Լրահոս
Օրվա լրահոսը

«Իշխանատենչությո՞ւն, թե՞ օտար ծրագրի իրականացում». Խոսրով Հարությունյան

Հունիս 25,2026 20:22 Share

ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Օրերս «Վերադարձ Արևմտյան Ադրբեջան» աշխարհաքաղաքական նախաձեռնության շրջանակներում Ադրբեջանի նախագահի անմիջական նախաձեռնությամբ Նախիջևանում անցկացվեց հերթական այսպես կոչված միջազգային կոնգրեսը։ Այն նախորդ համանման միջոցառումներից, ըստ իս, տարբերվում էր իր նպատակադրմամբ, այն է՝ հասարակական կազմակերպության «Մեծ վերադարձ» նախաձեռնությանը պաշտոնապես հաղորդել պետական ռազմավարական քաղաքականության բնույթ՝ սահմանելով վերջինիս քաղաքական հիմնական նպատակները, այդ թվում՝ ընդգծելով այդ ծրագրի առանձնահատուկ կարևորությունը Հայաստանի հետ հարաբերություններում, իրենց նպատակներին հասնելու գործիքներն ու մեխանիզմները։

Այսինքն՝ նախիջևանյան այդ ֆարսի հեղինակները փաստորեն ադրբեջանցիների վերադարձը «իրենց պատմական բնօրրան» հռչակեցին որպես Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի հերթական նախապայման։

Ավելին, պարզվեց, որ արդեն հստակեցված է հայաստանյան այն բնակավայրերի ցանկը, որտեղ պետք է «վերաբնակեցվեն» վերադարձող ազերիները։ Հայտնի փաստ է, որ Ադրբեջանը պատրաստել է նաև իր տարածքային էքսպանսիայի քարտեզը՝ Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի և հայկական այլ տարածքների ընդգրկմամբ։ Մի՞թե պատահական է, որ Արևմտյան Ադրբեջան ՀԿ-ի անդամներին տրամադրվող «անդամատոմսերում» նշվում է տվյալ անձի, այսպես կոչված, «բնօրրանը» (Ալավերդի, Ճամբարակ, Մասիս և այլն)։

Մի՞թե այս ամենը կարող է որակվել լոկ ինչ-որ մի հասարակական կազմակերպության նախաձեռնություն։ Համաձայնեք, որ դրա համար պետք է լինել կամ ինֆանտիլ, կամ դատելու տարրական կարողություններից զուրկ։

Թերևս կարելի էր բավարարվել նման մեկնաբանությամբ կամ գնահատականով, եթե խոսքը իրավամբ վերաբերեր հասարակական նախաձեռնության, որի վիզավին Հայաստանում նույնպես ՀԿ է։

Ծանոթանալով այդ միջոցառման նյութերին, ելույթ ունեցող բարձրաստիճան պաշտոնյաների ցանկին և նրանց առաջ քաշած հարցադրումներին՝ առավել ակնհայտ է դառնում, որ մենք գործ ունենք Հայաստանի սուվերեն տարածքի հանդեպ անթաքույց հավակնության քաղաքականության հայտարարման հետ՝ ագրեսիվ և հանցավոր հարևան ռեժիմի կողմից։

Թեպետ նախկինում էլ Ադրբեջանի այդ ռազմավարական ծրագրի վերաբերյալ հայտարարությունների պակաս չի եղել, բայց նախիջևանյան այս ֆարսում հնչած բանաձևերը այդ միջոցառմանը որակապես այլ քաղաքական բովանդակություն են հաղորդում՝ հատկապես Հայաստանում հետընտրական զարգացումների ֆոնին։

Դժվար է ձերբազատվել այն տպավորությունից, որ հայաստանյան հասարակությունը հայտնվել է հարևան պետության իշխանությունների քաղաքական-հոգեբանական մամլիչի տակ, առավել որ դա իրականություն է։

Ցավոք, իրականություն է նաև այն, որ սեփական պետության ինքնիշխանության ջատագով ներկայացող Հայաստանի վարչապետը ոչ միայն ըստ արժանվույն չի արձագանքում հարևանի տարածքային նկրտումներին, այլև, ի տարբերություն այդ երկրի ղեկավարության որդեգրած գծի՝ ուղղված մտածածին պատմագրությամբ սեփական ժողովրդի կենսամիջավայրի աշխարհագրության ընդլայնման իրավունքի հաստատմանը, երկրիս վարչապետը, մեր պատմական անցյալի վկայակոչման ցանկացած փորձ, հատկապես Արցախին վերաբերող, պատժիչ մեխանիզմներով մերժելով, ըստ էության, արդարացնում է մեր երկրին տարածքային պահանջներ ներկայացնելու Ալիևի քաղաքականությունը։

Նախիջևանյան նշյալ փառատոն-կոնգրեսը հայ-ադրբեջանական հարաբերությունների ներկա փուլի, իսկ ավելի կոնկրետ՝ հայաստանյան իշխանությունների հռչակած «խաղաղության դարաշրջան» քվազիքաղաքական ծրագրի իրական ցուցիչն է, որը չես քողարկի ոչ օգոստոսի 8-ով կամ հունվարի 13-ով, առավել ևս ոչ էլ մայիսի 26-ով։

Օրդուբադի այդ միջոցառումը պատասխանն էր նաև ընդդիմությանը հասցեագրված ՔՊ-ական պատգամավորի ցինիկ հարցադրմանը՝ ու՞ր են 300 հազար ադրբեջանցիները։ Ցավով ստիպված ենք արձագանքել՝ նրանք սարերի հետևում չեն։

Սա մարտահրավեր է մեր հասարակությանը։ Սա ակնհայտ սպառնալիք է մեր պետականությանը, տարածքային և սահմանային անձեռնմխելիությանը։

Արդյո՞ք իշխանությունների համար երկրի բնականոն կենսագործունեության երաշխավորման առավել հրատապ խնդիր կարող է լինել, այն էլ պետականության և պետականաշինության պատմական ընթացքին ձևավորված կործանարար սպառնալիքների ներկայիս պայմաններում։

Մի՞թե ընդդիմադիրների հանդեպ ապօրինությունների բեսպրեդելը կարող է սեփական ժողովրդի ճակատագրով մտահոգ որևէ օրինական իշխանության քաղաքական առաջնահերթություն հռչակվել նման պայմաններում։

Դե իհարկե ոչ։

Իրերի վիճակի սթափ վերլուծությունը վկայում է, որ իշխանության անթաքույց ձգտումը պայմանավորված է ոչ միայն և ոչ այնքան Նիկոլ Փաշինյանի փառամոլությամբ կամ սեփական քաղաքական կլանի անհագ ցանկությունների բավարարման անհրաժեշտությամբ, որքան տարածաշրջանում Հայաստան պետության աշխարհաքաղաքական դերակատարությունը հնարավորինս զրոյացնելու թուրք-ադրբեջանական ծրագրի իրականացմանը նպաստելու արտաքին պարտադրանքով։ Համենայնդեպս, նման պնդում անելու համար օրվա իշխանությունը ստեղծել է բոլոր ողջամիտ հիմքերը։

Հենց միայն այն, որ քաղաքական այլակարծության հանդեպ հետընտրական իրավական հաշվեհարդարը օրվա իշխանությունը փաստացի հռչակել է որպես քաղաքական առաջնահերթություն՝ շեղելով հանրության ուշադրությունը առավել հրատապ անվտանգային խնդիրներից, ըստ իս, դրա վառ ապացույցն է։

Այլ կերպ ասած՝ ոչ թե իշխանատենչություն, այլ իշխանություն՝ օտարի ծրագրի իրականացմանը պարտադիր նպաստելու նպատակով։

Ստեղծված իրավիճակում ժողովուրդը պարտավոր է օրվա իշխանությունից պահանջել համալիր քայլերի իրականացում, ինչը կչեզոքացնի Ադրբեջանի տարածքային նկրտումները մեր նկատմամբ։

Իսկ նման մարտավարական ծրագիր կարո՞ղ է կյանքի կոչվել։ Սույն տողերի հեղինակը թե հրապարակավ և թե հոդվածների տեսքով դեռևս 2021 թվականից հետևողականորեն ներկայացրել է նման մարտավարական լուծումների ուրվագիծը։

Պատերազմի սպառնալիքը մեզանում ճարպկորեն օգտագործվում է Ադրբեջանի էքսպանսիվ ծրագրերին դիմագրավելու հանրային կարողությունները ջլատելու նպատակով։ Դա անթույլատրելի է»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930