Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը Սահմանադրական դատարանում ամսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների քվեարկության արդյունքները բողոքարկելու որևէ օբյեկտիվ հիմք չի տեսնում։ Այդ մասին նա հայտարարեց այսօր լրագրողների հետ զրույցում՝ հավելելով, որ ԿԸՀ-ն հաստատել է ընտրությունների վերջնական արդյունքները՝ փաստելով իշխող ուժի հաղթանակը։
Նկատի ունենալով ընդդիմադիրներին՝ իշխող ուժի ներկայացուցիչը հայտարարում է․ «Զրո բովանդակությամբ մարդիկ մտնում են քաղաքականություն՝ օգտագործելով փողը և դրա հաշվին կարողանում են մանդատներ գողանալ Հայաստանի ժողովրդից, ինչը պետք է կանխվի օրենսդրական մակարդակով»։
«Ցավում եմ, որ ՀՀ քաղաքացիները տեղի են տվել ընտրակաշառքին և դրա, ինչպես նաև այլ հանցավոր ազդեցությունների հետևանքով գնացել են տեղամասեր ու իրենց ձայնը տվել «պատերազմի եռագլուխ կուսակցության» ներկայացուցիչներին։ Նրանք բոլորը պետք է պատասխան տան օրենքի առաջ, և խոսքը չի կարող վերաբերել միայն այն մարդկանց, ում, ինչպես ասում են, տեղում ձեռքից բռնել են»,- ասաց նա՝ հավելելով, որ Հակակոռուպցիոն կոմիտեն Արդարադատության նախարարությանն է փոխանցել երկրի ողջ տարածքում գործած համակարգված հանցավոր սխեմաների անհերքելի և խոսուն ապացույցներ։
«Այստեղ գործել է հանցավոր սխեմա, և երբ ասում եմ, որ պետք է հասնենք գլուխներին, ապա իմ և բոլորիս կասկածները, բնականաբար, տանում են դեպի «պատերազմի եռագլուխ կուսակցության» ղեկավարները»,- հավելեց Արթուր Հովհաննիսյանը։
Կարդացեք նաև
Զուգահեռաբար, բանախոսի կարծիքով, պետք է առաջ մղել ապօրինի գույքի բռնագանձման գործընթացները։ Ընտրակաշառքների սխեմաների հիմնական շահառուներն, իր պնդմամբ, Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Ծառուկյանը և Սամվել Կարապետյանն են, ովքեր իբրև տասնյակ միլիոնավոր դոլարներ են ծախսել ձայներ գնելու համար։ Ծախսերը չեն արդարացել, բայց նրանց ազդեցությունը պետք է վերացվի՝ հանուն պետական անվտանգության։
Եթե ընդդիմությունը որոշի մասնակցել նորընտիր խորհրդարանի աշխատանքներին, ապա իշխող կուսակցության ներկայացուցչի պնդմամբ՝ նրանց բարդ օրեր են սպասվում․ «Նրանց շատ դաժան իրականություն է սպասվում քաղաքական առումով։ Մենք պատրաստվում ենք քաղաքականապես ոչնչացնել նրանց նիստերի դահլիճում, և այն, ինչ տեղի էր ունենում նախկին ընդդիմության հետ, դեռ ծաղիկներ են լինելու այս նոր եռագլուխների համար։ Դա նշանակում է, որ բովանդակային առումով, քաղաքական դաշտում մենք ոչնչացնելու ենք այդ ուժերին, իսկ խորհրդարանը կշարունակի իր բնականոն աշխատանքը»։
Վստահեցրեց՝ բանը ձեռնամարտերի և ծեծկռտուքների չի հասնի։
«Ընտրություններից արդեն տասն օր է անցել, և որտե՞ղ են հիմա նրանք, ովքեր գոռում էին 300 հազար ադրբեջանցիների մասին։ Ամեն անգամ, երբ սառնարանն էիր բացում, այնտեղից Նարեկ Կարապետյանն էր դուրս գալիս ու գոռում 300 հազար ադրբեջանցիների մասին, թեյնիկն էիր միացնում՝ այնտեղից Ռոբերտ Քոչարյանն էր դուրս գալիս նույն գոռոցով, զուգարան էիր մտնում, կներեք, այնտեղ էլ էիր հանդիպում կալուգացի օլիգարխին՝ այդ նույն թեմայով։ Որտե՞ղ են այդ մարդիկ հիմա»,- ասաց նա՝ հավելելով, որ ընդդիմությունը փողոցային պայքարի որևէ ռեսուրս չունի։
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































