Լրահոս
Օրվա լրահոսը

Սթափեցնող ֆիլմ, որի նկարահանող խմբին ԱԱԾ-ն հետապնդել էր, Ամասիայում նրանցից վախեցել էին, իսկ Գյումրիում՝ գրկաբաց ընդունել

Մայիս 27,2026 21:55 Share

Գյումրու «Հոկտեմբեր» կինոթատրոնում տեղի ունեցավ «Ծիծեռնակի հավատի կենացը» վավերագրական ֆիլմի ցուցադրությունը։ Սումգաիթյան ջարդերից հետո Ադրբեջանից Արցախ տեղափոխված, իսկ Արցախից բռնի տեղահանված հերոսների միջոցով, նրանց կյանքի դժոխային պատմության ներկայացմամբ՝ ֆիլմի ռեժիսորներ Հովհաննես Իշխանյանն ու Սուրեն Բելյանը մի քանի սթափեցնող ուղերձներ էին հղում հանդիսատեսին․ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության ոչ իրական՝ կեղծ լինելը, ադրբեջանցիների՝ Հայաստանում վերաբնակեցման վտանգը։ Ֆիլմի գլխավոր ուղերձներից մեկն էլ Արցախ վերադարձն է, որը ներկայացվում է որպես երազանք ու կյանքի նպատակ։

Գյումրիում ֆիլմի ցուցադրությունն անցավ լեփ-լեցուն դահլիճում՝ ֆիլմի հերոսների մասնակցությամբ, ակտիվ քննարկումներով, համարձակ կարծիքներով։

Ինչպես նշեց Գյումրու քաղաքապետի պաշտոնակատար Ավետիս Առաքելյանը, ֆիլմը եկել են դիտելու «անվախները»։

Ֆիլմի հերոսներից մեկը՝ լրագրող Մնացական Ազիզյանը, որը ծնվել է Նախիջևանի Գեհենիկ գյուղում, սակայն սովետական տարիներին ադրբեջանական իշխանության ստեղծած խնդիրների պատճառով տեղափոխվել էր Բաքու, իսկ Բաքվի ջարդերից հետո՝ Արցախ, տուն կառուցել Ստեփանակերտում, իսկ 2023 թվականին դարձյալ ստիպված է եղել բռնի տեղահանվել, այն կարծիքին է, որ ադրբեջանցիների հետ համակեցություն հնարավոր չէ այն պարզ պատճառով, որ նրանք իրենց երեխաներին հայերի նկատմամբ ատելություն են քարոզում դեռ մոր արգանդում։

Գյումրու թիվ 38 դպրոցի նախկին տնօրեն Արփինե Նիկողոսյանը, դիտելով ֆիլմը, ասաց․ «Վախենալ խոսել մեր ցավի մասին, սա ինձ համար առնվազն սրիկայություն է, որովհետև կորցրել ենք ամենակարևորը՝ հայրենիքը։ Մեր սերունդը երազում էր Արևմտյան Հայաստանը հետ բերելու մասին․ Շիրազ էինք կարդում, Մասիս էինք պաշտում, բայց եկանք, հասանք այնտեղ, որ հիմա պիտի երազենք Արցախը հետ բերելու մասին, սարսափելի ցավ է։

Չեմ ուզում, որ Շուշին էլ մնա մեզ համար հետ չբերված երազանք, իսկ դրա համար մեր բոլորի պայքարն է պետք»։

Համազգային հայ կրթական և մշակութային հիմնադրամի Գյումրու գրասենյակի տնօրեն Արա Նախքարյանը ֆիլմը համարեց դասագիրք նոր սերնդի համար։

«Այն կարծես օրացույցից պոկված էջ է»,- կարծիք հայտնեց նա։

Ֆիլմի հերոսները հանդիսատեսի հետ հանդիպման ժամանակ դրվագներ պատմեցին ադրբեջանցիների վայրագություններից։ Ֆիլմի հերոսներից մեկը՝ Ջուլիետա Առուստամյանը, որը երաժշտական ակումբ էր ստեղծել Շուշիում, և որի երաժշտությունն ու երգերն էին դարձել այս ֆիլմի կառուցվածքային թելը, կինոդահլիճում նստածներին հարց տվեց․ «Մինչև ո՞ւր դուք կարող եք նվաստանալ, որ պատերազմ չլինի»։

«Մենք չենք նվաստանում, բոլորս պատրաստ ենք պատերազմի՝ թե՛ տղամարդ, թե՛ կին»,- արձագանքեցին ներկաները։

Ֆիլմի հերոսուհին շարունակեց․ «Ես չորս պատերազմ եմ անցել, հայի պատիվը պահելու համար ես պատերազմից չեմ վախենում, ինձ համար ավելի ահավոր է տեսնել հայի, որը չունի պատիվ։ Հետաքրքիր է՝ Հայաստանում կա՞ մեկ քառակուսի մետր հողամաս, որը թուրքը հային առանց արյուն թափելու նվիրե՞լ է։ Չկա, այդ դեպքում հայերի արյունը ջո՞ւր է, ո՞նց է ստացվում, որ մենք թույլ ենք տալիս մի հատ ստորագրությամբ հանձնել»։

Նստածները բացականչեցին՝ «Դա Նիկոլին պիտի հարցնեք, այս քաղաքում թույլ տվող չկա, միայն պայքարողներն են»։

Ֆիլմի ռեժիսոր Հովհաննես Իշխանյանը Aravot.am-ի հետ զրույցում, խոսելով ֆիլմի այն ուղերձի մասին, որ իրականում ոչ մի խաղաղություն էլ չկա Հայաստանի և Ադրբեջանի միջև, ասաց․ «Մեր հավատի, արժանապատվության հաշվին ուզում են ստել, գիտեք՝ սա ինչ է հիշեցնում․ Կաչինսկի կարդինալ կար, երբ Լեհաստանը սովետական բլոկի մեջ էր, զոռով ուզում էին Լեհաստանին խաղաղության մեջ մտցնեին Գերմանիայի հետ, բայց հարցերը չէին լուծվել, ու կարդինալն էր պայքարում դրա համար, ասում էր՝ չի կարող լինել խաղաղություն՝ առանց արդարության հասնելու ու պատմական վերքերը բուժելու։

Այդ կարդինալին բանտարկեցին, երկար տարի նա նստեց, ոնց որ հիմա մեր հոգևորականները, ի վերջո, երբ եղավ լեհ-գերմանական խաղաղությունը, ինքը դրա առաջամարտիկն էր, որովհետև արդարության սկզբունքով եղավ։

Հիմա այս պատմությունը շատ նման է այդ պատմությանը, ոնց որ մեզ պարտադրեն։ Իմ ընտանիքին ամբողջությամբ վերացրել, սպանել են, կանանց մասնատել են, խաբել են, ասել են՝ մենք կգանք Արցախի ինքնորոշման համար կպայքարենք, եկել են, Արցախը տվել են ու հիմա եկել, ինձ ասում են՝ պետք է իրենց հետ խաղաղություն լինի։

Մենք գիտենք, որ սա ցեղասպանության շարունակությունն է, հարիֆացնելու խաղաղությունն է, խաղաղությունը չի կարող իմ արդարության, ազատության հաշվին լինել։

Ինձ թող ոչ ոք կաշառք չտա խաղաղության, եթե իմ նախնիների, իմ սերնդակիցների, իմ ընկերների արդարությունը չի վերականգնվել։

Եվ երկրորդ՝ ամենակարևորը․ ինձ զորակոչել են պատերազմ, ես գնացել եմ պատերազմ՝ այն մտքով, որ ես պահեմ իմ հայրենիքը, իրենք պարտվել են պատերազմը, հրաժարական չեն տվել, շարունակել են մնալ իշխանության, տարեցտարի հանձնել են, այսինքն՝ այն, ինչի համար ինձ զորակոչել են, խաբել են ինձ, ինձ ու իմ ընկերներին տարել են կոտորելու, որ Արցախը հանձնեն։ Սրա համար իրենք պատասխան են տալու։

Մենք տեսնում ենք այս ընտանիքները, որոնք մի անգամ Ադրբեջանում եղեռն ապրեցին, որտեղից սումգաիթյան ջարդերի ժամանակ դուրս եկան, եկան, տուն կառուցեցին, Ջուլիետան տեսաք՝ ինչ գեղեցիկ ձևով էր իր ակումբը սարքել, եկան, տարածքները հանձնեցին ու ասում են՝ բա մեզ պե՞տք էր Շուշին։

Այս ֆիլմի հերոսների ապրած կյանքը ցույց է տալիս՝ այսօր այն, ինչ կատարվում է քաղաքական սեղանի շուրջ, դա ցեղասպանություն է, ոչ թե խաղաղություն»։

Ֆիլմում արծարծվում է ադրբեջանցիների հետ վերաբնակեցման վտանգը։ Նկարահանումներ կային արված Շիրակի մարզի Ամասիա խոշորացված համայնքից, որտեղ ժամանակին ադրբեջանցիներ են ապրել, ու որտեղ վերջերս մի ադրբեջանցի էր հայտնվել, որը տեսանյութ նկարահանելով ու ցույց տալով Ամասիայի բոլոր վայրերը, կառույցները, պատմում էր, թե դրանք ինչ նշանակության են, ու հույս էր հայտնում, որ իրենք դեռ կվերադառնան իրենց «հայրենիք»։

Ամասիայում «Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմի նկարահանումներն անխոչընդոտ չէին անցել, մարդիկ վախեցել էին բարձրաձայնել իրենց կարծիքը ադրբեջանցիների հետ վերաբնակեցման մասին, նույնիսկ խուսափել էին խոսել այս ադրբեջանցու՝ իրենց տեղանքում հայտնվելու մասին։

Ֆիլմի մյուս ռեժիսորը՝ Սուրեն Բելյանը, Aravot.am-ի հետ զրույցում ասաց․ «Ամասիայի բնակիչների մոտ տիրող վախը ինձ մոտ շոկ առաջացրեց․ 21-րդ դարում, երբ իմ սերնդակիցների համար տեսնում եմ «ազատ խոսք», լայն աշխարհ, մարդիկ վախենում են խոսել, դա ինձ համար այլ իրականություն էր։

Ու այդ իրականության մեջ տեսնել մարդկանց, օրինակ՝ 70 տարեկան պապիկի, որը պատմաբան է, ուզում էր խոսել, պատմել ու որոշում են, որ չխոսի։ Ես չեմ մեղադրում, իհարկե, մենք հիմա հասել ենք այնտեղ, որ դու գուցե այսօր խոսես ու վաղը աշխատանք չունենաս, իսկ թոռնիկները պետք է ապրեն։ Բայց եթե մենք վախենանք, այդ թոռիկները չեն կարողանա ապրել, որովհետև պետք է ապրեն մեր պետությունում, իսկ մեր պետությունը պիտի լինի, որ կարողանանք ապրել»։

Գյումրեցի քաղաքական գործիչ, նախկին իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը, որը ֆիլմի հերոսներից մեկն է, պատմեց, որ Ամասիայում նկարահանում կատարելու ժամանակ ԱԱԾ-ն իրենց հետապնդել է։

«Ամենասարսափելին այն էր, որ մեզանից մի քանի օր առաջ այնտեղ եղել էին ադրբեջանցիներ, և իրենց չէին հետապնդել, իրենցից չէին վախեցել ու չէին զգուշացել, իսկ մեզանից զգուշացան։ Սա շատ մտահոգիչ է, նշանակում է, որ Հայաստանի ազգային անվտանգության ծառայության համար վտանգ ենք ներկայացնում մենք՝ հայերս, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներս, իսկ այ, օրինակ՝ Ադրբեջանի քաղաքացիները, պարզվեց, իրենց համար ոչ մի վտանգ չեն ներկայացնում։ Սրանով հստակ ցույց տվեցին Հայաստանի կառավարիչների թուրքասիրությունը և նրանց ծրագրերը, որոնք միտված են Հայաստանը թուրքացնելուն կամ ադրբեջանցնելուն»։

Կարապետ Պողոսյանը նշեց, որ տեսախցիկից դուրս Ամասիայի բնակիչները նշում էին, որ սարսափով են վերաբերում ադրբեջանցիների վերաբնակեցմանը, պատրաստ չեն համատեղ ապրել նրանց հետ։

«Վստահ եմ, որ որևէ մեկը թույլ չի տալու, որ մեր տուն մտնի մեր թշնամին։ Եթե մենք խոսում ենք այն մասին, որ ադրբեջանցիներին վերադարձնեք Հայաստան, դա նշանակում է, որ ինչ-որ մեկը եղբոր մարդասպանին բերի, իր տունը պահի, հնարավո՞ր է նման բան։ Ասենք՝ մեկը մարդ սպանի, նրան բանտ չուղարկեն, ուղարկեն իր զոհի տունն ապրելու, դա անհնար է, չի կարող լինել նման բան»,- ասաց Կարապետ Պողոսյանը։

Դահլիճում նստածները համոզված էին, որ Արցախ վերադարձ պարտադիր լինելու է։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031