Լրահոս
Օրվա լրահոսը

35 տարի առաջ ճիշտ այս օրը Լեռնային Արցախը հռչակվեց հանրապետություն

Սեպտեմբեր 02,2026 10:14 Share

35 տարի առաջ ճիշտ այս օրը՝ Լեռնային Արցախի հայությունը, հիմնվելով Արցախի դարավոր պետականության հարուստ ավանդույթների և միջազգային ու ԽՍՀՄ ներպետական իրավական ակտերի վրա, դրսևորելով բարձր քաղաքացիական և քաղաքական գիտակցություն ու վարքագիծ, ձեռնարկել է անկախության հռչակման իրավական գործընթացը:

1991թ. սեպտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղի մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների, բոլոր մակարդակների խորհուրդների պատգամավորների մասնակցությամբ համատեղ նստաշրջանը,

  • արձանագրելով, որ Ադրբեջանը, դուրս գալով ԽՍՀՄ-ից, հռչակել է իր անկախությունը՝ վերականգնելով 1918-1920թթ. պետական անկախությունը,
  • հաշվի առնելով, որ Ադրբեջանի կողմից իրականացվող խտրականության քաղաքականությունը հայ ժողովրդի նկատմամբ ստեղծել է ատելության և անհանդուրժողականության մթնոլորտ, որը հանգեցրել է զինված բախումների, մարդկային կորուստների, խաղաղ հայկական գյուղերի բնակիչների զանգվածային տեղահանության,
  • հիմնվելով ԽՍՀՄ Սահմանադրության և օրենքների վրա, որոնք ինքնավար կազմավորումների ժողովուրդներին իրավունք են վերապահում ինքնուրույն լուծել իրենց պետական-իրավական կարգավիճակի մասին հարցը ԽՍՀՄ-ից միութենական հանրապետության դուրս գալու դեպքում,
  • հարգելով և հետևելով մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի սկզբունքներին և «Տնտեսական, սոցիալական ու մշակութային իրավունքների մասին» և «Քաղաքական ու քաղաքացիական իրավունքների մասին» միջազգային դաշնագրերին,

Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի և հարակից Շահումյանի շրջանի սահմաններում ընդունել է «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին» հռչակագիրը:

 

Հռչակագրի բնօրինակի լուսապատճենը

Հռչակագրում հիշատակված իրավական հիմքերն են՝

  • ԽՍՀՄ 1977թ. հոկտեմբերի 7-ի խմբագրությամբ Սահմանադրության 70-րդ հոդվածը, որը վկայում է ազգերի ինքնորոշման մասին,
  • «ԽՍՀՄ-ից միութենական հանրապետության դուրս գալու հետ կապված հարցերի լուծման կարգի մասին» ԽՍՀՄ 1990թ. ապրիլի 3-ի օրենքը, մասնավորապես՝ օրենքի 3-րդ հոդվածը, որն ինքնավար կազմավորումների ժողովուրդներին իրավունք էր վերապահում ինքնուրույն որոշելու իրենց պետական-իրավական կարգավիճակի մասին հարցը ԽՍՀՄ-ից միութենական հանրապետության դուրս գալու դեպքում:

Մեջբերում հիշյալ օրենքի 3-րդ հոդվածից. «Ինքնավար հանրապետությունների և ինքնավար կազմավորումների ժողովուրդները պահպանում են ԽՍՀՄ-ի կազմում, կամ ԽՍՀՄ-ից դուրս եկող միութենական հանրապետության կազմում մնալու հարցը ինքնուրույն որոշելու, ինչպես նաև իրենց պետական-իրավական կարգավիճակի մասին հարցը բարձրացնելու իրավունքը»:

  • 1948թ. դեկտեմբերի 10-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունված «Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը»,
  • 1966թ. դեկտեմբերի 16-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունված «Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների մասին» և «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրերը, որոնց 1-ին հոդվածների համաձայն՝ «Բոլոր ժողովուրդներն ունեն ինքնորոշման իրավունք։ Այդ իրավունքի ուժով նրանք ազատորեն որոշում են իրենց քաղաքական կարգավիճակը և ազատորեն հետամուտ են լինում իրենց տնտեսական, սոցիալական և մշակութային զարգացմանը»:

Եվրոպական խորհրդարանը 1999թ. մարտի 11-ին ընդունած «Կովկասում խաղաղության գործընթացին աջակցելու մասին» բանաձևում Լեռնային Արցախի անկախության հռչակման վերաբերյալ, մասնավորապես, արձանագրել է հետևյալը. «…Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը հռչակել է իր անկախությունը 1991 թվականի սեպտեմբերին՝ հետևելով ԽՍՀՄ-ի փլուզումից հետո նախկին Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների կողմից նմանատիպ հռչակագրերի ընդունմանը»:

Մեջբերումից պարզ է դառնում, որ միջազգային հանրությունն ընդունել է Լեռնային Արցախի անկախության հռչակման օրինականությունն (լեգալություն) ու ճանաչելիությունը (լեգիտիմությունը):

Վերոգրյալը նկատի առնելով՝ կարող ենք պնդել, որ անկախության հռչակման նպատակով 1991թ. սեպտեմբերին Լեռնային Արցախի հայության ձեռնարկած իրավական գործընթացն անխոցելի է:

Ստեփան ՀԱՍԱՆ-ՋԱԼԱԼՅԱՆ
քաղաքագետ

Ստեփան Հասան-Ջալալյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել