«Արարատցեմենտ» գործարանի շուրջ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարությունները հերթական անգամ ցույց տվեցին, որ Հայաստանում պետությունն աստիճանաբար վերածվում է քաղաքական հաշվեհարդարի գործիքի»,- այսօր «Առաջարկ Հայաստանին» հրավիրած հրատապ ասուլիսում ասաց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։
«Երբ երկրի վարչապետը հրապարակային հայտարարում է, թե մասնավոր գործարանը «լինելու է պետական», իսկ դրա աշխատակիցներին «շնորհավորում է ազատագրման կապակցությամբ», սա բացահայտ ուղերձ է, որ իշխանությունը պատրաստ է քաղաքական նպատակներով միջամտել սեփականության հարաբերություններին և նախապես որոշել մասնավոր բիզնեսի ճակատագիրը»,- ասաց նա՝ հավելելով, որ եթե որևէ ընկերության գործունեության հետ կապված կան իրավական խնդիրներ, դրանք պետք է լուծվեն բացառապես օրենքի շրջանակում՝ դատարանների, իրավական ընթացակարգերի և իրավունքի գերակայության սկզբունքի հիման վրա։
«Սակայն երբ վարչապետն անձամբ է ազդարարում, թե ինչ է լինելու կոնկրետ ձեռնարկության հետ, ստեղծվում է տպավորություն, որ քաղաքական որոշումն արդեն ընդունված է, իսկ իրավական գործընթացը պարզապես ձևականություն է»,- ասաց նա՝ հավելելով, որ Փաշինյանի բառապաշարը՝ «մաֆիա», «հատուցում», «բիզնես ողնաշար», հստակ ցույց է տալիս, որ խոսքը ոչ թե տնտեսական քաղաքականության, այլ քաղաքական վրեժխնդրության մասին է։ Գագիկ Ծառուկյանը երկար տարիներ եղել է իշխանության հիմնական քաղաքական հակառակորդներից մեկը ու այս ընտրական գործընթացում ֆավորիտ ուժերից մեկի առաջնորդն է, և այսօր ակնհայտ է դառնում, որ փորձ է արվում հարված հասցնել ոչ միայն նրա քաղաքական ազդեցությանը, այլ տնտեսական հենարաններին»։
Սակայն, ըստ բանախոսի, այս պատմությունը շատ ավելի խորքային է, քան մեկ անձի կամ մեկ գործարանի հարցը․ «Արարատցեմենտ» գործարանը Հայաստանի արդյունաբերական համակարգի կարևոր բաղադրիչներից է։ Այն համակարգաստեղծ արտադրություն է, որն ապահովում է հազարավոր աշխատատեղեր, մասնակցում է երկրի շինարարական և տնտեսական կայունության պահպանմանը և կարևոր դեր ունի տնտեսական ինքնաբավության տեսանկյունից։ Նման ձեռնարկության շուրջ քաղաքական ճնշումների, սեփականության վերաբաշխման և անկայունության մթնոլորտ ձևավորելը հարված է Հայաստանի տնտեսական դիմադրողականությանը։ Այս ամենը տեղի է ունենում մի ժամանակահատվածում, երբ Հայաստանը կանգնած է լրջագույն անվտանգային և աշխարհաքաղաքական մարտահրավերների առաջ։ Նման պայմաններում ցանկացած քայլ, որը թուլացնում է երկրի արդյունաբերական ներուժը, օբյեկտիվորեն վնասում է Հայաստանի տնտեսական սուվերենությանը։ Եվ այստեղ առաջանում է ամենակարևոր հարցը․ ո՞ւմ շահերին է ծառայում Հայաստանի արդյունաբերական համակարգի թուլացումը»։
Կարդացեք նաև
Սուրենյանցի գնահատմամբ, այն, ինչ այսօր տեղի է ունենում այժմ էլ «Արարատցեմենտ» գործարանի շուրջ, վտանգավոր նախադեպ է ամբողջ Հայաստանի համար․ «Որովհետև երբ իշխանությունը սկսում է որոշել, թե ում բիզնեսն է «ազատագրվում», ում գույքն է «վերադարձվում ժողովրդին», և ով պետք է ենթարկվի «հատուցման», վտանգվում է ոչ միայն մեկ գործարանի ճակատագիրը, այլև՝ Հայաստանի իրավական և պետական համակարգի հիմքերը»։
Մանրամասները՝ տեսանյութում։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































