Լրահոս
Օրվա լրահոսը

Ընտրությունների շրջանակում «Արդար քվե» դիտորդական առաքելությունը նախատեսում է ներգրավել հարյուրավոր պատրաստված դիտորդների՝ ՀՀ տարբեր մարզերից

Մայիս 08,2026 17:50 Share

ԵԱԴ «Արդար ՔՎԵ» դիտորդական առաքելությունը՝ ժողովրդավարության պահապան

Հայաստանում առաջիկա ընտրությունները կարևոր փորձություն են ոչ միայն քաղաքական համակարգի, այլև հանրային վստահության տեսանկյունից։ Ընտրական գործընթացների թափանցիկությունն ու արդարությունը շարունակում են մնալ ժողովրդավարության հիմնասյուներից, և հենց այս համատեքստում առանձնահատուկ դեր է ստանձնում «Արդար քվե» դիտորդական առաքելությունը, որն իրականացնում է Երիտասարդական ակումբների դաշնություն (ԵԱԴ) ՀԿ-ն։

Երիտասարդական ակումբների դաշնությունը (FYCA) տարիներ շարունակ հանդես է գալիս որպես ակտիվ քաղաքացիական հասարակության դերակատար՝ խթանելով երիտասարդների մասնակցությունը հանրային և քաղաքացիական գործընթացներին։ Դիտորդական առաքելությունների իրականացումը 2003թ սկսած կազմակերպության գործունեության առանցքային ուղղություններից է, որի նպատակն է ապահովել ընտրական գործընթացների անկախ և անկողմնակալ վերահսկողություն։

«Արդար քվե» նախաձեռնությունը ոչ միայն վերահսկողական մեխանիզմ է, այլև կրթական հարթակ, որտեղ երիտասարդները ձեռք են բերում գործնական հմտություններ՝ կապված ընտրական իրավունքի, դիտորդական էթիկայի և մեդիագրագիտության հետ, ինչն էլ նպաստում է պատասխանատու և գիտակից քաղաքացի ձևավորելուն,- նշում է Արդար քվե դիտորդական առաքելության ղեկավար Սոնյա Համբարձումյանը։

Առաջիկա ընտրությունների շրջանակում «Արդար քվե» դիտորդական առաքելությունը նախատեսում է ներգրավել հարյուրավոր պատրաստված դիտորդների՝ Հայաստանի տարբեր մարզերից։ Դիտորդները նախապես անցնում են մասնագիտական վերապատրաստում, ծանոթանում ընտրական օրենսգրքին, ԱԺ ընտրությունների դիտարկման մեթոդաբանությանը և հնարավոր խախտումների արձանագրման ընթացակարգերին։

Առաքելության հիմնական նպատակներն են՝

  • ընտրական գործընթացի թափանցիկության ապահովում,
  • ընտրողների իրավունքների պաշտպանություն,
  • ընտրախախտումների կանխարգելում և արձանագրում,
  • հանրության իրազեկվածության մակարդակի բարձրացում։

Դիտորդների աշխատանքի արդյունքները ներկայացվելու են ամփոփ զեկույցների տեսքով, որոնք հաճախ դառնում են կարևոր վերլուծական նյութ ինչպես տեղական, այնպես էլ միջազգային կազմակերպությունների համար։

«Հատկանշական է, որ «Արդար քվե» նախաձեռնությունը առավելապես հիմնված է երիտասարդների ակտիվ մասնակցության վրա։ Սա ոչ միայն ուժեղացնում է դիտորդական ցանցը, այլև նոր սերնդի մոտ ձևավորում է քաղաքացիական պատասխանատվություն։ Երիտասարդները, ներգրավվելով նման գործընթացներում, դառնում են փոփոխությունների կրողներ՝ նպաստելով արդար և հաշվետու կառավարման մշակույթի ձևավորմանը»,- նշում է առաքելության հանրային կապերի ղեկավար Աստղիկ Ավետիսյանը։

Ընտրական գործընթացների նկատմամբ վստահության ձևավորումը երկարաժամկետ և հետևողական աշխատանքի արդյունք է։ Երիտասարդական ակումբների դաշնության կողմից իրականացվող «Արդար քվե» դիտորդական առաքելությունը հենց այդ գործընթացի կարևոր բաղադրիչներից է։ Անկախ դիտորդների ներկայությունը ոչ միայն զսպող ազդեցություն ունի, այլև բարձրացնում է հանրային վստահությունը ընտրությունների արդյունքների նկատմամբ։

Ժողովրդավարությունը չի սահմանափակվում միայն ընտրություններով, սակայն արդար և թափանցիկ ընտրությունները դրա հիմքն են։ Երիտասարդական ակումբների դաշնությունը հետևողական աշխատանքով կնպաստի Հայաստանում ավելի ակտիվ, պատասխանատու և ներգրավված քաղաքացիական հասարակություն ձևավորմանը։

Այս գործընթացում յուրաքանչյուր դիտորդ, յուրաքանչյուր քաղաքացի իր ներդրումն ունի՝ կառուցելու վստահելի և արդար ընտրական միջավայր։

📞 Ընտրությունների ընթացքում գործելու է նաև թեժ գիծ, որի միջոցով քաղաքացիները կարող են ահազանգել ընտրախախտումների, ճնշումների կամ կասկածելի դեպքերի մասին՝
010 588768 հեռախոսահամարով։

«Արդար քվե» դիտորդական առաքելություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031