Լրահոս
Օրվա լրահոսը

Կոշտ խոսակցություն. Նիկոլ Փաշինյանն անցնում է «հավերժական» բանաձեւին

Օգոստոս 06,2026 10:00 Share

Կառավարության աղբյուրներին հղումով հրապարակվել է տեղեկություն, որ Նիկոլ Փաշինյանը բանակում տիրող իրավիճակի վերաբերյալ կոշտ խոսակցություն է ունեցել պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ։ Սուրեն Պապիկյանն օրերս վերանշանակվել է այդ պաշտոնում։ Փաշինյանի խոսակցությունը եղել է նրան վերանշանակումից առաջ, թե հետո, պարզ չէ։ Բայց, դա գուցե էական չէ։ Անգամ էական չէ՝ եղե՞լ է այդպիսի խոսակցություն իրականում, թե՞ կառավարության աղբյուրներն են շահագրգռված տարածել դրա մասին տեղեկատվություն, հանրային համարժեք պատկերացում ձեւավորելու համար։ Դա էլ, իհարկե, դժվար է ասել։ Թեեւ, շատ հավանական է նաեւ երկուսը մեկում՝ թե կոշտ խոսակցությունը, թե դրա մասին հանրայնացման մոտիվը։

Բոլոր պարագաներում՝ պատկերը լիովին տեղավորվում է այն համակարգի տրամաբանության մեջ, որ փորձում է կառուցել Նիկոլ Փաշինյանը։ Իսկ նա փորձում է կառուցել կառավարման ավտորիտար համակարգ, որի հիբրիդային տարբերակը ձեւավորվեց 2018-ից հետո եւ առավել բյուրեղացավ 2020-ից հետո, իսկ այժմ թերեւս անցում է կատարվում ավտորիտարիզմի «դասական» տարբերակին։ Նիկոլ Փաշինյանը դա է համարում իր քաղաքական դիրքերի ամրության եւ իր ղեկավարած իշխանական համակարգի կառավարելիության գրեթե անայլընտրանք տարբերակը։

Իսկ ավտորիտար համակարգի անխուսափելի եւ անհրաժեշտ քարոզչական ուղեկիցը «բարի ցար՝ վատ բոյարներ» քարոզչական բանաձեւի լայն հանրայնացումն է, տպավորության ստեղծումը, որ գոյություն ունեցող արատների համար պատասխանատուն ոչ թե գերագույն իշխանավորն է, այլ ավելի ցածր ենթակաները։ Ու, քանի որ վերջին շրջանում Հայաստանի զինված ուժերում, այսպես ասած, խաղաղ պայմաններում մահվան դեպքերը ստացել են մտահոգիչ պարբերականություն, Նիկոլ Փաշինյանն ըստ ամենայնի համարում է, որ ժամանակն է «ապահովագրվել» պատասխանատվությունից։

Նա, իհարկե, այդ ուղղությամբ առաջին քայլը արել է վաղուց, կրկնելով նաեւ օրերս, թե բանակում եղած բոլոր խնդիրները գալիս են հասարակությունից։ Բայց, միեւնույն ժամանակ, Նիկոլ Փաշինյանն ըստ ամենայնի մտածում է, որ այդ հնարքը հանրային ոչ բոլոր շերտերի համար կարող է լինել ազդեցիկ։ Հետեւաբար, բոլորովին բացառված չէ մեկ այլ հնարքի մոտիվացիան, հենց՝ «բարի ցար՝ վատ բոյարներ» սկզբունքի շրջանակում։

Առավել եւս, որ բանաձեւի հարցում Նիկոլ Փաշինյանին ավելի մոտիվացված է դարձնում ոչ միայն ավտորիտար կառավարման համակարգի «շինարարությունը», այլ նաեւ 2026 թվականի խորհրդարանի ընտրության արդյունքը, որը ստացվել է լեգիտիմության գործնականում վերջին թելը կտրելու՝ ընտրական լեգիտիմությունից զրկվելու գնով։

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել