Ականատեսի օրագիր N13
Քաղաքական ուժերի ֆինանսական թափանցիկության ապահովման մասին
Ժողովրդավարական ընտրությունների կարևոր նախապայմաններից և հավասար մրցակցության երաշխիքներից է քաղաքական ուժերի ֆինանսավորման թափանցիկությունը։
ՀՀ ընտրական օրենսգրքի 26-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն՝ ընտրություններին մասնակցող կուսակցությունների և դաշինքների ընտրական ցուցակների գրանցման ժամկետի ավարտից հետո մինչև քվեարկությանը հաջորդող երրորդ օրը, համապատասխան բանկերը երեք աշխատանքային օրը մեկ պարտավոր են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին (ԿԿՀ) ներկայացնել տվյալներ թեկնածու ուժերի բանկային հաշիվների մնացորդի, մուտքերի և ելքերի վերաբերյալ։ Օրենքը պարտադրում է, որ ԿԿՀ-ն ամփոփի այդ տվյալները, կազմի տեղեկանք և այն տեղադրի իր պաշտոնական կայքում։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած ժամանակացույցի համաձայն՝ ֆինանսական հաշվետվողականության այս գործընթացը պետք է մեկնարկեր դեռևս 2026 թվականի մայիսի 7-ից։ Հաշվի առնելով օրենքով սահմանված երեք աշխատանքային օրվա պարբերականությունը՝ այս պահի դրությամբ ԿԿՀ կայքում արդեն իսկ պետք է հրապարակված լինեին համապատասխան ամփոփ տեղեկանքները։ Մինչդեռ, այսօրվա՝ մայիսի 13-ի դրությամբ, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կայքում ընտրություններին մասնակցող ուժերի ֆինանսական հոսքերի վերաբերյալ որևէ տեղեկանք առկա չէ։
Տվյալների ժամանակին հրապարակումը կենսական նշանակություն ունի նախընտրական շրջանում կուսակցությունների ֆինանսավորման թափանցիկությունն ապահովելու և ընտրողներին ու քաղաքացիական հասարակությանը գիտակցված և տեղեկացված դիրքորոշում ձևավորելու հնարավորություն ընձեռելու համար։
Կարդացեք նաև
Ակնկալում ենք, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը և գործընթացի մասնակից բանկերը կշտկեն իրավիճակը և կկատարեն օրենքով սահմանված իրենց պարտավորությունները։
«Ականատես» դիտորդական առաքելություն


















































