Լրահոս
Օրվա լրահոսը

«Առանց Աստծո Աջի հովանու և երաշխիքի խաղաղություն գոյություն չունի». Բագրատ արք. Գալստանյան

Մայիս 15,2026 22:02 Share

Երաշխավորված խաղաղություն`

Խաղաղության երաշխիքը

 

Խաղաղությունը թույլ է և անհնար, ըստ էության կյանքի չի կոչվի առանց ապահովության, երաշխավորի և երաշխավորության:

Սուրբ Գրքի մտածողությամբ, խաղաղության բացարձակ երաշխավորը և պաշտպանը Աստված է. «… պաշտպանեա ապաւէն», ինչպես խնդրում է Սբ. Գրիգոր Նարեկացին:

Այսուհանդերձ, երաշխավորված խաղաղությունը միանշանակորեն անիրականանալի է առանց արդարության և ճշմարտության սկզբունքի. «Տերն է իմ հովիվը և ինձ ոչինչ չի պակասելու… Ինձ առաջնորդեց Արդարության ճանապարհներով: Թեկուզ գնամ մահվան ստվերների միջով, չարից չպիտի վախենամ, քանզի Դու Տե’ր, ինձ հետ ես: Քո ցուպն ու գավազանը կմխիթարեն ինձ» (Սաղմ. 22:1-4):

Ինչպես անդրադարձել եմ, Հիսուս որևէ անգամ չի հայտարարել, թե «Ես եմ խաղաղությունը», թեպետ Ինքն իսկ է խաղաղության Իշխանը և խաղաղություն տվողը, այլ խոսքով` խաղաղության երաշխավորը. «…Ինձանով խաղաղություն ունենաք» (Հովհ. 16:33):

Քրիստոսի այս հայտարարությունը վկայում է, որ խաղաղությունը շատ հստակ հովանավորի և երաշխավորի կամ երաշխիքի կարիք ունի, որի առկայությունն ուղղակի հրամայական է:

Ամբողջ սուրբգրային պատգամի միջով կարմիր թելի նման անցնում է վերջնական և ամբողջական խաղաղությունը պահպանելու համար երաշխավորի անհրաժեշտությունը` անձի և ժողովրդի թե’ ներքին կյանքում, և թե’ արտաքին հարաբերություններում. «Մի հեռացիր ինձանից, քանզի վտանգները մոտ են և չկա մեկը, որ օգնի ինձ… որովհետև Տիրոջն է արքայությունը» (Սաղմ. 21:12, 27:29):

Այսինքն` եթե նույնիսկ հոգևոր դաշտում խաղաղության հաստատման համար երաշխավորի գոյությունը էական է և անհրաժեշտ, ապա ուրեմն որքան առավել ևս այն անխուսափելիորեն ճիշտ է հասարակական հարաբերություններում և կյանքում. «Ինձ չմատնեցիր նեղիչներիս ձեռքը և ամրացրիր ոտքերս խաղաղության մեջ» (Սաղմ. 30:9):

Հարկ է վերստին շեշտել, որ Աստված երաշխավորն է արդար և ճշմարիտ խաղաղության, և բնականաբար, մերժում է «մեղքի խաղաղությունը»` ստի, կեղծիքի, վախի, միակողմանի պարտադրանքի և սպառնալիքի ներքո գոյացած. «Տե’ր, առաջնորդիր ինձ Քո արդարությամբ, որպեսզի իմ թշնամիները զղջան… նրանց բերաններում ճշմարտություն չկա» (Սաղմ. 5:9-10):

Հետաքրքիր է, որ խաղաղության երաշխավորությունը` հոգևոր իմաստով պայմանավորված Աստծու որպես խաղաղության պաշտպան և երաշխավոր լինելու հանգամանքով, երաշխավորության, կամ որ նույնն է` մնայուն խաղաղության գաղափարը արտահայտվում է ողորմություն, փրկություն, օրհնություն, պաշտպանություն, ուրախություն, ճշմարտություն և արդարություն իմաստներով, որոնք լավագույնս բնութագրում են երաշխավորված կամ մնայուն խաղաղության էությունը և նկարագիրը. «Խաղաղություն, արդարություն և Աստվածպաշտության փառք… Աստծու փառքի համար ապահով ընթանա… ողորմությամբ և իր արդարությամբ հանդերձ» (Բարուք 5:4,7,9):

Այս առումով նաև առանց Աստծո Աջի հովանու և երաշխիքի խաղաղություն գոյություն չունի, ինչպես գեղեցկագույնս նկարագրում է Խոսրով Անձևացին բնության և կենցաղի օրինակով. «Թեև ճանապարհորդին օգուտ է ուղղորդող ընթացքը և այգիների քաջաբերությունը և կյանքի առողջությունը, բայց եթե պահապանները մոտ չլինեն, թերևս ավազակները կամ որևէ գազան ու սողուն վնասեն ճանապարհորդին՝ արթուն կամ հոգնությունից հանգստի ժամանակ:

Եվ այգիներն արոտ անողներն ու անցորդները կարող են ապականել, իսկ կյանքին ախտաբեր կերակուրներն ու ըմպելիները կարող են վնասել կամ էլ եղանակի փոփոխությունները և անպատրաստ աշխատանքները, որ կարողությունից վեր է: Այս պատճառով սրանք բոլորը հմուտ և զորավոր պահապանի կարիքն ունեն, որի համար Աստծու հզոր Աջի պահպանությունն է խնդրում ամենքի վրա, որպեսզի ճանապարհորդն աներկյուղ ընթանա և անհոգ հանգստանա, այգիները ամենապահ ձեռքով պարսպված՝ ծաղկալից և արգավանդապտուղ լինեն, կյանքը, վնասակարներից պաշտպանված և օգտակարներով ծածկված, առավել առողջություն գտնի: Եվ քանի որ պահապանը ոչ միայն պահում է յուրայիններին, այլև ընկճում է նենգավորներին»: (Խոսպով եպիսկոպոս Անձևացի, 2022թ., էջ 91-92):

Սրբազան Ավանդության և հոգևոր փորձառության բարձրագույն խորհուրդը և գագաթնակետը` Սուրբ Պատարագը ևս աղոթում է երաշխավորված խաղաղության մասին և համար` աղոթքով դիմելով Քրիստոսին ոչ թե որպես խաղաղություն, այլ որպես խաղաղություն հաստատող և ամրացնող կամ ապահովող պաշտպան. «Խաղաղութեամբ Քով, Քրիստոս Աստուած մեր, որ ի վեր է քան զամենայն միտս եւ զբանս ամրացո զմեզ և աներկիւղ պահեա յամենայն չարէ» (Սբ. Պատարագ):

 

Շարունակելի…
Բագրատ արք. Գալստանյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031