Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԳՄՍՆ-ի և ԱՄՆ Աստվածաշնչի թանգարանի միջև հաստատվում է ինստիտուցիոնալ համագործակցություն

Մայիս 26,2026 14:38 Share

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և ԱՄՆ Աստվածաշնչի թանգարանի նախագահ և գլխավոր տնօրեն Կարլոս Կամպոն ստորագրել են հայկական քրիստոնեական ժառանգության և թանգարանային ոլորտում համագործակցության մասին մտադրության նամակ:

Արարողությանը ներկա է եղել նաև ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Նարեկ Մկրտչյանը:

Մտադրությունների նամակով ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Աստվածաշնչի թանգարանի միջև հաստատվում է ինստիտուցիոնալ համագործակցություն, որի հիմնական նպատակն է հայկական քրիստոնեական ժառանգության հանրահռչակումը, այդ թվում՝ Աստվածաշնչի թանգարանում հայկական քրիստոնեական ժառանգության մշտական ցուցահանդեսի հիմնումը։ Բացի դրանից՝ մտադրությունների նամակով նախատեսվում է մեկնարկել գիտահետազոտական, կրթական, փորձի փոխանակման և համատեղ այլ ծրագրեր:

Նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է ներկաներին՝ կարևորելով համագործակցությունը քրիստոնեական ժառանգության հանրահռչակման տեսանկյունից. «Երբ մենք խոսում ենք քրիստոնեական ժառանգության մասին, շատ կարևոր է ցույց տալ, որ այն ոչ միայն մեր պատմական կյանքի, այլև մեր այսօրվա և վաղվա մի մասն է: Աստվածաշնչի թանգարանը շատ կարևոր դեր ունի, քանի որ քրիստոնեական ժառանգության կենտրոնացումը մեկ տեղում այցելուների համար իսկապես մեծ առաքելություն է: Շատ ուրախ եմ, որ Հայաստանի Հանրապետության կողմից հնարավորություն ունենք մեր ներդրումն ունենալու այս շատ կարևոր առաքելության մեջ»: Նախարարը շեշտել է, որ Հայաստանը մեծ կարևորություն է տալիս թանգարանային կառավարման, թվայնացման, պահպանության և կրթական ծրագրերի ոլորտներում փորձի փոխանակմանը՝ հատկապես երիտասարդ մասնագետների և հետազոտողների համար։ Ժաննա Անդրեասյանն ընդգծել է Կառավարության պատրաստակամությունը՝ խորացնելու համագործակցությունը՝ ներգրավելով նաև հայաստանյան թանգարաններին:

Աստվածաշնչի թանգարանի նախագահ և գլխավոր տնօրեն Կարլոս Կամպոն ևս շնորհակալություն է հայտնել համագործակցության համար՝ նշելով, որ մտադրության նամակի ստորագրումը կբացի լայն հնարավորություններ փոխգործակցության համար տարբեր ոլորտներում՝ նաև ստեղծելով թանգարանի փորձագետների, հետազոտողների միջև կապ:

ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում տեղակայված Աստվածաշնչի թանգարանը բացվել է 2017 թ. և տարեցտարի ապահովել է այցելուների կայուն աճ։ Առկա տվյալների համաձայն՝ 2024 թ. թվականի ընթացքում տարեկան այցելուների թիվը կազմել է շուրջ 800 հազար, որը 2021 թ. այցելուների թվի կրկնապատիկն է։

ԿԳՄՍՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031