«Կարծում եմ՝ բավականին արդյունավետ քննարկում է իրականացվում։ Կուզեինք մեզ ավելի շատ ժամանակ տրվեր դիրքորոշում արտահայտելու համար։ ՍԴ-ն և մասնավորապես նախագահող դատավորը գործընթացն ապահովում է արդյունավետ»,- ՍԴ բակում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՍԴ-ում ՔՊ ներկայացուցիչ Սուրեն Գրիգորյանը։
ՍԴ-ն արդեն 4 օր է քննում է հունիսի 7-ին կայացած ընտրությունների արդյունքների վերաբերյալ ԿԸՀ որոշման դեմ 7 կուսակցությունների ներկայացրած դիմումները, որոնցով վիճարկվում են խորհրդարանական ընտրությունների արդյունքները։
Սուրեն Գրիգորյանը կարծում է, որ ընդդիմադիր ուժերի դիմումները հեռանկար չունեն։
Հարցին՝ ընդդիմադիրների դիմումներն ինչպե՞ս եք բնութագրում, Սուրեն Գրիգորյանը պատասխանեց․ «Որ ասում եք՝ ընդդիմադիրները, ուզում եմ նշել, որ մենք գտնվում ենք բարձր դատարանում, և սա իրավական գործընթաց է։ Շատ հայտարարություններ, որոնք քաղաքական միջավայրում կարձագանքեի ու մի բան կասեի, այստեղ հասկանալով, թե ինչ միջավայրում ենք գտնվում, այդ ձևով չենք արտահայտվում։ Եթե պարոն Արծվիկ Մինասյանին մոռանանք մի պահ, հիմնականում ներկայացուցիչները քաղաքական գործիչներ չեն, դրա համար ես դիտարկում եմ՝ որպես ներկայացուցիչ, ինչու ոչ նաև գործընկեր։ Ընդհանուր առմամբ հիմնավորումների այն մասը, որն ուղղված է ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելուն, անհիմն եմ համարում։ Լինում են միջնորդություններ, որոնց չեմ առարկում։ Ուզում ենք, որ դատարանն ամբողջ եղելությունը պարզի և կայացնի արդար որոշում, որը, համոզված եմ՝ կլինի»։
Կարդացեք նաև
Հարցին՝ ինչպե՞ս եք գնահատում այն, որ դեռ ՍԴ-ն որոշում չի կայացրել, բայց ՔՊ-ն արդեն ԱԺ ղեկավարություն է ձևավորում, Սուրեն Գրիգորյանն այսպես պատասխանեց․ «Քանի դեռ ՍԴ քննության շրջանակներում է գտնվում, ասել՝ հնարավոր չէ, որ ՍԴ-ն անվավեր ճանաչի ընտրությունների արդյունքները, դա կնշանակի կասկածի տակ դնել ՍԴ մանդատը։ Բայց դրանից չի փոխվում մեր համոզմունքը, որ այս ընտրությունների արդյունքները արտահայտում են ժողովրդի կամարտահայտությունը, և դրա հիման վրա պետք է ամփոփվեն ու մանդատները բաշխվեն ԱԺ-ում՝ դրանից ելնելով։ Մենք կատարում ենք կուսակցական նախապատրաստական գործընթացներ, որոնք որևէ կերպ կասկածի տակ չեն դնում ՍԴ լիազորությունները կամ մանդատը։ Հաստատվում են կուսակցության թեկնածությունները։ Վերջնական որոշումը կկայացնի ձևավորված ԱԺ-ն, երբ կընտրի նախագահ ու փոխնախագահ»։
Հարցին՝ կարո՞ղ ենք պնդում անել, որ ՔՊ-ում վստահ են՝ ՍԴ-ն չի բավարարելու ընդդիմության ներկայացուցիչների դիմումները, դրա համար է այս գործընթացի մեջ, ՔՊ ներկայացուցիչը պատասխանեց․ «Այո, այն տրամաբանությամբ, որ ՔՊ-ն ծանոթ է ներկայացվող հիմնավորումներին, ամբողջ գործընթացին։ Գիտենք՝ գործընթացն ունեցել է անհանգստացնող մեծ թերություններ՝ դրսևորված մասնավորապես ընտրակաշառքի բաժանմամբ՝ ընդդիմադիր ուժերի կողմից, ինչը կարծում ենք չի հատել ընտրությունների վրա էական ազդեցության սահմանը։ Այդ պայմաններում, քանի որ ընտրությունները լեգիտիմ են, փաստարկներն էլ լսում ենք, մեր ՍԴ անաչառությանն էլ վստահում ենք, այդքանի շրջանակում համոզված ենք, որ ՍԴ կողմից ընտրություններն անվավեր չեն ճանաչվի։ Այնուամենայնիվ, տեսականորեն, եթե նման որոշում լինի, առանձին կմեկնաբանենք»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































