Հունիսի 2-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Դանիայի Ավետարանական Լյութերական եկեղեցու շուրջ 30 հոգևորականների և ուխտավորների։
Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունը բերեց ներկաներին՝ ընդգծելով, որ նման այցելությունները պատեհ առիթ են փոխճանաչողության, հոգևոր հաղորդակցության և եղբայրական կապերի ամրապնդման համար։
Իր խոսքում Հայոց Հայրապետն անդրադարձավ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու պատմական առաքելությանը հայ ժողովրդի կյանքում՝ մասնավորապես ընդգծելով Եկեղեցու դերակատարությունը քրիստոնեական հավատքի զորացման, հոգևոր ու մշակութային ժառանգության կերտման և ազգային ինքնության պահպանության գործում։
Նորին Սրբությունն անդրադարձ կատարեց նաև հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերներին՝ գոհունակություն հայտնելով Քույր Եկեղեցիներին, Եկեղեցիների Համաշխարհային խորհրդին, Եվրոպական Եկեղեցիների կոնֆերանսին, ինչպես նաև տարբեր միջեկեղեցական և կրոնական կառույցներին՝ դժվարին ժամանակներում հայ ժողովրդին և Հայ Եկեղեցուն ցուցաբերվող զորակցության համար։
Կարդացեք նաև
Հանդիպման ընթացքում Նորին Սրբությունը պատասխանեց նաև հյուրերի հարցերին, որոնք վերաբերում էին Եկեղեցի-պետություն հարաբերություններին, Եկեղեցու առջև ծառացած մարտահրավերների հաղթահարմանն ու Հայ և Ընդհանրական Եկեղեցու առաքելության առավել արդյունավետ իրագործմանը արդի ժամանակներում։
Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգ


















































