Ներկայիս իշխանությունն ամեն ինչ արեց, որպեսզի ընտրությունների գլխավոր հարցը լինի ոչ թե այս կամ այն քաղաքական ուժին աջակցելը, այլ՝ «դու ո՞ւմ ես ավելի շատ սիրում՝ Պուտինի՞ն, թե՞ Թրամփին»: Առաջարկվում է ընտրություն կատարել երկու տերությունների կիսախելագար ղեկավարների միջեւ, որոնք փոխանակ մտածեն, թե ինչպես այս Երկրագնդում քիչ թե շատ ներդաշնակ մթնոլորտ հաստատեն, մշտապես պատերազմներ են հրահրում՝ ինչ-որ բան ինչ-որ տեղից պոկելու համար:
Այդ անիմաստ, սնամեջ հարցի «ենթահարցն» է՝ «ժողովուրդ ջան, դո՛ւք որոշեք՝ ԵԱՏՄ եք ուզում, թե՞ ԵՄ»: Մեր ժողովուրդը որոշել է՝ ԵՄ է ուզում: Վրաստանի եւ Ուկրաինայի ժողովուրդները նույնպես վաղուց այդ ընտրությունն են կատարել: Բայց ամբողջ խնդիրն այն է, որ ո՛չ մենք, ո՛չ նրանք տեսանելի պատմական ապագայում այդ կազմակերպությանը չենք անդամակցի, ու դրա համար մի քանի տասնյակ տնտեսական ու քաղաքական պատճառներ կան: Ի դեպ, ասեմ, որ մենք նույնիսկ ԵՄ անդամության թեկնածու դառնալու հայտ էլ չենք ներկայացրել: Այնպես որ՝ այդպիսի թեմա չկա, եւ այդ հարցերը նախընտրական օրակարգի մեջ ընդգրկելը պարզապես շուլերություն է:
Էլ չխոսեմ այն «հանճարեղ» թեզի մասին, որ մենք չենք վախենում գազի եռակի թանկացումից, որովհետեւ այնքան ենք հարստանալու, որ այդ գինը հեշտությամբ կտանք: Այստեղ, ինչպես ասում են, մեկնաբանություններն ավելորդ են: Դե իսկ այն խոստման մասին, թե «մենք մեր գազը կունենանք»՝ միայն երգիծաբանները կարող են խոսել:
Իսկ ընտրություններում իրապես դրված հարցը ոչ թե Պուտինն է կամ Թրամփը, ոչ թե ԵՄ-ն է կամ ԵԱՏՄ-ն է, այլ այն, թե ինչ երկրում ենք մենք ապրելու մոտակա տարիներին: Եվ այդ առումով ինձ, օրինակ, հետեւյալ հարցերն են հետաքրքրում՝ արդյոք Հայաստանում կարո՞ղ են սկսվել ժողովրդավարացման գործընթացները, արդյոք մեզանում չե՞ն լինի քաղբանտարկյալներ, արդյոք Եկեղեցին ինքնավար կլինի եւ կախված չի՞ լինի գործադիր իշխանության ղեկավարի քմահաճույքներից: Վերջապես, արդյոք Հայաստանը կկարողանա՞ վերականգնել իր տարածքային ամբողջականությունը:
Կարդացեք նաև
Փաշինյանի մնալու դեպքում այդ բոլոր հարցերի պատասխանը բացասական է:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Նկարը ստեղծված է արհեստական բանականության միջոցով


















































Ասում են թե միջին դարերում անգլիական մի երիտասարդ թագուհի կար, ով ասում էր, որ ինքը Կայսրությունը կառավարելու փորձ ու հմտություն չունի, բայց շնորհք ունի իր շուրջը համախմբելու Կայսրության լավագույն մասնագետներին եւ ընդունել նրանց խորհուրդները:
Եթե ինձ հարցնեին, թե ո՞ւմ ընտրել մոտակա ընտրություններում եւ ապագայում, կասեի երիտասարդությանը՝ բոլորին դեմ եմ կամ շնորհապետական եւ մյուս այլ երիտասարդ կուսակցություններին, այսինքն նրանց, ովքեր փորձ չունեն, բայց այնքան շնորհք ունեն, որ իրենց շուրջը կհամախմբեն մեր փորձված իսկական ազգային լավագույն քաղաքական կուսակցությունների լավագույն մասնագետներին՝ Պարույր Հայրիկյանի, Անդրեաս Ղուկասյանի եւ մյուս այլ փորձառու քաղաքական գործիչների կուսակցությունների լավագույն մասնագետներին: Ջահելություն ջա՛ն, գնացեք ընտրություններին եւ ընտրեք ջահելությանը, իսկ ձեր հայրերն ու պապիկները տատիկների հետ միասին ձեզ թիկունք կկանգնեն, որ դուք ձեր սխալների վրա սովորեք, իսկ ձեր սայթակելուց էլ կգան կհասցնեն, որ փորձանքի մեջ չընկնեք: Սփյուռքի մասնագետներն էլ պետք է սեփական ստվերային կառավարությունը ստեղծեն, որ մեր ջահել հայ ազգային կառավարությանը որակյալ մասնագիտական խորհուրդներով ապահովեն:
ՍԵ՛Ր ՊԱՅՔԱ՛Ր ՄԻԱՑՈ՛ՒՄ: