ՀՀ հակակոռուպցիոն դատարանն այսօր քննեց և նույնը թողեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանի հետ նույն գործով անցնող մեղադրյալ Անդրանիկ Խաչատրյանի խափանման միջոցը։ Բայց վարչական հսկողության պայմաններում փոփոխություն կատարվեց՝ պրոբացիայի ծառայություն այցելությունը սահմանելով շաբաթական մեկ անգամ՝ նախկին երեքի փոխարեն։
Անդրանիկ Խաչատրյանին արգելվեցին շփումներն առնվազն այն անձանց հետ, որոնց հետ արգելված է շփվել Սամվել Կարապետյանին։ Դրանք այն անձինք են, ովքեր սույն գործով մեղադրանքի մեջ ինչ-որ կերպ արձանագրված են։ Բացառություն են Սամվել Կարապետյանի պաշտպանները։
Սամվել Կարապետյանին արգելված է շփվել Անդրանիկ Խաչատրյանի և նրա պաշտպանների հետ։ Անդրանիկ Խաչատրյանը Սամվել Կարապետյանի պաշտպանների հետ կարող է շփվել։
Նաև՝ Անդրանիկ Խաչատրյանի վարչական հսկողությունը կիրականացվի առանց էլեկտրոնային սարքի, քանի որ հանվեց նաև կոնկրետ վայրեր այցելելու արգելքը։ Պաշտպանները միջնորդել էին վերացնել էլեկտրոնային սարք կրելու որոշումը. դա խանգարում է բժշկական հետազոտությունների ժամանակ։
Կարդացեք նաև
Պաշտպանական կողմը միջնորդել էր հանրապետությունից բացակայելու արգելքն անվերապահորեն վերացնել, քանի որ Անդրանիկ Խաչատրյանը մի քանի առիթ ունեցել է՝ դատարանի որոշմամբ մեկնել Հայաստանից և վերադարձել է՝ սահմանված ժամկետներում՝ թույլ չտալով որևէ խախտում։
Ըստ պաշտպանական կողմի՝ հարցաքննված վկաներից որևէ մեկի խոսքում Անդրանիկ Խաչատրյանին անդրադարձ, հիշատակում չկա, ուստի վկաների վրա ազդելու խնդիր էլ չկա։
Մանրամասները՝ ձայնագրության մեջ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































