«Արեգնազ Մանուկյանի հետ տեղի ունեցողը այլ կերպ, քան խոշտանգում, բնութագրել հնարավոր չէ»,- ասաց «Մայր Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Դերենիկ Մալխասյանը «Հայելի» ակումբում՝ անդրադառնալով ընդդիմադիր քաղաքական գործչին խիստ ռեժիմով կալանավորելու դատարանի որոշմանը, որը ներառում է 13-ամյա դստեր և 86-ամյա մոր հետ շփման որևէ հնարավորության բացառում։
«Փաստաբան Տաթևիկ Սողոյանը նշել է, որ նույնիսկ ՄԻՊ գրասենյակի հոգեբաններն են աշխատել երեխայի հետ։ Եվ երեխան շատ ծանր է տանում այս ամենը։ Հոգեբանական տրավմաներ են, որոնցից հետագայում վերականգնվելը շատ դժվար է լինելու։
Արեգնազ Մանուկյանի փաստաբան Տաթևիկ Սողոյանը նաև մեկ այլ հետաքրքիր դիտարկում արեց, որ ինքը շանտաժի էլեմենտ է տեսնում Արեգնազ Մանուկյանի գործում այն առումով, որ նախ, Արեգնազ Մանուկյանին ձերբակալել են բացառապես ենթադրությունների հիման վրա, ապա խիստ ռեժիմով այսպիսի բռնաճնշումների ենթարկելով՝ ուզում են ժողովրդական լեզվով ասած՝ «գրել տալ» Անդրանիկ Թևանյանի վրա, որպեսզի հնարավորություն ունենա ազատության մեջ հայտնվելու կամ երեխայի և հարազատների հետ շփում ունենալու։ Եթե նման բան կա, սա ուղղակի նողկալի է, անմարդկային է, հակահիգիենիկ է մարդու նկատմամբ։
Ես համակարծիք եմ, որ այստեղ կարող է լինել շանտաժի տարր, և սրանով բացահայտվում են Նիկոլ Փաշինյանի ռեժիմի այլանդակ դիմագծերը։ Դրա մեջ տեղավորվում է նաև Անդրանիկ Թևանյանի հետ կատարվողը, որ ՔՊ-ականները տարբեր ամբիոններից՝ ԱԺ-ից մինչև լրատվական հարթակներ, «բերանները շաղ են տալիս» Անդրանիկ Թևանյանի հետ կապված։ Ի՞նչ է այստեղ տեղի ունենում։
Կարդացեք նաև
Շինծու քրեական գործով ձերբակալում են Անդրանիկ Թևանյանին, մեծ աղմուկ են բարձրացնում, շինծու քրեական գործն էլ սկսվում է Փաշինյան Նիկո՞լի հրապարակային հայտարարությունից հետո։ Եվ ուժային կառույցներն արդեն անցնում են գործի՝ իբր լրտեսություն, պետական գաղտնիք։ Ինչ-որ ահասարսուռ բաներ են խոսում։ Եվ դա անում են, որովհետև իրենք Գեբելսի հոգեզավակներն են։ Նպատակն է՝ սարքել շինծու քրեական գործ՝ շատ անշնորհք ու փնթի։ Բայց միայն այդ գործի առկայությունը իրենց թույլ է տալիս հղում անել այդ գործին, արատավորել քաղաքական-հասարակական գործիչ Անդրանիկ Թևանյանի բարի համբավն ու պատիվը։ Այսինքն՝ փորձում են վարկաբեկել Անդրանիկ Թևանյանին, «Մայր Հայաստանին», Արեգնազ Մանուկյանին»։
Խոսելով Ռուբեն Ռուբինյանի՝ նոր ԱԺ-ում աշխատանքները զրոյական կետից սկսելու և բարեկիրթ հարաբերվելու առաջարկի մասին՝ Դերենիկ Մալխասյանն ասաց. «Նախ Ռուբեն Ռուբինյանի շեֆը՝ Նիկոլ Փաշինյանը, մեկ անգամ ասել է, որ իրենք Արցախի հակամարտության շուրջ բանակցություններն սկսում են իրենց զրոյական կետից։ Եվ այդ զրոյական կետի արդյունքում մենք ունեցանք 5000 զոհ, հայրենիքի կորուստ, 150 հազարից ավել հայրենազրկվածներ, մի շարք կորուստներ նաև Հայաստանի սուվերեն տարածքից։ Սրանք որ սկսում են խոսել իրենց զրոյական կետից, մենք պետք է առնվազն զգուշանանք, որովհետև ինչ-որ փորձանք հաստատ բերելու են։
Բարեկրթության մասին։ ՔՊ-ականների հետ բարեկրթության շուրջ պայմանավորվելը նույնն է, թե Հիտլերի հետ ժամանակին փորձեին պայմանավորվել մարդու հիմնարար իրավունքների, խոսքի ազատության հարգման, ազգերի հավասարության թեմաների շուրջ»,- ասաց Դերենիկ Մալխասյանը։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































