Հայտնի դարձավ, որ Չալաբյանը պաշտոնապես նորից դիմել է ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին՝ պահանջելով պաշտոնատար անձի վարքագծի կանոնների խախտման վարույթ հարուցել ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի նկատմամբ, որը մայիսի 18-ին Երևանի Արաբկիր վարչական շրջանում իրականացվող քարոզարշավի շրջանակներում գռեհիկ կերպով վիրավորել է իրեն մոտեցած քաղաքացուն, ինչպես նաև անթաքույց բռնության կոչեր հնչեցրել և սպառնալիքներ է տեղացել իր քաղաքական մրցակիցների նկատմամբ։
Դիմեցինք Ավետիք Չալաբյանին՝ խնդրելով պարզաբանել, թե ինչու են նորից դիմել հանձնաժողովին՝ հաշվի առնելով, որ նախորդ անգամ վարույթ անգամ չի նախաձեռնվել, և ինչ ակնկալիքներ կան այս հանձնաժողովից և իրավապահ համակարգից ընդհանրապես:
«Ինչ վերաբերում է նախորդ դիմումին, որը վարույթ չեն ընդունել, ապա քսան էջանոց փաստաթուղթ են կազմել, որը վերցրել ենք, ուսումնասիրել և ասել՝ ժողովուրդ ջան, Նիկոլ Փաշինյանի փաստաբանը չեք, այս փաստարկները չպետք է բերել վարույթը մերժելու համար։ Պետք է վարույթը, ընդհակառակը, հարուցեք, կողմերին հրավիրեք, լսեք, նոր եզրակացություններ անեք, ոչ թե առանց վարույթ հարուցելու եզրակացություններ անեք, որ կողմերից մեկը սխալ է։ Իրենց բողոք ենք ներկայացրել, այն ընդունել են»,-նշեց Ավետիք Չալաբյանը և հավելեց, որ, այո, բոլորն էլ համոզված են նրանում, որ այս իրավապահ համակարգը ոչ մի բան չի կարող անել:
«Բայց այստեղ մի նրբերանգ կա։ Պետք է ճնշումն իրավապահ համակարգի վրա պահել, որովհետև եթե իրենց չդիմես, հետո ասելու են՝ դիմեիք, մեզ ոչ մեկ չի դիմել, դրա համար ոչ մի բան չենք արել։ Լրիվ ուրիշ իրավիճակ է, երբ իրենց դիմում ես, իրենց վրա ճնշում գործադրում, հանրային հնչեղություն դրան տալիս, ստիպված են լինում թեկուզ ձևական, բայց ինչ-որ բան անել, և դա բոլոր դեպքերում ճնշում է նաև գործող իշխանության վրա։
Կարդացեք նաև
Հաջորդը՝ այս բոլոր մարմինները, բնական է, ստեղծված են Փաշինյանի կողմից, լցված են Փաշինյանի կամակատարներով և իրականում հակված չեն որևէ լուրջ բան անելու։ Բայց երբ իրենց այս ձևով բացահայտում ես, նաև բերելու ես նրան, որ նրանից հետո, երբ Փաշինյանն իշխանազրկվի, դա հիմք է լինելու բոլոր այս մարմիններին և իրենց ղեկավար անձնակազմին համապատասխան իրավական պատասխանատվության ենթարկելու։ Մեր Քրեական օրենսգրքում կա հանցագործությունը կոծկելու հոդված։ Բազմիցս հաղորդումներ ենք ներկայացրել հանցագործության մասին դատախազություն, որն այդ հանցագործությունները կոծկել է։ Ուստի, շատ կարևոր է, որ իշխանափոխությունից հետո այն մարդիկ, որոնք պատասխանատու են այդ կոծկման համար, իսկ նրանք կոնկրետ մարդիկ են, որոնք թուղթ են ստորագրում, քեզ պատասխան են գրում և այլն, թե ինչու քրեական գործ չեն հարուցել, հիմարություններ են գրում այդ թղթերի մեջ, որոնք ստորագրում են, այդ մարդկանց կանչելու են, իրենց վրա քրեական գործ են հարուցելու։ Փաշինյանի հանցագործությունները կոծկողները Փաշինյանին հավասար պատասխանատու են։ Դրա համար, ովքեր կոծկել են դրանք, նրանք պատասխանատվության են ենթարկվելու։ Եվ ընդհակառակը՝ մարդիկ, ովքեր այս ընթացքում, օրինակ՝ դիմում են գրել, դուրս եկել դատախազությունից, քննչական կոմիտեից, որովհետև չէին ուզում համակերպվել այս իրավիճակի հետ, իշխանափոխությունից հետո վերականգնվելու են։ Թվում է, որ այս ամենն օգուտ չունի, բայց իրականում օգտակար է»,-նշում է «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման համակարգողը։
Միևնույն ժամանակ շեշտում է այն հանգամանքը, որ տեղի ունեցած որոշակի իրադարձությունների մասին հաճախ ժամանակի ընթացքում մոռանում ենք։ Բայց երբ այս կարգի իրավական արձանագրում է կատարվում, փաստաթղթեր են ստեղծվում, մուտք արվում համակարգ, դրանք համակարգում պահվում են, և նրանից հետո, երբ իշխանափոխություն տեղի ունենա, բոլոր այդ իրավական փաստաթղթերը շատ ավելի հեշտ է լինելու ակտիվացնել, քան եթե այդ ամենը չլիներ. «Ամենապարզ օրինակն ասեմ. երկու տարի առաջ՝ մարտին, հաղորդում էինք տվել հանցագործության մասին՝ Կիրանցում ոստիկանական բռնությունների հետ կապված։ Երկու տարի է անցել, դրա մասին արդեն մոռացել ենք, որովհետև իրադարձություններն այնքան արագ են զարգանում, չես հասցնում հիշել՝ ուրիշ ի՞նչ է եղել։ Բայց պարզվում է՝ կոնկրետ այդ հաղորդումով վարույթ է հարուցվել, կան մեղադրյալներ, տուժածներ, վարույթը գնում է առաջ և այլն։ Սա ցույց է տալիս, որ պետք է հաղորդումներ ներկայացնել, հետամուտ լինել և փորձել, ի վերջո, այս ամբողջ քաոսը բերել իրավական հարթություն։ Եթե այս քաոսը չբերենք իրավական հարթություն, այն մեզ բոլորիս կուտի»։
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում
Լուսանկարը՝ «Հայաքվեի» էջից


















































