրան, որ մենք առեւտուր ենք անում իրար հետ։

Ես հասկանում եմ, որ մի ժամանակ այսպիսի տրամաբանություն կար, որ կարելի էր մեծ-մեծ խոսել, որովհետեւ ակնհայտ էր, որ ռուսական կողմը թույլ չի տա որեւիցե գործողություն։ Ես ուզում եմ հասկանալ՝ դուք ի՞նչ եք ակնկալում, որ Ալենը… Մենք արձագանք տվել ենք։

Երբ որ դուք խոսում եք այնտեղ պահվող անձանց մասին, ավելացրեք, որ Նիկոլ Փաշինյանն այն մարդն է, որն ամեն տարի, ամեն ամիս կամ ամիսը մեկ ինչ-որ գործողության հետեւում է, մարդ է վերադարձնում ՀՀ։ Մենք չենք փորձում գլուխ գովել, ինչ-որ մեկին բերան ծռել, քաղաքականության մեջ տղամարդ խաղալ, մենք գործ ենք անում։ Եվ այդ գործի հետեւանքն այն է, որ արդեն 19 հոգի է մնացել հաստատված Ադրբեջանի բանտերում։

Իսկ այդ մարդիկ, որոնք մեծ-մեծ խոսում են, ի՞նչ են արել ՀՀ համար, կամ էլ հենց այդ նույն մարդկանց համար։ Ովքեր մեզ քննադատում են, այդ մարդկանց պատճառով է, որ մենք ունեցել ենք 44-օրյա պատերազմ, որ այդ մարդիկ հիմա բանտում են։ 200 գերիներից մնացել է 19 հոգի, կարամ ամեն օր ձեզ թուղթ գրեմ, ուղարկեմ, ուրախ-ուրախ ցույց տաք, ծափ տաք, գնաք առաջ, եւ ընդհանրապես բան չփոխվի։ Թողեք գործ անենք, թողեք էդ մարդկանց հետ բերենք, ոնց որ բերում ենք։

Հերիք է քաղաքական շահարկումներ անեք գերիների, անհետ կորածների ծնողների հետ կապված, մահացածների թիվն ավելացնեք, ամեն մահի ու դժբախտության վրա աչոկ հավաքեք։ Հերիք է աչոկ հավաքեք մարդկանց ցավի վրա, թողեք հայ ժողովուրդն ապրի, թողեք այս մարդիկ ուրախանան, ժպտան, գնան աշխարհ պտտվեն, իրենց համար լավ բաներ առնեն։ Այդ նավսը՝ Քոչարյանով, Սերժով, դրսից եկած օլիգարխներով վերցրեք, տարեք ձեզ պահեք, հերիք եղավ, բոլ եղավ։ Այդ երեքը նավս են այս երկրի համար, հայ ժողովրդի անեծքն են՝ Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Սամվել Կարապետյանը, մնացած բոլորը, ովքեր ձեւ են անում, որ ուզում են իշխանության գալ, հայ ժողովրդի անեծքն են»։

Մանրամասները՝ տեսանյութում

Եթե խաղաղություն է հաստատված Ադրբեջանի հետ, ինչպես իրենք են պնդում, ինչո՞ւ Ալիեւը չեկավ Հայաստան, հարցին Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Ես չգիտեմ՝ ինքը ինչու չեկավ։ Ես էլ եմ պատրաստվում հարմար առիթի, որ եթե հրավեր լինի, այցելեմ Ադրբեջան։ Եվ ակնկալում եմ, հրավիրում եմ, որ իմ գործընկերը նույնպես այցելի Երեւան։ Իսկ խաղաղության չափորոշիչն ինձ համար դա մեր երեխաների չզոհվելն է»։

Դիտակմանը, որ Ալիեւի հռետորաբանությունը չի փոխվել, նա պատասխանեց. «Կոշտ հռետորաբանությունը բանակցելու համար է, մենք էլ ենք կոշտ հռետորաբանությամբ խոսում, եւ դա նույնպես բանակցելու համար է, դա քաղաքականություն է։ Բակում ռազբորկայի տրամաբանությամբ եւ քրեական ենթամշակույթով մի առաջնորդվեք, խնդրում եմ։ Ես կարող եմ այստեղ մեծ-մեծ բաներ խոսել եւ թքած ունենալ, որ սահմանի վրա հեսա պատերազմ կսկսվի, ինչն անում են այսօրվա ընդդիմադիր գործիչները»։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031