Երեւանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ անդրադարձ եղավ Հաղթանակի զբոսայգու ժամանցային հատվածի արդիականացման ծրագրին, որի հետ կապված՝ քաղաքապետարանը կառուցապատման պայմանագիր ուներ կնքված «Ուրախ ժամանց» ՍՊԸ-ի հետ։ Նշվեց, որ կառուցապատման ժամկետի ավարտից հետո համայնքը, օրենքով սահմանված իրավասության շրջանակներում, ցանկություն չի հայտնել երկարացնելու պայմանագրի գործողության ժամկետը եւ լուծել է կառուցապատման պայմանագիրը՝ համապատասխան ձևով գրանցելով Կադաստրի կոմիտեում, սակայն «Ուրախ ժամանց» ՍՊԸ-ի կողմից դատական հայց էր ներկայացվել։ Առաջին ատյանի դատարանի կողմից հայցադիմումը մերժվել էր եւ հաստատվել, որ համայնքին չի պարտավորեցվում կնքել կառուցապատման պայմանագիր։ Նշվեց նաեւ, որ վճիռը բողոքարկվել է վերաքննիչ դատարան, եւ այդ ընթացքում հայցի ապահովման միջոց է կիրառվել, ու այժմ սպասում են, մինչեւ դատական պրոցեսներն ավարտվեն։
«Իրականում սա էլ նորմալ իրավական ընթացակարգ է, և այստեղ «դանդաղ շտապենք», ինչպես ասվում է։ Բայց, այնուամենայնիվ, ուզում եմ հստակ արձանագրել, որ համայնքային շահերը վստահորեն վեր են որևէ ինդիվիդուալ շահից։ Այսինքն՝ մեծամասնության, ընդհանուր քաղաքի շահը, երևանցիների շահը չի կարող ստորադասվել որևէ մեկի՝ չգիտեմ, 98 թվականին արդեն այդպես «հոտած» պայմանագրին։ Սա ամենակարևոր մոտեցումն է, որ վերջերս արձանագրում ենք նաեւ դատական որոշումներով, ինչի համար շատ շնորհակալ եմ մեր դատական համակարգի գործընկերներին։
Այս տրամաբանությամբ նաև Կոնսերվատորիայի դիմացի այգին վերադարձավ քաղաքին և սկսեց շունչ ստանալ։ Այդտեղ չորացող ծառերի փոխարեն սկսեցին աշխատանքներ իրականացվել։ «Ակբա բանկի» հետ այդտեղ ստորագրեցինք հուշագիր, և «Ակբա բանկը» ու Երևան քաղաքը ներդրումային ծրագիր են իրականացնելու այգում։ Նմանատիպ մի ծրագիր էլ կիրականացվի Հաղթանակի այգում, երբ իրավական բոլոր գործընթացները ավարտին հասցվեն»,- ասաց Տիգրան Ավինյանը։
Խորհրդակցությունն ամբողջությամբ
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ


















































