«Քանի որ ընդդիմության ներկայացուցիչները կոնկրետ հանցանքների ակնհայտ մասնակից են, ես ասում եմ, որ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և որպես ժողովրդի մանդատն ունեցող մարդ՝ ես կոնկրետ անձանց սպառնում եմ, որ նրանք նստելու են և պետք է նստեն»,- լրագրողների հարցին՝ այն, որ հայտարարում է «կզացնելու եմ, չոքացնելու եմ, մասկեքը կոխելու ենք համապատասխան տեղ» և այլն, դա սպառնալի՞ք է՝ ուղղված ընդդիմությանը, Արաբկիրում քարոզարշավի ընթացքում լրագրողների հետ կարճ զրույցում այսպես պատասխանեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Լրագրողների փաստմանը, Ձեր խոսույթը ֆիզիկական սպառնալիք չէ՞, Նիկոլ Փաշինյանն այսպես արձագանքեց․ «Ֆիզիկական սպառնալիք կարող է լինել էն մասկեքով ելույթ ունեցողներին, քանի որ պոլերով ենք դրանց տալու, սատկացնելու ենք։ Ովքեր մասկեքով, ավտոմատներն ուսերին խոսում են, ես դրանց հատ-հատ գտնելու եմ ու սատկացնելու եմ։ Մեր իրավապահ մարմիններն ասֆալտ ուտացնելով իրենց տանելու են, քցեն քրեակատարողական հիմնարկ»։
Հարցին՝ իր խոսույթը հարի՞ր է քաղաքական բանավեճին կամ արդյոք երկրի ղեկավարին հարի՞ր է կնոջ հետ սպառնալիքներով խոսելը, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց․ «Ես կնոջը չեմ սպառնացել, ես Ռոբիկին եմ սպառնացել, հիմա էլ եմ ասում՝ սպառնում եմ։ Եթե կինը իրեն հաշիվ չի տալիս, որ խոսում է ՀՀ ժողովրդի ընտրված ներկայացուցչի հետ, ուրեմն ես էլ իր տերերի հետ այդպես եմ խոսում։ Ես իմ ընտանիքը չեմ խնայել։ Ով մտածում է, որ ավելի շատ բան է տվել, շատ իզուր։ Ես չեմ որոշել, որ իմ ընտանիքը չի զոհվելու, իմ տղայի հետ նույն խրամատում գտնվող մարդը զոհվել է, ես չեմ որոշել, որ իմ տղան չպետք է զոհվի։ Նրանք, ովքեր գալիս, Ղարաբաղի ակցենտով սպառնալիքներ են ձևակերպում, դրանք՝ բոլորը փախածներ են, վախկոտ ստահակներ են, ինչ պագոն ուզում է, ունենան, դրանց մի մասը հիմա դատվում է, նրանք էլ պետք է դատվեն։ Էն դատական մաֆիան, որ անընդհատ նրանց ազատ է արձակում, որ բարձունքներ, դիրքեր են տվել, որ ինձ մեղադրեն, ու իրենք իշխանափոխություն անեն։ Դրա համար էլ ասում ենք՝ Սահմանադրությունը պետք է փոխվի և բոլոր դատավորների կարգավիճակը պետք է փոխվի»։
Կարդացեք նաև
Փաշինյանին լրագրողները հիշեցրին Երևանի մետրոյում արցախցի կնոջ հետ միջադեպը։ Նա ասաց, որ ներողություն է խնդրել այդ կնոջից ու հավելեց․ «Ես բոլոր կանանցից ներողություն եմ խնդրում»։
Նշենք, որ Փաշինյանին սուր հարցեր ուղղած կինը մանկաբարձ-գինեկոլոգ Արփինե Սողոյանն է (լուսանկարում), որը 2020 թվականի հոկտեմբերի 6-ին՝ պատերազմի ամենաթեժ կետերից մեկից՝ Հադրութից գերեվարված ու անհետ կորած համարվող 18-րդ դիվիզիայի բուժծառայության պետ, փոխգնդապետ Հրանտ Պապիկյանի քույրն է։
Արաբկիրում Նիկոլ Փաշինյանի քարոզարշավն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

















































