Լրահոս
Օրվա լրահոսը

Դիրքորոշում չհայտնելու «արդարացումները»

Մայիս 08,2026 10:00 Share

«Վախկոտությունը հարցնում է՝ արդյոք դա անվտա՞նգ է։ Նպատակահարմարությունը հարցնում է՝ արդյոք դա ողջամի՞տ է: Սնափառությունը հարցնում է՝ արդյոք դա ժողովրդահաճո՞ է: Բայց խիղճը հարցնում է՝ արդյոք դա ճի՞շտ է: Եվ գալիս է ժամանակը, երբ պետք է դիրքորոշում հայտնել, որը ո՛չ անվտանգ է, ո՛չ ողջամիտ է, ո՛չ էլ ժողովրդահաճո, բայց այն պետք է հայտնել, որովհետեւ այն ճիշտ է»: Այս խոսքերի հեղինակը Մարտին Լյութեր Քինգն է՝ մեծ ամերիկացի, հոգեւորական, որը կարողացավ շատ բան փոխել իր երկրում:

Նրա ասածները չեն կարող վերաբերել պետական այրերին, որոնք պարտավոր են լինել առնվազն ողջամիտ: Բայց, եթե խոսքը, լայն իմաստով, հասարակական գործիչների մասին է՝ նրանց, ում խոսքը լսելի է իրենց մասնավոր, ընտանեկան-ընկերական շրջանակներից դուրս, այդ մարդիկ պարտավոր են դիրքորոշում հայտնել: Հիմա Հայաստանում դիրքորոշում հայտնելու ժամանակն է:

Հիշյալ կատեգորիայի մարդկանց թվում, անշուշտ, կան «ազնիվ մոլորյալներ», որոնց մի կողմ եմ դնում, որովհետեւ նրանք նշանակալից թիվ չեն կազմում: Իմ ուշադրության կենտրոնում նրանք են, ովքեր շատ լավ տեսնում են, շատ լավ գիտեն, թե ուր է Փաշինյանը տանում մեր երկիրը, ինչ է մեզ սպասվում մոտակա տարիներին, եթե մնա այս իշխանությունը, բայց կա՛մ խոսում են իրենց իրական համոզմունքներին ճիշտ հակառակ բաներ, կա՛մ ձայն չեն հանում՝ «քաղաքականությամբ չենք զբաղվում» պատճառաբանությամբ, ինչը նույնքան վատ է, որքան համոզմունքներին հակառակ բաներ ասելը: Նման դիրքորոշման (ավելի ճիշտ, «չդիրքորոշման») հիմնական պատճառները երկուսն են՝ ա/ վախը, այդ թվում՝ փոքրամասնության մեջ լինելու վախը, բ/ իշխանությունից ստանալիքները, այդ թվում՝ Փաշինյանին սատարող արեւմտյան գրանտատուների միջոցով:

Դիրքորոշում փաստացի չհայտնելու համար կա մի քանի արդարացում.

1/ «Չեմ ուզում ռսի սապոգ լինի»: Դա մտացածին վտանգ է, որը հորինել է ներկայիս իշխանությունը: Ռուսաստանի դիրքերը Հարավային Կովկասում զգալիորեն թուլացել են եւ շարունակելու են թուլանալ, եւ դա լինում է ոչ թե Փաշինյանի հերոսական ջանքերի, այլ Պուտինի խելահեղ քաղաքականության պատճառով:

2/ «Չեմ ուզում Քոչարյանը լինի»: Դա էլ է դատարկ խոսակցությունների շարքից: Երկրորդ նախագահը, եթե նույնիսկ նրա քաղաքական ուժը մտնի խորհրդարան, ոչ մի շանս չունի իշխանության վերադառնալու:

3/ «Բոլորը նույնն են, ոչ մի արժանի մարդ չեմ տեսնում»: Բայց այսօր խնդիրը ոչ թե «արժանի մարդ» տեսնելն է, այլ Հայաստանի ազատ անկման ընթացքը կանգնեցնելը:

Կրկնեմ, ամբողջ ցավն այն է, որ այդ, ինչպես նաեւ այլ «ատմազկա»-ներ վկայակոչողները շատ լավ գիտեն իրականությունը:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031