Լրահոս
Օրվա լրահոսը

Համախմբել համահայկական և միջազգային մասնագիտական ներուժը՝ Արցախի վտանգված մշակութային ժառանգության փաստագրման և պահպանման համար. հայտարարություն

Մայիս 09,2026 17:31 Share

Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմենի գրասենյակի և «Կաճառ» գիտական կենտրոնի համատեղ հայտարարությունը Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի տարեդարձի առթիվ

Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակը մարդկության պատմության ամենանշանակալի իրադարձություններից մեկն է։ Այդ հաղթանակը ձեռք բերվեց միլիոնավոր զոհերի, աննկարագրելի զոհողությունների և ժողովուրդների համատեղ պայքարի շնորհիվ։ Հայ ժողովուրդը, լինելով ֆաշիզմի դեմ պայքարի առաջնագծում, իր բացառիկ ներդրումն ունեցավ այդ հաղթանակի կերտման գործում։

Հատկապես մեծ և անգնահատելի էր Արցախի հայության մասնակցությունն ու ավանդը։ Թեև մեծաթիվ չէր բնակչությանը, Արցախը Հայրենական մեծ պատերազմի տարիներին ռազմաճակատ ուղարկեց իր տասնյակ հազարավոր զավակներին, որոնցից հազարավորները չվերադարձան հայրենի օջախներ։ Արցախի հայությունը պատերազմի տարիներին ցուցաբերեց հերոսության, անձնազոհության և հայրենասիրության բացառիկ օրինակներ՝ դառնալով հաղթանակը կերտած ԽՍՀՄ կարևոր սուբյեկտներից մեկը։

Արցախը տվել է Խորհրդային Միության բազմաթիվ հերոսներ, նշանավոր զորահրամանատարներ, օդաչուներ, ծովակալներ և պետական գործիչներ։Արցախցի հերոսների թիվը հասնում է 27-ի, իսկ շուրջ 30 000 մարդ պարգևատրվել է մարտական պարգևներով։ Հայ ժողովրդի ռազմական փառքի խորհրդանիշներից են ԽՍՀՄ մարշալ Հովհաննես Բաղրամյանը, ավիացիայի մարշալ Արմենակ Խանփերյանցը (Սերգեյ Խուդյակով), զրահատանկային զորքերի մարշալ Համազասպ Բաբաջանյանը, ծովակալ Իվան Իսակովը, կրկնակի հերոս Նելսոն Ստեփանյանը և բազմաթիվ այլ արցախցիներ, որոնց անունները ոսկե տառերով են գրված համաշխարհային հակաֆաշիստական պայքարի պատմության մեջ։

Արցախի գրեթե յուրաքանչյուր գյուղում և քաղաքում կառուցվել էին Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշարձաններ, հուշահամալիրներ և կոթողներ։ Դրանք ոչ միայն հիշատակի վայրեր էին, այլև ազգային արժանապատվության, հաղթանակի և պատմական հիշողության խորհրդանիշներ։ Այդ հուշարձանները մարմնավորում էին սերունդների պայքարը հանուն ազատության, մարդկային արժանապատվության և խաղաղության։
Սակայն այսօր, ժամանակավորապես բռնազավթված Արցախում, Ադրբեջանը համակարգված կերպով ոչնչացնում, պղծում և վերացնում է այդ հաղթանակի խորհրդանիշները՝ իրականացնելով պետական մակարդակով մշակութային ցեղասպանության քաղաքականություն։ Թիրախավորվում են ոչ միայն հայկական եկեղեցիներն ու պատմամշակութային կոթողները, այլև Հայրենական մեծ պատերազմի հերոսների հիշատակը հավերժացնող հուշարձաններն ու համալիրները։
Այս հանցավոր քաղաքականության նպատակն ակնհայտ է՝ վերացնել հայկական պատմական ներկայության, ազգային հիշողության և հերոսական անցյալի բոլոր վկայությունները։

Մասնավորապես՝

• Շուշիի շրջանի Բերդաձորի ենթաշրջանի ազատագրումից (1992 թ. մայիսի 17) հետո բացահայտվեց, որ ադրբեջանցիները նույնիսկ մեկամյա տիրապետության ընթացքում ավերել էին Հին Շեն գյուղի՝ Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշարձանը։

• 2020 թվականի պատերազմի ընթացքում բռնազավթված Շուշիում ադրբեջանցիները քանդել են Հայոց ցեղասպանության, Հայրենական մեծ պատերազմի և Արցախյան պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը։ Այդ տարածքում ներկայումս կառուցվում են ադրբեջանական թանգարան, մզկիթ և հրապարակ՝ հայկական հիշողության ամբողջական վերացման նպատակով։

• Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղում ավերվել են ավիացիայի մարշալ Արմենակ Խանփերյանցի կիսանդրին և «ՄիԳ-17» կործանիչ հուշարձանը։

• Հադրութի շրջանի Ազոխ գյուղում ադրբեջանցիները ոչնչացրել են Հայրենական մեծ պատերազմի, Հայոց ցեղասպանության և Արցախյան պատերազմի զոհերի հիշատակին նվիրված երեք առանձին հուշարձաններ։

• 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Ազոխ գյուղում պղծվել է նաև Հայրենական պատերազմի և Արցախյան ազատամարտի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը։

• 2023 թվականի մայիսի 30-ին հրապարակված լուսանկարներից պարզ դարձավ, որ բռնազավթված Բերձորի կենտրոնում հողին է հավասարեցվել Հայրենական պատերազմում զոհված բերձորցիների հիշատակը հավերժացնող հուշահամալիրը։

• Ադրբեջանը Ստեփանակերտում ոչնչացրել է Խորհրդային Միության ծովակալ Իվան Իսակովի կիսանդրին։

• Ստեփանակերտի հուշահամալիրը, որտեղ ամփոփված է Արցախի հերոսական պատմության հիշողությունը, այսօր գտնվում է ոչնչացման անմիջական վտանգի տակ, իսկ տարածքը փակված է ցուցապաստառներով։

• Արցախի Հաթերք գյուղում ավերվել է Հայրենական պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը։

• Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 80-ամյակի նախաշեմին Մարտակերտի շրջանի Վանք գյուղում ոչնչացվել է Հայրենական մեծ պատերազմի և Արցախյան ազատամարտի հուշահամալիրը։

• Մարտունու շրջանի Եմիշճան գյուղում ավերվել է Հայրենական մեծ պատերազմին նվիրված հուշարձանը։

• Ասկերանի շրջանի Տանկ-հուշարձանն ու Հայրենական պատերազմի զոհերի հիշատակին նվիրված համալիրը ոչնչացվել են։

• Շուշիի շրջանի Քարինտակ գյուղում ոչնչացվել է Հայրենական պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրը։

• Ավետարանոց գյուղում ադրբեջանցիները վնասել և մասնակիորեն ավերել են Հայրենական մեծ պատերազմին նվիրված հուշարձանը։

• Շուշիում ադրբեջանցի վանդալները քանդել են Սոցիալիստական աշխատանքի հերոս, Խորհրդային Միության նշանավոր պետական գործիչ, շուշեցի Իվան Թևոսյանի հուշարձանը։

• Ադրբեջանցի օկուպանտները Ստեփանակերտում ոչնչացրել են Մարշալ Հովհաննես Բաղրամյանի արձանը, որը տեղադրված էր մարշալի անունը կրող պողոտայում։

• Ասկերանի շրջանի Խնածախ գյուղում ադրբեջանցի վանդալների զոհն է դարձել Հայրենական և Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը։

• Արցախի Մարտունի քաղաքում ադրբեջանցի զավթիչները ոչնչացրել են Հայրենական մեծ պատերազմին և Արցախյան ազատամարտին նվիրված հուշարձանները։

• Մարտունու շրջանի Խնուշինակ գյուղում վտանգված կամ վնասված է Հայրենական մեծ պատերազմի և Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրը։

• Բռնազավթված Ստեփանակերտում և Խնապատում վտանգված է նաև կրկնակի հերոս Նելսոն Ստեփանյանի կիսանդրին։

Այս ցանկը ամբողջական չէ, քանի որ մենք գործ ունենք շարունակական բնույթ կրող մշակութային ցեղասպանության հետ։ Ադրբեջանը հետևողականորեն ոչնչացնում է հայկական պատմական հիշողությունը, որպեսզի վերացնի Արցախի հայկական ինքնության բոլոր վկայությունները։

Այս գործողությունները կոպտորեն խախտում են միջազգային իրավունքը, մասնավորապես՝ 1954 թվականի Հաագայի կոնվենցիան, ՅՈՒՆԵՍԿՕ-ի հիմնարար սկզբունքները և մշակութային ժառանգության պաշտպանության վերաբերյալ բազմաթիվ միջազգային փաստաթղթեր։

Առավել մտահոգիչ է միջազգային հանրության և համապատասխան միջազգային կառույցների անգործությունը, ինչը փաստացի խրախուսում է Ադրբեջանի կողմից իրականացվող մշակութային վանդալիզմն ու ցեղասպան քաղաքականությունը։

Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմենի գրասենյակը և «Կաճառ» գիտական կենտրոնը կոչ են անում՝

• Միջազգային կազմակերպություններին անհապաղ արձագանքել Արցախում իրականացվող մշակութային ցեղասպանությանը,

• ՅՈՒՆԵՍԿՕ-ին և միջազգային մասնագիտական կառույցներին կազմակերպել անկախ փաստահավաք և մշտադիտարկման առաքելություններ,

• Պահանջել Ադրբեջանից դադարեցնել հայկական մշակութային և պատմական ժառանգության ոչնչացման քաղաքականությունը,

• Իրավական և քաղաքական պատասխանատվության ենթարկել մշակութային ցեղասպանություն իրականացնողներին,

• Համախմբել համահայկական և միջազգային մասնագիտական ներուժը՝ Արցախի վտանգված մշակութային ժառանգության փաստագրման և պահպանման համար։

Մենք համոզված ենք, որ պատմական արդարությունը վերականգնվելու է, իսկ Արցախի հայկական մշակութային ժառանգությունը, որքան էլ այսօր ենթարկվի ոչնչացման, շարունակելու է ապրել ազգային հիշողության, պատմության և սերունդների գիտակցության մեջ։

ԱՐՑԱԽԻ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՕՄԲՈՒԴՍՄԵՆԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ և «ԿԱՃԱՌ» ԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ

9 մայիսի 2026 թ., ք. Երևան

«Կաճառ» գիտական կենտրոն
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031