Սահմանից այն կողմ՝ խաղաղության պատուհա՞ն, թե՞ նոր ճնշումների սկիզբ. TRIPP, «միջանցքային» սպասումներ, հին խաղադրույքներ
Միրզոյանի լավատեսությունը, Անկարայի զգուշավոր արձագանքը
Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը իշխանության կողմից ամենահաճախ արծարծվող դիվանագիտական ուղղություններից մեկն է։ Չնայած բազմաթիվ հանդիպումներին, հատուկ ներկայացուցիչների բանակցություններին, սահմանային ենթակառուցվածքների ուսումնասիրություններին եւ տնտեսական շփումների աստիճանական ակտիվացմանը, գործընթացը շարունակում է մնալ անավարտ։
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն օրերս դարձյալ լավատես էր, երբ նշեց, թե առաջիկայում հնարավոր է հասնել հայ-թուրքական հարաբերությունների ամբողջական կարգավորման։
Կարդացեք նաև
Ազգային ժողովում ներկայացնելով արտաքին քաղաքական գերատեսչության գործունեությունը՝ Միրզոյանը նշեց, որ շարունակվել է Թուրքիայի հետ երկխոսությունը, տեղի են ունեցել Գյումրի-Կարս երկաթուղու վերագործարկման նպատակով ստեղծված աշխատանքային խմբի հանդիպումները, ինչպես նաեւ բազմաթիվ այլ շփումներ։ Նրա գնահատմամբ՝ յուրաքանչյուր փուլում արձանագրվում է շոշափելի առաջընթաց, եւ առկա են հիմքեր վստահություն հայտնելու, որ առաջիկայում հնարավոր կլինի հասնել հարաբերությունների ամբողջական կարգավորման։
Առանձնահատուկ նշանակություն ուներ նաեւ նրա հիշատակումը, որ այսօր արդեն Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ գոյություն ունի մաքսային իմաստով ուղիղ առեւտուր, թեեւ ֆիզիկական առումով ապրանքների տեղափոխումը շարունակում է իրականացվել երրորդ երկրների տարածքով։ Այսինքն, ի ցույց դրվեց, որ տնտեսական փոխգործակցության որոշ տարրեր արդեն գոյություն ունեն նույնիսկ փակ սահմանի պայմաններում։
Սակայն ուշագրավ էր Միրզոյանի նշյալ հայտարարությունից գրեթե անմիջապես հետո պաշտոնական Անկարայի արձագանքը։ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը Ստամբուլում կայացած եռակողմ հանդիպումից հետո հայտարարեց, որ Թուրքիան ակնկալում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագրի հնարավորինս արագ ստորագրում եւ շարունակելու է Հայաստանի հետ երկխոսությունը Ադրբեջանի հետ համակարգմամբ։
Հենց այս ձեւակերպումն է ամենակարեւոր քաղաքական ազդակը։ Եթե Հայաստանը փորձում է հայ-թուրքական կարգավորումը ներկայացնել որպես առանձին գործընթաց, ապա Թուրքիան հերթական անգամ ընդգծում է, որ այդ գործընթացը շարունակում են դիտարկել ադրբեջանական ուղղության հետ սերտորեն կապված։ Այսինքն, Անկարան փաստացի ազդարարեց, որ Հայաստանի հետ հարաբերությունների ամբողջական կարգավորումը չի տարանջատում Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումից։
Ակնհայտորեն, այստեղ է երեւում Միրզոյանի եւ Ֆիդանի հայտարարությունների միջեւ տարբերությունը։ Երեւանը խոսում է առաջիկա կարգավորման հնարավորության մասին, իսկ Անկարան՝ խաղաղության պայմանագրի անհրաժեշտության եւ Ադրբեջանի հետ համակարգված քաղաքականության շարունակության։ Սա նշանակում է, որ թուրքական կողմը չի ցանկանում լիովին ազատվել Բաքվի գործոնից, ավելին, նման մտադրություն երբեք չի ունեցել եւ այժմ էլ չունի։
Հայաստանի ընտրություններից հետո Անկարան տեսնո՞ւմ է նոր հնարավորություններ
Հայաստանում անցկացված խորհրդարանական ընտրություններից հետո Թուրքիայի արտաքին գործերի նախարարության հայտարարությունը նույնպես ուշագրավ ուղերձներ էր պարունակում։ Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարեց, որ ուրախ է ընտրությունների խաղաղ եւ հանգիստ անցկացման համար եւ հույս ունի, որ հետընտրական շրջանում կձեւավորվեն պայմաններ, որոնք հնարավորություն կտան ստորագրել Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ վերջնական խաղաղության համաձայնագիրը։
Առաջին հայացքից սա կարող է ընկալվել որպես սովորական դիվանագիտական հայտարարություն, սակայն դրա բովանդակությունն ավելի խորքային է։ Թուրքիան առաջին հերթին արձանագրում է, որ ընտրությունների արդյունքները լեգիտիմ են եւ ընդունելի են Անկարայի համար։ Երկրորդ՝ ակնարկում են, որ նոր քաղաքական անորոշություն Հայաստանում չի ստեղծվել, հետեւաբար բանակցային գործընթացը կարող է շարունակվել նույն գործընկերների հետ։
Փաստացի, կարելի է արձանագրել, որ Անկարան ավելի կանխատեսելի է համարում այն իրավիճակը, երբ իշխանության ղեկին է մնում գործող քաղաքական ուժը։ Թուրքիայի համար կարեւոր է ունենալ գործընկեր, որի քաղաքական մոտեցումները հայտնի են, եւ որի հետ արդեն մի քանի տարի ընթանում է երկխոսություն՝ Բաքվի ու Անկարայի ակնկալիքներին համահունչ։
Սակայն նույն հայտարարության մեջ կրկին առաջնահերթ տեղ է զբաղեցնում ոչ թե Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը, այլ Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը։ Սա եւս մեկ անգամ ցույց է տալիս, որ Թուրքիայի ռազմավարական հաշվարկներում Հայաստանի հետ սահմանի բացումը եւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը շարունակում են դիտարկվել Ադրբեջանի հետ գործընթացների համատեքստում։
Հաքան Ֆիդանի պարզ ու հասկանալի լեզվով հայտարարությունն իրավիճակի վերաբերյալ ավելի հստակ պատկեր է ցույց տալիս։ Նա նշել է, որ «Ադրբեջանի հիմնավորված մտահոգությունները պետք է լուծվեն»։ Այս ձեւակերպումը դիվանագիտական լեզվով նշանակում է, որ Թուրքիան շարունակում է պաշտպանել Ադրբեջանի բանակցային դիրքորոշումները եւ չի պատրաստվում անտեսել Բաքվի պահանջները՝ նույնիսկ հայ-թուրքական հարաբերությունների առաջմղմանը զուգահեռ։
Հետեւաբար, այսօր էլ կանխատեսել կամ պնդել, թե Թուրքիան պատրաստ է անմիջապես եւ անվերապահորեն բացել սահմանը միայն այն պատճառով, որ Հայաստանում տեղի են ունեցել ընտրություններ, որի արդյունքում իշխանության է մնալու «Քաղաքացիական պայմանագիրը»՝ նույնպես հնարավոր չէ։ Անկարան ցանկանում է տեսնել Հայաստան-Ադրբեջան գործընթացի հանգուցալուծում՝ առնվազն Բաքվի համար ընդունելի պայմաններով։
Ստամբուլյան եռակողմ շփումները, TRIPP-ի շուրջ ակնարկները
Ստամբուլում օրերս կայացած Թուրքիայի, Ադրբեջանի եւ Վրաստանի արտաքին գործերի նախարարների եռակողմ հանդիպումները եւս կարեւոր պատկերացումներ են տալիս տարածաշրջանային զարգացումների մասին։
Հանդիպումների ընթացքում լայնորեն քննարկվել են Միջին միջանցքը, Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին, տարածաշրջանային կապակցվածությունը եւ TRIPP նախագիծը։ Ադրբեջանական կողմի հաղորդմամբ՝ քննարկումների ընթացքում շեշտվել է նաեւ «Զանգեզուրի միջանցքի» կարեւորությունը։
Այսինքն, Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթերում «Զանգեզուրի միջանցք» եզրույթ գոյություն չունի. դրանցում արձանագրվում են TRIPP-ի կամ «Թրամփի ուղու» մասին, չեն նախատեսվում որեւէ արտատարածքային միջանցքային ռեժիմ Հայաստանի տարածքում։ Չնայած դրան՝ Բաքուն եւ թուրքական շրջանակներ շարունակում են օգտագործել «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը։ Սա պատահականություն չէ։ Ադրբեջանը փորձում է տեղեկատվական եւ քաղաքական դաշտում պահպանել այն օրակարգը, որի համաձայն Հայաստանի տարածքով հաղորդակցությունը պետք է ստանա հատուկ կարգավիճակ։
TRIPP-ի շուրջ քննարկումների ֆոնին այդ նույն եզրույթի արծարծումը կարելի է դիտարկել որպես փորձ՝ նոր հաղորդակցային նախագծերը ներկայացնելու Ադրբեջանի նախընտրած մեկնաբանությամբ։ Հետեւաբար, Հայաստանի համար կարեւոր է ոչ միայն ստորագրվող փաստաթղթերի բովանդակությունը, այլ նաեւ դրանց շուրջ ձեւավորվող քաղաքական, տեղեկատվական միջավայրը, պաշտոնական Երեւանի դիվանագիտական աշխատանքը։
Տարածաշրջանային հաղորդակցություններ, վտանգներ եւ հնարավորություններ
Ստամբուլյան հանդիպումների ընթացքում առանձնահատուկ ուշադրություն է դարձվել նաեւ Միջին միջանցքին, Հարավային գազային միջանցքին, Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղուն եւ Հարավային Կովկասի աճող ռազմավարական նշանակությանը։ Ադրբեջանի, Թուրքիայի եւ Վրաստանի ներկայացուցիչները ընդգծել են, որ տարածաշրջանը վերածվում է Եվրոպան եւ Ասիան կապող կարեւորագույն տարանցիկ հանգույցի։
Այս հայտարարությունները ցույց են տալիս, որ երեք երկրները ձգտում են ձեւավորել ինտեգրված տրանսպորտային եւ էներգետիկ համակարգ, որի առանցքում գտնվում են հենց իրենց վերահսկողության տակ գտնվող ենթակառուցվածքները։ Հայաստանի համար սա ե՛ւ հնարավորություն է, ե՛ւ մարտահրավեր։
Հնարավորություն է այն առումով, որ տարածաշրջանային խաղաղության պայմաններում Հայաստանը կարող է միանալ նոր հաղորդակցային նախագծերին, բացել սահմանը Թուրքիայի հետ, վերագործարկել Գյումրի-Կարս երկաթուղին եւ դառնալ նոր տնտեսական կապերի մասնակից։
Սակայն վտանգն այն է, որ հաղորդակցությունների թեման կարող է օգտագործվել նաեւ քաղաքական ճնշման գործիքների ձեւավորման համար։ Եթե «TRIPP»-ը կամ այլ նախագծեր հետագայում փորձ արվի ներկայացնել որպես «Զանգեզուրի միջանցքի» վերափոխված տարբերակ, ապա Հայաստանը կարող է հայտնվել նոր քաղաքական եւ դիվանագիտական ճնշումների ներքո, իսկ մեր երկիրը՝ անվտանգային նոր մարտահրավերների ու վտանգների առջեւ։
Այսինքն, Հայաստանի համար հիմնական խնդիրը ոչ միայն հաղորդակցությունների բացումն է, այլ դրանց իրավական եւ քաղաքական սահմանների հստակ ամրագրումը՝ Հայաստանի ինքնիշխանության լիարժեք պահպանմամբ։
Այսպիսով, Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացում թեեւ որոշ տեղաշարժ կա, սակայն դեռեւս վաղ է խոսել անխուսափելի եւ արագ հանգուցալուծման մասին։ Արարատ Միրզոյանի լավատեսությունը ցույց է տալիս, որ երկխոսության հիմքում պաշտոնական Երեւանն առաջընթացի հույս ունի։ Սակայն Հաքան Ֆիդանի եւ Թուրքիայի ԱԳՆ հայտարարությունները վկայում են, որ Անկարան շարունակում է հայ-թուրքական գործընթացը դիտարկել ադրբեջանական պահանջների հետ փոխկապակցված։
Հայաստանում խորհրդարանական ընտրություններից հետո Թուրքիան, անշուշտ, ստացել է ավելի կանխատեսելի բանակցային միջավայր։ Թուրքական կողմի հայտարարություններից դեռեւս չի նկատվում, որ պատրաստ են Հայաստան-Թուրքիա դիվանագիտական հարաբերությունների կարգավորման առանց Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների վերջնական կարգավորման կամ առնվազն Բաքվի հիմնական ակնկալիքների բավարարման։
Անկարան ու Բաքուն շարունակում են համակարգված կերպով առաջ մղել տարածաշրջանային կապակցվածության սեփական տեսլականը, սակայն մյուս կողմից TRIPP-ի շուրջ քննարկումները եւ «Զանգեզուրի միջանցք» եզրույթի շարունակական օգտագործումը վկայում են, որ Բաքուն չի հրաժարվելու իր քաղաքական նպատակներից։
Հետեւաբար, Հայաստանի համար առաջիկա ամիսների գլխավոր հարցը լինելու է ոչ միայն Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը, այլ այն, թե ինչ պայմաններով եւ ինչ տարածաշրջանային ճարտարապետության շրջանակում է տեղի ունենալու այդ կարգավորումը։ Սահմանի բացումն ինքնին կարող է դառնալ կարեւոր ձեռքբերում, սակայն դրա իրական արժեքը կախված կլինի նրանից, թե արդյոք Հայաստանը կկարողանա այդ գործընթացն իրականացնել սեփական ինքնիշխանության, անվտանգային շահերի եւ երկարաժամկետ տարածաշրջանային դերակատարության պահպանման պայմաններում։
Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
11.06.2026


















































