Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2026 թվականի մայիսի 29-ին, «Առաջնորդության դպրոց» հիմնադրամի ղեկավար Սամվել Մովսիսյանի հրավերով, մասնակցել է Դպրոցի 2025-2026 ուսումնական տարվա ավարտական միջոցառմանը:
Միջոցառմանը մասնակցել են նաև ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դեսպանները, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները, Դպրոցի դասախոսներն ու ուսանողները:
Աննա Վարդապետյանը շնորհավորել է շրջանավարտներին՝ «Առաջնորդության դպրոց»-ը հաջողությամբ ավարտելու կապակցությամբ և անդրադարձել այն հարցին՝ ո՞վ է առաջնորդը, ի՞նչ որակներով է օժտված նա:
Այս համատեքստում ՀՀ գլխավոր դատախազն անդրադարձել է ժամանակակից աշխարհում արժեքների խեղաթյուրման ու նենգափոխման խնդրին: «Որքան էլ այսօրվա աշխարհում արժեքները նենգափոխվեն, կան արժեքներ, որոնք երբեք չեն «հնանալու». դրանք են՝ բարեվարքությունը, աշխատասիրությունը, պատասխանատվությունը և այլոց համեստաբար ծառայելու ունակությունը: Խոսքը ծառայամտության մասին չէ: Խոսքը գիտելիքը հանրային բարիքի վերածելու կարողության մասին է: Առաջնորդներն այլոցից տարբերվում են նրանով, որ այս մարդիկ թեև «ընկնում» են, սխալվում են, բայց նրանք միշտ բարձրանում են ու որ ամենակարևորն է, ամեն անգամ վեր են կենում՝ առանց իրենց արժեքները գետնին թողնելու»,- ընդգծել է հանրապետության գլխավոր դատախազը և հավելել, որ քաղաքակիրթ մարդու կյանքը չափվում է այն գաղափարախոսության հարատևությամբ, որին անձը «զոհաբերում» է իր կյանքը: Աննա Վարդապետյանն այս ճանապարհին կարևոր է համարել չհիասթափվելն ու չընկրկելը:
Կարդացեք նաև
Գլխավոր դատախազը կրկին շնորհավորել է շրջանավարտներին և բարի երթ մաղթել բարդ և պատասխանատու ճանապարհին:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ


















































