«Առավոտի» «Այլ օրակարգ» ծրագրի հյուրը «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանն է։
«Պետք է իրեն հարցնել՝ ինձ տեսնելով ի՞նչ հիշեց, կամ իմ մասին լսելով՝ ի՞նչ հիշեց»,- «Առավոտի» «Այլ օրակարգ» ծրագրի ժամանակ, պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ Երևանի Արաբկիր համայնքում քարոզարշավի ժամանակ Ձեզ տեսնելով Նիկոլ Փաշինյանն այդպես զայրացավ, հունից դուրս եկավ, ասաց մեր զրուցակիցը։
«2017 թվականի ընտրություններից հետո ես Նիկոլ Փաշինյանի հետ որևէ ֆիզիկական շփում չեմ ունեցել։ Եթե ինչ-որ շփումներ եղել են, եղել են իր հայցապահանջի շրջանակներում։ Վերջերս ես բավականին մեծ գումար մուծեցի։ Հիմա էլ այս մի քանի օրերի ընթացքում Նիկոլ Փաշինյանի փաստաբանից գրություն եմ ստացել․ նորից ինձնից գումար է պահանջում՝ իր փաստաբանական ծախսերի, պետական տուրքերի համար։ Ես այդ մեծ գումարը վճարել եմ նրա համար, որ ասել եմ՝ ինքը գործակալ է, հողերը հանձնել է գործարքի դիմաց, իրեն մտցրել են խորհրդարան։ Ես հերքում չեմ տպագրել և դատապարտվել եմ ու մեծ գումար եմ վճարել»,- ասաց մեր զրուցակիցը։
Հարցին՝ ինքը դատի կտա՞ Նիկոլ Փաշինյանին, պատասխանեց՝ այո։ Գործընթացն ընթացքի մեջ է։
Կարդացեք նաև
Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը, դիմելով Զարուհի Փոստանջյանին, ասաց․ «Զարուհի, ի՞նչ ես խոսում… Ռոբերտին ու Սերժին ծախված ստահակ, չես էլ ամաչում, գետինը մտնես։ Դու ո՞վ ես ընդհանրապես․ էժա՛ն, էժա՛ն, գնա Վարդանիկին պաշտպանի, էժանի մեկը, կաշառակեր ստահակ… Ընդհանրապես հետո պարզվեց, որ դու, քո շեֆը՝ Րաֆֆին, Ռոբին ու Սերժին ծախված եք։ Ժողովրդին առաջնորդում էիք գիտակցված դեպի կործանում։ Դու, Լևոնը, Րաֆֆին, Վազգենը, մյուսները ծախված ընդդիմության ներկայացուցիչներ եք, դուք վճարվել եք Սերժից ու Ռոբից, որ ժողովրդին ամեն անգամ տանեք պարտության։ Այդ հեղափոխությունը 2018-ին չէր լինի, այլ կլիներ 2003-2004-ին, եթե Լևոնը, Րաֆֆին, Վազգենը, Զարուհին և իրենց նման ստահակները նախապես գործարքի տարած չլինեիք ժողովրդին։ Ձեր ամբողջ շայկան վճարվել է, դուք հացկատակների խումբ եք, որ էս ժողովրդին ամեն անգամ տարել է դեպի պարտություն»։
Թե ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը թիրախավորեց իր մասնագիտական գործունեությունը, Զարուհի Փոստանջյանն ասում է, որ հենց մասնագիտական գործունեության շրջանակներում տարբեր միջազգային կառույցների է դիմել՝ ընդդեմ ՀՀ իշխանության։ Իսկ գլխավոր վախը, կարծում է, «Գյումրի 2» սցենարի կրկնությունն է այս ընտրություններում։ Վստահ է՝ Արաբկիր համայնքում խնդրահարույց քարոզարշավից Նիկոլ Փաշինյանը հասկացել է, որ այդ սցենարի կրկնությունը միանգամայն իրատեսական է։
«Ինքը բավական նյարդային է արձագանքում, հատկապես երբ ճանաչում ես նրան, երբ տեսել ես բավական տագնապային վիճակում, էքստրեմալ պայմաններում, փակ տարածությունում։ Այնպիսի տպավորություն էր, որ նա այլևս բանտախցում է և բղավում է։ Այդ օրվա այն տեսարանները, երբ վիճում է, բանավիճում է, բժշկուհին փորձում է հեռանալ՝ թևից քաշում է․․․ Ես այդ տեսարանները տեսել եմ իր մասնակցությամբ՝ փակ տարածքում։ Հետո օրվա կուլմինացիան, եզրափակիչ մասը՝ մեկ էլ տեսնում ես՝ քեզ է անդրադարձ կատարել»,- ասաց մեր զրուցակիցը։
Հարցին՝ երբ Նիկոլ Փաշինյանը «Կոշ» ՔԿՀ-ում էր և ահազանգել էր, որ իրեն «սպանում են», ու Զարուհի Փոստանջյանն այցելել էր ՔԿՀ, ամբողջ գիշեր անցկացրել Նիկոլ Փաշինյանի կողքին, մինչև առավոտյան նրան տեղափոխել են «Արթիկ» ՔԿՀ, միգուցե այդ ժամանակ ինչ-որ իրավիճակի՞ է ինքն ականատես եղել, ինչը Նիկոլ Փաշինյանին անհարմարություն է պատճառում, դրա համար վերջինս այդքան նյարդային արձագանքեց իր ներկայությանը, Զարուհի Փոստանջյանը պատասխանեց․ «Բանտախուցը, բանտային պայմանները, մեր ՔԿՀ-ներն այնպիսի պայմաններում են գործում, որ տղամարդկանց, ովքեր թույլ են․․․
Ամեն մեկը չի կարող այդ պայմաններում դիմանալ։ Եվ բռնաճնշումները կան, և համակեցության պայմանները՝ տարբեր տարիքի, ոլորտի, դաստիարակության, մշակույթի մարդիկ հավաքվում են մի տեղ և պետք է իրար հետ բնակվեն։ Դու պետք է ունենաս նաև շրջահայացություն, կամային հատկություններ։ Այստեղ, այդ էքստրեմալ պայմաններում, եթե դու այդ համակեցության կանոնները խախտես, հնարավոր է, որ քեզ պատժեն։ Ամեն մեկը չի կարող դիմանալ։ Բանտում նաև ամեն մեկին չեն կարող սիրել և հարգել։
Բոլոր մարդիկ, ովքեր ճանաչվել են հանցագործներ, պատիժ են կրում՝ նրանք էլ ունեն այդ զգացումը՝ ում հարգեն, ում սիրեն, ում չհարգեն, չսիրեն։ Հարգանքն այդ միջավայրում դու նույնպես կարող ես վաստակել և չվաստակել։ Եթե այդ համակեցության կանոնների մեջ դու հարգանք չես վաստակել, շատ դժվար է․․․ Եթե դու այնպիսի վիճակում ես հայտնվել, որ այլևս, եթե հետ գնաս «Կոշ» ՔԿՀ, որտեղ եղել ես մինչ այդ, չես կարող մնալ, ու միակ լուծումը այլ ՔԿՀ տեղափոխելն է․․․ որն էլ տեղի ունեցավ Փաշինյանի հետ։ Նրան տեղափոխեցին «Արթիկ» ՔԿՀ, որտեղ նա այլևս շփում չունեցավ այլ կալանավորների հետ։
Այսինքն՝ մենք հասկանում ենք, որ ինչ-որ մի բան խախտված է եղել»։
Թե ինչո՞ւ 2018 թվականի ապրիլի 22-ին Աննա Հակոբյանը հրեց Զարուհի Փոստանջյանին աստիճաններից ցած, խլեց նրա ձեռքից բարձրախոսն ու թույլ չտվեց, որ բարձրանա հարթակ, ինչո՞ւ էին ոստիկանները Ֆրանսիայի հրապարակում գիշերող Նիկոլ Փաշինյանին տաք ծածկոցներ տալիս, ինչո՞ւ նա դարձավ ՀՀ վարչապետ՝ տեսանյութում։
Նելլի Գրիգորյան


















































