ՀՊՄՀ-ում հյուրընկալվել է ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության մշակույթի խորհրդական դոկտոր Մոհամմադ Ասադի Մովահեդը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են պարսկերենի դասավանդման մեթոդաբանության զարգացման, կրթական համագործակցության ընդլայնման և համատեղ գիտակրթական ծրագրերի իրականացման հարցեր։
ՀՊՄՀ-ի ռեկտորի պաշտոնակատար Լիլիթ Մկրտչյանը նշել է, որ բուհը պատրաստ է իր ներդրումն ունենալ Հայաստանում պարսկերենի դասավանդման մեթոդաբանության զարգացման և միջազգային համագործակցության ընդլայնման գործում։
Դոկտոր Ասադի Մովահեդը համալսարանի հետ համագործակցության մեկնարկը գնահատել է որպես կարևոր քայլ՝ ընդգծելով դրա լայն հեռանկարները։ Նրա խոսքով՝ ներկայումս Հայաստանում շուրջ 4500 աշակերտ ուսումնասիրում է պարսկերեն, սակայն ոլորտի հիմնական մարտահրավերներից է համապատասխան մասնագետների և պարսկերեն դասավանդող ուսուցիչների սահմանափակ քանակը։
Մշակույթի խորհրդականը կարևորել է Մանկավարժական համալսարանի մասնագիտական ներուժը և առաջարկել համալսարանի գիտական ու դասախոսական կարողությունների ներգրավմամբ զարգացնել պարսկերենի ուսուցման մեթոդաբանությունը։ Նա նաև հայտնել է, որ իրանական կողմը պատրաստ է ներգրավել հրավիրյալ դասախոսների և կազմակերպել մասնագիտական վերապատրաստման ծրագրեր։
Կարդացեք նաև
Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են կրթական և մշակութային համագործակցության խորացման պատրաստակամությունը՝ կարևորելով համատեղ ծրագրերի իրականացումն ու փորձի փոխանակումը։


















































