Հունիսի 29-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը հանդիպում է ունեցել Փարիզի Ռազմական ակադեմիայի (École de Guerre) տնօրեն, գեներալ Վենսան Բրետոնի հետ։
Հանդիպման ընթացքում գեներալ Բրետոնը ներկայացրել է ռազմական բարձրագույն ուսումնական հաստատության առաքելությունը, կրթական ծրագրերը և միջազգային համագործակցության հիմնական ուղղությունները։
Երկուստեք գոհունակությամբ նշվել է, որ այս տարի ակադեմիայի ռազմավարական վերապատրաստման դասընթացն ավարտել է ՀՀ զինված ուժերի առաջին ներկայացուցիչը, ինչը կարևոր քայլ է երկու երկրների միջև ռազմական կրթության ոլորտում համագործակցության զարգացման տեսանկյունից։ Նշվել է նաև, որ ընթացիկ տարում ակադեմիայում վերապատրաստում է անցնում Հայաստանից ևս մեկ սպա։
Դեսպան Խաչատրյանը կարևորել է Հայաստանի և Ֆրանսիայի միջև պաշտպանության ոլորտում համագործակցության շարունակական զարգացումը՝ ընդգծելով, որ այն նոր որակ է ստացել մայիսի 4-5-ին Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի՝ Հայաստան կատարած պետական այցից հետո, որի ընթացքում ստորագրվել է Հայաստանի և Ֆրանսիայի միջև ռազմավարական գործընկերության մասին հռչակագիրը։
Կարդացեք նաև
Նա բարձր է գնահատել ռազմական կրթության, մասնագիտական վերապատրաստման և փորձի փոխանակման նշանակությունը երկու երկրների պաշտպանական համագործակցության հետագա ամրապնդման գործում։ Կողմերը մտքեր են փոխանակել նշված ոլորտներում համագործակցության նոր հնարավորությունների շուրջ։
Դեսպան Խաչատրյանն անդրադարձել է նաև Հարավային Կովկասում հաստատված խաղաղության հետագա ինստիտուցիոնալացմանն ուղղված ՀՀ ջանքերին։
Ֆրանսիայում ՀՀ դեսպանություն


















































