Ֆլորիդայից հրեական ծագում ունեցող ամերիկացի հանրապետական կոնգրեսական Ռենդի Ֆայնն ապրիլի 30-ին ամբողջ երկրում հեռարձակվող «Ջենի Բեթ Շոու» (The Jenny Beth Show) փոդքասթի ընթացքում խիստ վիրավորական հայտարարություն է արել. «Մենք չենք ուզում, որ հայերը կարողանան ծառայել Կոնգրեսում»:
Կոնգրեսական Ֆայնն այս վիճահարույց հայտարարությունն արել է՝ քննադատելով սոցիալական ցանցերի ազդեցիկ անձանցից մեկին՝ Դեն Բիլզերյանին, որը 29.6 միլիոն հետևորդ ունի «Ինստագրամ»-ում, Միացյալ Նահանգների վետերան է և Ֆլորիդայում Ֆայնի մրցակիցն է Հանրապետական նախնական ընտրություններում: Նախագահ Թրամփն աջակցել է Ֆայնին՝ նրան անվանելով՝ «MAGA-ի («Ամերիկան կրկին դարձնենք հզոր») մարտիկ»:
Ֆայնն ասել է, որ Բիլզերյանը «ապրում է Լաս Վեգասում, երբ իր օտար երկրում՝ Հայաստանում չէ։ Բայց գիտեք՝ նա պարզապես սարսափելի հակասեմիտ է։ Կարծում եմ՝ նա փորձում է ցույց տալ, որ ատելությամբ լցված խելագարների և անհաջողակների այս խումբը կարող է հաստատվել Հանրապետական կուսակցությունում… Փոքրիկ հայն ասել է, թե նախագահ Թրամփը մանկապիղծ բռնարար է, որին պետք է իմպիչմենթի ենթարկել։ Դա հաղթող փաստարկ չէ։ Դա կարող է աշխատել Հայաստանում, որտեղից որ նա է, բայց դա փաստարկ չէ։ Դա չի աշխատի Միացյալ Նահանգներում։ Ուրեմն, դա վատ է։ Մենք պետք է լուրջ վերաբերվենք դրան, քանի որ չենք ուզում, որ սա արմատավորվի մեր կուսակցությունում։ Մենք չենք ուզում, որ հայերը կարողանան ծառայել Կոնգրեսում։ Բայց ես դրա համար շատ չեմ անհանգստանա»։ Բիլզերյանը Հայաստանից չէ։ Նա ծնվել է Ֆլորիդա նահանգի Տամպա քաղաքում և 2018 թվականին ստացել է Հայաստանի քաղաքացիություն՝ դառնալով երկքաղաքացի։
Եթե կոնգրեսական Ֆայնը պարզապես քննադատեր Բիլզերյանին, քանի որ նրան դուր չէին եկել նրա վիճահարույց հայացքները, ապա հասկանալի կլիներ: Սակայն, թիրախավորել բոլոր հայերին՝ մեկ ամերիկացու հետ ունեցած անհամաձայնության պատճառով, լիովին անընդունելի և անխոհեմ քայլ է: Սա բացահայտ և հստակ ռասիզմ է: Ֆայնին քննադատել են Կոնգրեսի մի քանի անդամներ, այդ թվում՝ կոնգրեսական Բրեդ Շերմանը (դեմոկրատ, Կալիֆորնիա), կոնգրեսական Լորա Ֆրիդմանը (դեմոկրատ, Կալիֆորնիա), կոնգրեսական Բրենդան Բոյլը (դեմոկրատ, Փենսիլվանիա) և կոնգրեսական Դելիա Ռամիրեսը (դեմոկրատ, Իլինոյ): Ֆայնն արժանացել է նաև ԱՄՆ լրատվամիջոցների մի շարք ներկայացուցիչների և առցանց մեկնաբանների քննադատությանը:
Կարդացեք նաև
«Սա միայն ռասիստական չէ՝ սա նաև որակազրկող է», հայտարարել է Հայ Դատի հանձնախմբի համայնքային հարցերի տնօրեն Գև Իսկաջյանը: «Ասել, թե հայերին չպետք է թույլատրվի ծառայել Կոնգրեսում, ակնհայտ մոլեռանդություն է: Ոչ մի ընտրված պաշտոնյա, որը տարածում է նմանատիտ ատելություն, չպետք է առաջադրվի որևէ պաշտոնի»։
Իր վիրավորական հայտարարությունների համար ներողություն խնդրելու փոխարեն, Ֆայնն ավելի սրեց իրավիճակը՝ երկու օր անց X հարթակում գրելով. «Հայերը չպետք է ծառայեն Կոնգրեսում: Չպետք է ծառայեն նաև սոմալիները, կամ գվատեմալացիները: Կամ՝ սպասեք՝ իսրայելցիները»: Նա իրավիճակն ավելի վատացրեց՝ իր ռասիստական խոսքերին ավելացնելով մի քանի այլ ազգությունների։
Ինչպե՞ս կզգար հրեա կոնգրեսական Ֆայնը, եթե որևէ մեկն ասեր. «Մենք չենք ուզում, որ հրեաները կարողանան ծառայել Կոնգրեսում»։ Համոզված եմ, որ մեծ աղնուկ կբարձրանար։ Այդ անձը կդատապարտվեր ամբողջ երկրում՝ բացահայտ հակասեմիտ լինելու համար։ Իսկ եթե նման ռասիստական բան ասեր գործող մի կոնգրեսական, անմիջապես կպահանջվեր նրա հրաժարականը։ Այժմ Կոնգրեսն առնվազն պետք է Ֆայնին զրկի Ներկայացուցիչների պալատի հեղինակավոր Արտաքին հարաբերությունների
հանձնաժողովի անդամությունից։
Ես համաձայն չեմ բազմաթիվ հակասական տեսակետների հետ, որոնք Բիլզերյանն ասում է հրեաների մասին, օրինակ՝ նա կոնգրեսական Ֆայնին անվանում է «գեր հրեա»։ Իսրայելի կառավարությունը Բիլզերյանին դասել է առաջին տեղում իր կազմած 10 ամենահայտնի հակասեմիտ ազդեցիկ անձանց ցուցակում։
Կոնգրեսական Ֆայնն ինքը «մահմեդականների մասին մոլեռանդ մեկնաբանություններ անելու երկար պատմություն ունի, իսկ 2025 թվականին նա առաջարկել էր միջուկային զենք նետել Գազայի վրա։ Նա նաև օգտագործել է ռասիստական և իսլամատյաց արտահայտություններ ԱՄՆ-ի մահմեդական քաղաքական գործիչների նկատմամբ, օրինակ՝ Նյու Յորքի քաղաքապետ Զոհրան Մամդանիի, ում նա անվանել է «մի փոքր ավելին, քան մահմեդական ահաբեկիչ», հավելելով, որ նրան պետք է զրկել քաղաքացիությունից, և «պետք է արտաքսել Ուգանդայի այն կեղտոտ փոսը, որտեղից եկել է», OC Media-ին հաղորդել է Նեյթ Օստիլերը։
Ֆայնն անցյալ տարվա հոկտեմբերին ներկայացրել էր «Երկքաղաքացիությունը որակազրկող ակտը» (H.R. 5817), սակայն Կոնգրեսը որևէ քայլ չի ձեռնարկել նրա առաջարկի վերաբերյալ: ԱՄՆ Կոնգրեսում երկքաղաքացիություն ունեցողի ծառայելը օրենքի խախտում չէ և չի կարող արդարացում լինել նման անձանց մասին ռասիստական մեկնաբանություններ անելու համար:
Տարիների ընթացքում բազմաթիվ երկքաղաքացիներ են ծառայել Կոնգրեսում, ինչպիսիք են սենատոր Թեդ Քրուզը, որը մինչև 2014 թվականը ուներ ԱՄՆ և Կանադայի երկքաղաքացիություն, և կոնգրեսական Միշել Բախմանը, որը մինչև 2012 թվականը ուներ ԱՄՆ և Շվեյցարիայի երկքաղաքացիություն։
Կոնգրեսական Ֆայնի հետ կապված մի շարք այլ լուրջ խնդիրներ կան։ Կոնգրեսի ևս հինգ անդամների հետ միասին Ֆայնը համահեղինակ է H.R.6534 օրինագծի, որը Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովում 2025 թվականի դեկտեմբերի 9-ին ներկայացրել է Աննա Պաուլինա Լունան (հանրապետական, Ֆլորիդա)։ Եթե այն ընդունվի, H.R. 6534-ը կչեղարկի «Ազատության աջակցության մասին» օրենքի 907-րդ հոդվածը և կվերացնի ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին տրամադրվող օգնության երկարատև սահմանափակումները, ներառյալ ռազմական զենքի մատակարարումը։
Վերջերս ստեղծված GovItUp.com կայքի միջոցով հետագա հետազոտություններ կատարելով՝ ես պարզեցի, որ Ադրբեջանի կողմից վարձված Friedlander Consulting Group լոբբիստական ընկերության տնօրեն Էզրա Ֆրիդլանդերը 2025 թվականի սեպտեմբերի 18-ին կոնգրեսական Ֆայնի քարոզարշավին նվիրաբերել է 1000 դոլար: Բացի այդ, Friedlander ընկերությունը ԱՄՆ Արդարադատության նախարարությանը հայտնել է, որ 2025 թվականի հունիսին և հուլիսին երկու հանդիպում է կազմակերպել Ադրբեջանի դեսպանատան քաղաքական պաշտոնյա Նիգար Շիրալիզադեի և Ադրբեջանի դեսպանատան երկրորդ քարտուղար Սանան Ֆարաջովի համար կոնգրեսական Ֆայնի աշխատակազմի ղեկավարի հետ՝ «ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունները» քննարկելու համար:
Ինչպես ասում են՝ «Ապակյա տներում ապրողները չպետք է քարեր նետեն ուրիշների տների վրա»։
Հարութ Սասունյան
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի


















































