«Ես հպարտ եմ, որ մինչև էթնիկ զտումն այցելեցի Արցախ և տեսա, թե որքան գեղեցիկ է այն։ Վերադառնալուց հետո իմացա, որ ինձ արգելվել է մուտք գործել Ադրբեջան։ Սակայն ես դա կրում եմ՝ որպես պատվո նշան։ Որովհետև եթե մարդու իրավունքների պաշտպանության համար պայքարելը նշանակում է, որ ինձ այլևս չեն ողջունում Ադրբեջանում, ապա դա միայն ավելի է ամրապնդում իմ վճռականությունը՝ շարունակելու պայքարել հայ ժողովրդի արդարության համար»,-Բաքվում պահվող հայ գերիների բանտարկության 1000-րդ օրվա կապակցությամբ ԱՄՆ Կոնգրեսում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱՄՆ կոնգրեսական Ջուդի Չուն։
Կոնգրեսականը հիշեց՝ իր՝ Արցախ այցից առաջ ադրբեջանական կողմից իրեն հորդորում էին չգնալ Արցախ և զգուշացնում, որ դա հետևանքներ է ունենալու և ասաց․ «Սակայն ես, միևնույն է, գնացի, որովհետև հավատում էի, որ աշխարհը պետք է տեսնի հայ ժողովրդին՝ նրանց համայնքները, եկեղեցիները և նրանց՝ հայրենիքի հետ ունեցած խորը կապը։ Ինձ նաև խորապես ցավ է պատճառում մտածել, որ Արցախը ավերվել է, իսկ նրա բնակչությունն այսօր Հայաստանում և աշխարհի այլ վայրերում ապրում է որպես փախստական»։
Ջուդի Չուն վստահեցրեց՝ չենք կարող թույլ տալ, որ աշխարհը երես թեքի այս խնդրից։ Նա փաստեց՝ այսօր առնվազն 19 հայ ռազմագերիներ և քաղաքացիական պատանդներ շարունակում են մնալ Ադրբեջանում՝ գերության մեջ, որտեղ նրանք ենթարկվում են բռնությունների և խոշտանգումների, զրկված են իրենց հիմնարար իրավունքների պաշտպանությունից․ «Բաքվում պահվող անձինք արժանի են արդարության։ Նրանք արժանի են պատշաճ դատավարության և նրանք արժանի են վերադառնալու տուն։ Մենք պետք է ապահովենք, որ Արցախի ժողովուրդը կարողանա վերադառնալ իր հայրենիք։ Մենք պետք է ապահովենք, որ Արցախի մշակութային և կրոնական ժառանգությունը պահպանվի։ Եվ մենք պետք է հասնենք Ադրբեջանում պահվող քաղաքական բանտարկյալների և գերիների ազատ արձակմանն ու վերադարձին։ Այսօր, հիշատակելով հայ ռազմագերիների՝ Բաքվում պահվելու 1000 օրը, մենք հստակ ուղերձ ենք հղում՝ այս գերիները չեն մոռացվել, նրանց ընտանիքները չեն մոռացվել և Արցախի ժողովուրդը չի մոռացվել։ Մենք չենք դադարի բարձրաձայնել այս հարցի մասին մինչև յուրաքանչյուր գերի չազատվի, մինչև հայ ժողովուրդը չկարողանա ապրել խաղաղության, անվտանգության և արժանապատվության պայմաններում»։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































