Բնական է, որ հայերի ցեղասպանության ճանաչման մասին Իսրայելի կառավարության որոշումը պետք է արժանանար Հայաստանում հանրային մեծ ուշադրության: Այդպես է եղել միշտ, երբ միջազգային քաղաքականության մեջ որեւէ ազդեցիկ դերակատար ճանաչել է ցեղասպանությունը: Բայց Իսրայելի պարագայում կա մեկ այլ հանգամանք:
Իսրայելը մեկն է այն երկրներից, որը գործուն դեր է ունեցել Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի կազմակերպման, նախապատրաստման եւ իրականացման հարցում: Հասկանալի է, որ Իսրայելի նպատակը եղել է ոչ թե Արցախը, այլ՝ Իրանը: Բայց, դրանից չի փոխվում այն ծանր հետեւանքը, որ եղել է Արցախի դեմ ագրեսիայով: Հիմա ստացվում է, որ այդ ագրեսիան իրականացրած գրոհային եռյակը «բաժանվել» է, ու այդ բաժանման պրոցեսում Իսրայելը ձեռքը տանում է հայերի ցեղասպանության ցավոտ հարցին, դարձնելով այն խաղաքարտ:
Ու բնականաբար առաջանում է հարց՝ գրոհային եռյակը սկսել է չկիսե՞լ Արցախի հանդեպ ագրեսիայի «արդյունքում» ստացած ռազմաքաղաքական ավարը: Իսկ այդ հարցում հնարավոր է, որ դեր ունի ամերիկա-իրանյան համաձայնագիրը, որ ստորագրվեց նախորդ շաբաթ: Ու փաստացի դրան զուգահեռ էլ Իսրայելը որոշեց ճանաչել հայերի ցեղասպանությունը: Առաջին հայացքից իհարկե այստեղ չկա ուղիղ կապ: Բայց ամբողջ հարցն այն է, որ եթե փոխվում է ամերիկա-իրանյան փոխհարաբերության կոնստրուկցիան, ապա դա նշանակում է ամերիկա-իսրայելական ավանդական փոխհարաբերության կոնստրուկցիայի ապամոնտաժում: Ի դեպ, նույն Իրանի հետ բանակցող ԱՄՆ փոխնախագահ Դի Վենսը հայտարարում է, որ Իսրայելի համար այլեւս երաշխավորված չի կարող լինել ԱՄՆ հատուկ դաշնակցի կարգավիճակը:
Զուգահեռ, Իրան-ամերիկյան բանակցային պրոցեսի բարդ, բայց այդուհանդերձ փաստաթղթավորված մեկնարկի ֆոնին հանկարծ ի հայտ եկավ Թուրքիային արդիական ռազմական ավիացիա տրամադրելու ԱՄՆ պատրաստակամությունը, ինչը կարող է նկատելի ազդել Թուրքիայի եւ Իսրայելի միջեւ ուժերի հավասարակշռության վրա:
Կարդացեք նաև
Ընդ որում, ի լրումն այս ամենի, հայերի ցեղասպանության ճանաչման մասին որոշում է կայացնում մի կառավարություն, որն ինքն է արդեն տեւական ժամանակ դե ֆակտո ցեղասպանության ենթարկում Գազայի տասնյակ հազարավոր կանանց ու երեխաների: Այս հանգամանքը ինքնին, զուտ մարդասիրության տեսանկյունից նույնիսկ «արատավորում» է ցեղասպանությունների ճանաչման համամարդկային հանգամանքը՝ ոճրագործությունների կանխման տեսանկյունից, որովհետեւ ավելի շուտ հիշեցնում է ոճրագործությունը իբրեւ թե մարդասիրությամբ կոծկելու եւ աշխարհաքաղաքական ջրեր պղտորելով հարցեր լուծելու գործողություն:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ


















































