Լրահոս
Օրվա լրահոսը

Ծակծկոց վերջույթներում, թմրածություն, ցավ․ «Սեղմված նյարդի» հիմնական ախտանշանները, որոնք հուշում են՝ «դադար վերցնելու» ժամանակն է

Մայիս 13,2026 09:30 Share

«Սեղմված նյարդը», որպես այդպիսին, բժշկական ախտորոշում չէ, սակայն ընդհանուր առմամբ այսպես է բնորոշվում ծայրամասային նյարդային համակարգի  նյարդերի սեղմմումը, որը կարող է տեղի ունենալ տարբեր պատճառներով, օրինակ՝ նյարդերը շրջապատող հյուսվածքները՝ ոսկրերը, կապաններն ու մկանները կարող են ճնշում գործադրել նյարդերի վրա՝ «սեղմելով» դրանք։ «Սեղմված նյարդի» հիմնական ախտանշանները ծակծկոցը, թմրածությունն ու ցավն են։ Թեթև դեպքերում այդ վիճակն անցնում է տնային պայմաններում, սակայն ծանր դեպքերում կարող է բժշկական միջամտություն պահանջվել։ 

«Սեղմված նյարդի» ախտանշանները կարող են ժամանակավոր կամ քրոնիկական լինել՝ կախված խնդրի պատճառից ու բարդության աստիճանից։ Մեծամասամբ բուժումն իրականացվում է ֆիզիոթերապիայի, առանց դեղատոմսի վաճառվող դեղորայքի ու հանգստի օգնությամբ։ 

«Սեղմված նյարդի» տեսակները

Նյարդերի սեղմման տեսակներն ու պատճառները տարբեր են։ Հոդային նեղ անցքուղիերից՝ թունելներից անցնող նյարդերն ավելի շատ են ենթարկվում սեղմվելու վտանգին։ Հյուսվածների վնասվածքները կամ այտուցը ճնշում են գործադրում նյարդերի վրա՝ բնորոշ ախտանշաններ առաջացնելով։

Նյարդերի սեղմմում՝ ողնաշարի հետ կապված

Երբ շրջապատող հյուսվածքները ճնշում են գործադրում ողնուղեղից դուրս եկող նյարդարմատների վրա, դա առաջացնում է ցավ, թմրածություն և ծակծկոց մարմնի տարբեր հատվածներում։ Այս վիճակը կոչվում է ռադիկուլոպաթիա։

Գոյություն ունեն ռադիկուլոպաթիայի մի քանի տեսակներ՝ կախված նրանից, թե ողնաշարի որ հատվածում է նյարդը սեղմված․

  • պարանոցի ռադիկուլոպաթիա,
  • կրծքային ռադիկուլոպաթիա,
  • գոտկային ռադիկուլոպաթիա։

Սեղմված նյարդերի այլ տեսակներ

Մարմնի այլ հատվածներում սեղմված նյարդերի օրինակներ են՝

  • դաստակի միջին նյարդ- կարպալ թունելի համախտանիշ,
  • արմունկի ճառագայթային նյարդ — արմնկային թունելի համախտանիշ,
  • պարանոցի ստորին և կրծքավանդակի վերին հատվածի նյարդեր — կրծքավանդակի ելքանցքի համախտանիշ,
  • արմունկի կամ դաստակի անկյունային նյարդ — ծղիկային թունելի համախտանիշ,
  • ֆիբուլյար նյարդի թունելային համախտանիշը ՝ ծնկան հոդի մակարդակում ճառագայթային նյարդի սեղմման հետևանքով,
  • կոնքի հատվածի սեռական նյարդ — ամոթույքային նյարդի նեյրոպաթիա,
  • գոտկատեղի, ազդրերի, հետույքի կամ ոտքերի նստանյարդ — իշիաս,
  • կրունկի կամ ներբանի մեծ ոլոքային նյարդ — ոտնաթաթի տարզալ թունելային համախտանիշ և այլն։

Այս բոլոր վիճակները նյարդերի սեղմման համախտանիշների օրինակներ են։

Նստելու կամ պառկելու ժամանակ վերջույթի թմրածության կամ ծակծկոցի զգացողությունը նույնպես «սեղմված նյարդի» օրինակ է, որը շատ կարճ է տևում։ Այդ զգացողությունը սովորաբար արագ անցնում է դիրքը փոխելուց հետո։

Ախտանշաններն ու պատճառները

Նյարդերի սեղմման հետևանքով այսպիսի ախտանշաններ են առաջանում՝

  • Ծակծկոց,
  • այրոց,
  • քոր,
  • պարանոցի շրջանում ծակծկոցի զգացողություն,
  • թմրածություն,
  • քնկոտություն,
  • ցավ, որը կարող է սուր կամ բութ լինել,
  • մկանային թուլություն՝ ուժեղ սեղմման դեպքում։

Այդ ախտանշանները կարող են դրսևորվել մարմնի տարբեր մասերում, քանի որ մի նյարդը կարող է պատասխանատու լինել մարմնի միաժամանակ մի քանի հատվածների զգայունակության համար։ Օրինակ՝ նստանյարդի սեղմումը կարող է ախտանշաններ առաջացնել ազդրերի, հետույքի, կոնքի շրջանում։

Նյարդերի վրա ոչ նորմալ ճնշում առաջացնող վիճակներ են՝ 

  • Ռևմատոիդ արթրիտ․ այս հիվանդությունը հոդերում առաջացնում է բորբոքում, որը կարող է ճնշում գործադրել հարակից նյարդերի վրա։
  • Օստեոարթրոզ․ այս վիճակի դեպքում հոդերը «մաշվում են», որի հետևանքով քայքայվում է աճառը։ Երբ աճառը քայքայվում է, ոսկորները սկսում են շփվել միմյանց հետ։ Ի պատասխան՝ օրգանիզմը ձևավորում է նոր ոսկրային հյուսվածք՝ հաճախ առաջացնելով ոսկրային ելուններ ( ոսկրային հյուսվածքի ավելցուկային աճ), որոնք կարող են սեղմել մոտակայքում գտնվող նյարդերը։
  • Վնասվածքներ․ ոսկորների, հոդերի, կապանների կամ մկանների վնասվածքները կարող են հանգեցնել սեղմված նյարդի՝ կամ հյուսվածքների տեղաշարժի/վնասման, կամ վնասվածքից հետո զարգացող այտուցի պատճառով։

Ողնաշարի որոշակի հիվանդություններ, որոնք նյարդի սեղմման պատճառ կարող են դառնալ՝

  • միջողնային սկավառակի ճողվածք,
  • ողնաշարի ուռուցքներ,
  • ողնաշարային խողովակի նեղացում (սպինալ ստենոզ),
  • ողնաշարի կոտրվածք։

Նյարդի սեղմման ռիսկի գործոններն են՝

  •  տարիք,
  • ճարպակալում,
  • հղիություն,
  • կրկնվող գործողություններ պահանջող գործունեություն։

Ինչպե՞ս է ախտորոշվում սեղմված նյարդը

Եթե սեղմված նյարդի ախտանշանները չեն անցնում հանգստից և առանց դեղատոմսի վաճառվող ցավազրկողների ընդունումից հետո, անհրաժեշտ է դիմել բժշկի։ Սեղմված նյարդի պատճառը պարզելու համար բժիշկը կանցկացնի ախտահարված հատվածի ֆիզիկական զննում։ Նա կստուգի մկանային թուլության առկայությունը, ռեֆլեքսների փոփոխությունները և կհարցնի, թե ինչպիսի զգացողություններ եք ունենում։

Անհրաժեշտության դեպքում բժիշկը կարող է նշանակել հետևյալ հետազոտություններից մեկը կամ մի քանիսը՝ խնդրի աղբյուրը հայտնաբերելու համար․

  • Ռենտգեն հետազոտություն․ կարող է ցույց տալ ոսկրային փոփոխություններ, որոնք ազդում են նյարդերի վրա, օրինակ՝ ողնաշարային խողովակի նեղացում կամ կոտրվածքներ։
  • Ուլտրաձայնային հետազոտություն․ կարող է ցույց տալ նյարդերի սեղմումը կամ հարակից կապանների վնասվածքը։
  • Համակարգչային տոմոգրաֆիա (ԿՏ)․ ապահովում է եռաչափ պատկերներ և ավելի մանրամասն տեղեկություն է տալիս ոսկորների և փափուկ հյուսվածքների մասին։
  • Մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա (ՄՌՏ)․ կարող է ցույց տալ՝ արդյո՞ք փափուկ հյուսվածքների վնասումն է նյարդերի սեղմման պատճառդարձել։
  • Էլեկտրամիոգրաֆիա (ԷՄԳ) և նյարդային հաղորդականության հետազոտություն․ այս թեստերը օգնում են գնահատել՝ արդյո՞ք նյարդը ճիշտ է գործում։

Այս հետազոտությունները թույլ են տալիս բժշկին հասկանալ՝ ախտանիշները կապված են ողնուղեղային նյարդարմատների վրա ճնշման հետ, թե՞ պայմանավորված են այլ հիվանդությամբ։

Բուժում և վերահսկում

«Սեղմված նյարդի» դեպքում վիրահատություն հազվադեպ է անհրաժեշտ լինում։ Փոխարենը, բուժող բժիշկը կարող է առաջարկել հետևյալ մեթոդներից մեկը կամ մի քանիսը՝ մարդու վիճակը բարելավելու համար․

  • Մի փոքր սպասել ու հանգիստ վիճակ ապահովել․ շատ մարդկանց մոտ «սեղմված նյարդն» անցնում է ինքնուրույն և հատուկ  բուժում չի պահանջվում։ Ախտանշաները կարող են անհետանալ մի քանի օրվա կամ շաբաթվա ընթացքում։
  • Սառը և տաք թերապիա․ սառույցն ու ջերմությունը, ինչպես ցանկացած այտուցված հատվածի դեպքում, կարող են ժամանակավոր թեթևացում ապահովել։
  • Առանց դեղատոմսի ցավազրկողներ․ պարացետամոլը (ացետամինոֆեն) և ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղերը, օրինակ՝ իբուպրոֆենն ու նապրոքսենը, կարող են մեղմացնել ցավն ու բորբոքումը։ Կարևոր է հետևել դեղամիջոցի օգտագործման հրահանգներին։
  • Անշարժացնող սարքեր․ կախված վնասված հատվածից և պատճառից՝ բժիշկը կարող է խորհուրդ տալ կրել ֆիքսող սարք կամ բանդաժ, որպեսզի սահմանափակվեն շարժումները, և նյարդը ժամանակ ունենա վերականգնվելու։ Օրինակներ են` դաստակի շինան կամ պարանոցի օձիքը։
  • Կորտիկոստերոիդներ․ բժիշկը կարող է նշանակել հակաբորբոքային դեղամիջոցներ` ցավն ու բորբոքումը նվազեցնելու համար։ Դրանք կարող են նշանակվել ինչպես հաբերով, այնպես էլ ներարկումների ձևով։
  • Ֆիզիոթերապիա․ ձգումները և թեթև վարժությունները կարող են նվազեցնել նյարդերի վրա ճնշումը և մեղմացնել ցավը։ Խորհրդակցեք բժշկի կամ ֆիզիոթերապևտի հետ՝ ձեզ համապատասխան վարժությունների վերաբերյալ։

Վիրահատությունը համարվում է վերջին միջոցը, երբ պահպանողական բուժման մեթոդները չեն օգնում։ Վիրահատության տեսակը կախված է սեղմված նյարդի տեղակայումից և պատճառից։

Որո՞նք են նշանները, որ սեղմված նյարդը լավանում է

Ախտանշանների թուլացումը ցույց է տալիս, որ նյարդը վերականգնվում է։ Դա արտահայտվում է՝

  • ցավի թուլացմամբ,
  • ցավի տարածման նվազմամբ,
  • ծակծկոցի կամ թմրածության հաճախականության և ուժգնության նվազմամբ,
  • հոդի շարժունակության բարելավմամբ,
  • մկանային ուժի վերականգնմամբ,
  • ախտանշաները սրող գործոնների նվազմամբ։

Նյարդային թաղանթների վերականգնման համար ժամանակ է պահանջվում։ Նույնիսկ փոքր բարելավումը դրական նշան է։

Կանխարգելում

Սեղմված նյարդերի բոլոր տեսակները կանխել հնարավոր չէ, սակայն որոշ քայլեր կարող են նվազեցնել ռիսկը․

  • պահպանեք ձեզ համապատասխան մարմնի քաշ,
  • կատարեք ձգողական վարժություններ՝ մկանների ճկունությունն ու տոնուսը պահպանելու համար,
  • խուսափեք երկար ժամանակ նույն դիրքով նստելուց կամ պառկելուց, ինչպես նաև երկար ժամանակ ոտքերը խաչած պահելուց,
  • սահմանափակեք կրկնվող շարժումները (օրինակ՝ ստեղնաշարով երկարատև աշխատանքը) և պարբերաբար ընդմիջումներ կատարեք։

Ե՞րբ դիմել բժշկի

Եթե սեղմված նյարդի ախտանիշները պահպանվում են մեկ շաբաթից ավելի և չեն անցնում տնային խնամքից հետո, դիմեք բժշկի։

Ուժեղ ցավի կամ հանկարծակի մկանային թուլության դեպքում հնարավորինս շուտ դիմեք բժշկական օգնության։

Ծանուցում․ նյութն ընդհանուր տեղեկատվական բնույթի է և չի կարող բուժման ու ախտորոշման հիմք ծառայել։

Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

Աղբյուր՝ Cleveland clinic

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031