Լրահոս
Օրվա լրահոսը

Երեւանն ու Մոսկվան տարբեր լեզուներով են խոսում

Օգոստոս 06,2026 11:00 Share

Սկիզբը՝ այստեղ:

 

Հայաստանին, ըստ էության, տրվել է ժամանակ՝ մինչեւ դեկտեմբեր

Մոսկվան այլեւս չի բավարարվում խոստումներով

Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում տարաձայնությունները դուրս են եկել սովորական դիվանագիտական անհամաձայնությունների շրջանակից եւ վերածվել են քաղաքական դիմակայության նոր փուլի։ Եթե առաջին հայացքից թվում է, թե խոսքը վերաբերում է միայն հայկական ապրանքների արտահանման սահմանափակումներին, ԵԱՏՄ-ում առաջացած խնդիրներին կամ Եվրամիությանն անդամակցության շուրջ հնչող հայտարարություններին, ապա իրականում տեղի ունեցող գործընթացների հիմքում շատ ավելի խորքային հարց է՝ Մոսկվան փորձում է հասկանալ՝ Հայաստանը դեռեւս դիտո՞ւմ է Ռուսաստանին որպես իր ռազմավարական առանցքը, թե արդեն սկսել է ձեւավորել նոր աշխարհաքաղաքական ինքնություն։

Այս ճգնաժամն աստիճանաբար ձեւավորվեց վերջին տարիներին, երբ Երեւանը սկսեց բացահայտ խոսել անվտանգության, տնտեսության եւ արտաքին քաղաքականության այլընտրանքների մասին։ Սակայն եթե մինչ այժմ Ռուսաստանը հիմնականում սահմանափակվում էր քաղաքական դժգոհությամբ կամ առանձին հայտարարություններով, ապա այս տարվա խորհրդարանական ընտրություններից առաջ եւ հետո Մոսկվան անցավ արդեն համակարգված ճնշման քաղաքականության։

Նախ տնտեսական սահմանափակումներ մտցվեցին հայկական արտադրանքի նկատմամբ՝ պաշտոնապես հղում անելով ֆիտոսանիտարական խնդիրներին։ Այնուհետեւ ԵԱՏՄ առաջնորդները հանդես եկան աննախադեպ հայտարարությամբ՝ պահանջելով, որ Հայաստանը հնարավորինս արագ որոշի՝ մնում է եվրասիական ինտեգրման շրջանակո՞ւմ, թե՞ գնում է դեպի Եվրոպական միություն։ Դրան հաջորդեց Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը Նիկոլ Փաշինյանի հետ, որի ընթացքում Կրեմլը կրկին շեշտեց հանրաքվեի անհրաժեշտությունը։ Իսկ հաջորդ օրը Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայությունը հրապարակեց հայտարարություն, որն իր բովանդակությամբ ավելի շատ քաղաքական վերջնագիր էր հիշեցնում, քան հետախուզական գնահատական։

Այս ամբողջ շղթան դժվար է դիտարկել որպես պատահականությունների համընկնում։ Ընդհակառակը, այն վկայում է, որ Մոսկվան անցել է նոր, ավելի կոշտ մարտավարության։ Եթե նախկինում Ռուսաստանը փորձում էր ազդել Հայաստանի իշխանությունների որոշումների վրա, ապա այժմ փորձում է ստիպել Երեւանին կատարել վերջնական քաղաքական ընտրություն՝ առանց անորոշության եւ երկարաձգվող մանեւրների։ Այսինքն, Հայաստանին տրվել է ժամանակ մինչեւ դեկտեմբեր։

Բայց այս իրավիճակն ունի նաեւ մեկ այլ կարեւոր առանձնահատկություն։ Ռուսաստանը կոշտացրել է դիրքորոշումը ոչ թե այն պահին, երբ Հայաստանի խորհրդարանը մեկուկես տարի առաջ ընդունեց Եվրամիությանն անդամակցության գործընթաց սկսելու մասին օրենքը, այլ հենց այն ժամանակ, երբ այդ օրենքը կարող էր վերածվել իրական քաղաքական գործընթացի՝ խորհրդարանական ընտրություններից հետո։ Սա նշանակում է, որ Մոսկվայի համար խնդիրը ոչ այնքան հայտարարություններն են, որքան դրանց գործնական իրականացումը։

Հենց այս համատեքստում է պետք դիտարկել նաեւ այն հանգամանքը, որ մինչ օրս Ռուսաստանի նախագահը չի շնորհավորել Նիկոլ Փաշինյանին ԱԺ ընտրություններից հետո։ Իսկ միջպետական հարաբերություններում նման ժեստերը ձեւականություն չեն։ Դրանք քաղաքական ազդակներ են։ Առավել եւս, երբ նույն Վլադիմիր Պուտինը նախընտրական շրջանում հրապարակայնորեն խոսում էր Հայաստանում ռուսամետ ուժերի մասնակցության անհրաժեշտության մասին, իսկ ավելի վաղ նույնիսկ զուգահեռներ էր անցկացնում Հայաստանի եւ Ուկրաինայի միջեւ՝ ակնարկելով, որ Կիեւի ճգնաժամն էլ սկսվեց եվրոպական ինտեգրման ճանապարհից։

Այս ֆոնին շնորհավորանքի բացակայությունը դժվար է ընկալել որպես պարզապես դիվանագիտական անուշադրություն։ Ավելի հավանական է, որ Կրեմլը դեռեւս չի ցանկանում ձեւավորել այն տպավորությունը, թե ընտրությունների արդյունքները լիարժեք ընդունել է որպես նոր քաղաքական իրողություն։ Եվ հենց այդ պատճառով Հայաստանի հետ շփումները սկսվում են ոչ թե շնորհավորանքներով, այլ պահանջներով։

Մոսկվայի հաջորդ թիրախը՝ Հայաստանի ինքնիշխան որոշումներն են

Հայ-ռուսական հարաբերություններում ճգնաժամն աստիճանաբար փոխում է իր բնույթը։ Եթե մինչեւ այժմ հակասությունների առանցքում արտաքին քաղաքական ընտրությունն էր՝ Եվրոպա՞, թե՞ Եվրասիական տնտեսական միություն, ապա այսօր տարաձայնություններն արդեն հասել են պետական ինքնիշխանության այն ոլորտներին, որոնք տարիներ շարունակ համարվել են հայ-ռուսական ռազմավարական գործընկերության հիմքը։

Դրա ամենավառ օրինակը հայկական երկաթուղու կառավարման հարցն է։

Փաշինյանի հայտարարությունը, թե հայկական երկաթուղու կառավարումը Հայաստանի կողմից հետ վերցնելուն «այլընտրանք չկա», առաջին հայացքից կարող է ընկալվել որպես տնտեսական կամ կառավարման վերաբերյալ հերթական հայտարարություն։ Սակայն քաղաքական իմաստով այն շատ ավելի խորն է։ Սա առաջին դեպքերից է, երբ Փաշինյանը բաց տեքստով հայտարարում է, որ ռազմավարական ենթակառուցվածքի նկատմամբ ներկայիս մոդելը այլեւս չի համապատասխանում Հայաստանի պետական շահերին։

Ավելին, նա առաջին անգամ հրապարակայնորեն խոսեց նաեւ հնարավոր իրավական լուծումների եւ միջազգային արբիտրաժի մասին։ Դա նշանակում է, որ Երեւանը փորձում է Մոսկվային հասկացնել, որ խնդիրը դուրս է գալիս քաղաքական բանակցությունների շրջանակից եւ, անհրաժեշտության դեպքում, տեղափոխվելու է իրավական հարթություն։ Սա արդեն սկզբունքային փոփոխություն է։

Տարիներ շարունակ հայ-ռուսական հարաբերություններում ամենազգայուն հարցերը լուծվում էին քաղաքական պայմանավորվածություններով։ Այժմ Երեւանը փաստացի հայտարարում է, որ նույնիսկ ռազմավարական ենթակառուցվածքների շուրջ տարաձայնությունները կարող են լուծվել ոչ թե քաղաքական փոխզիջումներով, այլ իրավական մեխանիզմներով։ Սա վկայում է այն մասին, որ կողմերի միջեւ վստահության պաշարը էապես նվազել է։

Պատահական չէ նաեւ ռուսական արձագանքը։ «Ռուսական երկաթուղիներից» անմիջապես հիշեցրեցին կոնցեսիոն պայմանագիրը եւ հնարավոր հարյուր միլիոնավոր դոլարների փոխհատուցման մասին։ Դա պարզապես պայմանագրային հիշեցում չէր։ Դա քաղաքական ազդակ էր, որ Հայաստանի ցանկացած փորձ՝ վերանայելու վերջին երկու տասնամյակների ընթացքում ձեւավորված ռուսական տնտեսական ներկայությունը, ունենալու է կոնկրետ ֆինանսական եւ քաղաքական հետեւանքներ։

Այսինքն, եթե նախկինում Մոսկվան փորձում էր Հայաստանին կանգնեցնել աշխարհաքաղաքական ընտրության շեմին, ապա այժմ ակնհայտ է, որ քննարկման առարկա են դառնում նաեւ այն բոլոր ոլորտները, որոնք երկար տարիներ համարվել են ռուսական ազդեցության անբաժանելի բաղադրիչ։

Սա արդեն սովորական դիվանագիտական տարաձայնություն չէ։ Սա ազդեցության գոտիների վերաձեւավորման գործընթաց է։

Փոխվել են ոչ միայն հարաբերությունները, այլեւ դրանց փիլիսոփայությունը

Մոսկվան այլեւս չի ցանկանում ապրել անորոշության պայմաններում. Ռուսաստանը պահանջում է, որ Հայաստանը վերջնականապես հայտարարի՝ ընտրում է եվրոպական ուղղությո՞ւնը, թե՞ շարունակում է մնալ եվրասիական ինտեգրման շրջանակում։ Բացի այդ, այսօր արդեն ակնհայտ է, որ խնդիրը ոչ միայն Հայաստանի արտաքին քաղաքական ընտրությունն է։ Խնդիրը շատ ավելի խորն է։ Փաստորեն, բախվում են երկու տարբեր պատկերացումներ պետության ինքնիշխանության մասին։

Ռուսաստանի քաղաքական տրամաբանությունը շարունակում է կառուցվել դասական ռազմավարական դաշինքի սկզբունքի վրա։ Այդ համակարգում դաշնակիցը չի կարող միաժամանակ կառուցել անվտանգության, տնտեսական եւ քաղաքական հավասարազոր հարաբերություններ մի քանի աշխարհաքաղաքական կենտրոնների հետ։ Այդպիսի վարքագիծը Մոսկվայում ընկալվում է ոչ թե որպես բազմավեկտոր քաղաքականություն, այլ որպես հեռացում ստանձնած պարտավորություններից, ավելի ճիշտ՝ հրաժարում ենթարկվելուց։

Փաշինյանի վերջին հայտարարությունները ցույց են տալիս, որ Երեւանը որդեգրել է այլ տրամաբանություն։ «Այլընտրանք չունենալու դարաշրջանը փակված է» արտահայտությունը, թերեւս, ամենակարեւոր արտաքին քաղաքական հայտարարությունն էր։ Այն իրականում վերաբերում է ոչ միայն Ռուսաստանին։ Դրանով ազդարարվում է, նկարագրվում է Հայաստանի նոր տեսլականը։

Փաշինյանը փաստացի հասկացնել է տալիս, որ անկախությունը 21-րդ դարում չափվում է ոչ միայն տարածքային ամբողջականությամբ կամ բանակով, այլ նաեւ ընտրության հնարավորությամբ։ Եթե պետությունը չունի այլընտրանքներ, ապա նրա ինքնիշխանությունը սահմանափակ է։

Սա այն գաղափարական տարբերությունն է, որը վերջին ամիսներին դարձել է Երեւանի եւ Մոսկվայի հիմնական հակասությունը։ Ռուսաստանն ասում է՝ «նախ ընտրեք, հետո կառուցեք այդ ճանապարհը», Հայաստանը պատասխանում է՝ «նախ ցույց տվեք, որ այդ ճանապարհն իրական է, հետո ժողովուրդը որոշում կկայացնի»։ Այս երկու մոտեցումները, գործնականում, անհամատեղելի են։

Ռուսաստանի գլխավոր հարցը՝ «ո՞ւմ հետ է Հայաստանը»

Հանրաքվեի անցկացման պահանջը, տնտեսական սահմանափակումները, Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայության աննախադեպ հայտարարությունը, Պուտինի կողմից ընտրություններից հետո Փաշինյանին չշնորհավորելը, ԵԱՏՄ-ի շուրջ սրված բանավեճը, հայկական երկաթուղու կառավարման հարցը՝ առանձին վերցրած տարբեր թեմաներ են։ Սակայն քաղաքական տրամաբանության մեջ դրանք մեկ շղթայի օղակներ են։

Դրանց ընդհանուր առանցքը մեկն է՝ փոխվել է Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունների հիմքը։ Երկար տարիներ այդ հարաբերությունները կառուցվել էին փոխադարձ կախվածության մոդելի վրա։ Հայաստանը Ռուսաստանի անվտանգության համակարգի մի կարեւոր մասն էր, իսկ Ռուսաստանը՝ Հայաստանի հիմնական ռազմական, տնտեսական եւ քաղաքական հենարանը։ Այսօր այդ բանաձեւն այլեւս չի գործում։

Երեւանը փորձում է աստիճանաբար փոխարինել կախվածությունը տարբեր ուղղություններով։ Մոսկվան, ընդհակառակը, փորձում է պահպանել նախկին մոդելը՝ պահանջելով հստակ աշխարհաքաղաքական հավատարմություն։

Այստեղ է նաեւ վերջին շաբաթների գլխավոր քաղաքական պարադոքսը։

Ոչ Երեւանը, ոչ Մոսկվան պաշտոնապես չեն հայտարարում հարաբերությունների խզման մասին։ Ոչ Հայաստանն է հայտարարել ԵԱՏՄ-ից դուրս գալու գործընթաց սկսելու մասին, ոչ էլ Ռուսաստանն է հայտարարել Հայաստանի հետ ռազմավարական հարաբերությունները դադարեցնելու մասին։

Սակայն երկու կողմերի հրապարակային հայտարարությունները, քաղաքական ուղերձները եւ գործողությունները փաստում են, որ հարաբերությունների նախկին փիլիսոփայությունն արդեն քանդվել է։

Հենց այդ պատճառով է, որ կողմերը փաստացի այլեւս խոսում են տարբեր լեզուներով։ Հայաստանի գլխավոր հարցն այլ է. «ինչպե՞ս ապահովել, որ վաղը Հայաստանը երբեք չմնա առանց ընտրության հնարավորության»։ Իսկ Կրեմլի  գլխավոր հարցը մեկն է՝ «ո՞ւմ հետ է Հայաստանը»։ Եթե մեզ հետ չեք, ուրեմն, «պայծառ ապագան» կառուցեք առանց մեզ։

Սա արդեն սովորական դիվանագիտական վեճ չէ։ Սա երկու տարբեր աշխարհաքաղաքական մտածողությունների բախում է։

 Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
06.08.2026

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել