«Ժողովուրդը, սահմանելով հավասարությունն ու ազատությունը որպես ընտրությունների սկզբունքներ, հստակ է եղել իր ցանկության մեջ։ Քաղաքական ուժերը պետք է ունենան հավասար հնարավորություններ և մրցեն հավասար պայմաններում։ Իսկ հավասարության սկզբունքի բովանդակության մաս է կազմում նախընտրական քարոզարշավի իրականացումը հավասար պայմաններում, իսկ այդ պայմաններից մեկն էլ հիմնադրամի ծախսերի սահմանաչափն է, որը տվյալ դեպքում գերազանցվել է այս գործով երրորդ անձի կողմից, և ԿԸՀ-ն չի արձանագրել կամ բավարար կարողություն չի ունեցել պարզելու ու հակազդելու այդ խախտմանը»,– այսօր Սահմանադրական դատարանում իր եզրափակիչ ելույթի ժամանակ ասաց «Միասնության թևեր» կուսակցության ներկայացուցիչ Լիպարիտ Դրմեյանը։
Հիշեցնենք, որ այսօր 6-րդ օրն է, ինչ Սահմանադրական դատարանը քննում է հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկող քաղաքական 7 ուժերի կողմից ներկայացված դիմումները։
Դրմեյանը հավասարության սկզբունքի խախտման բազմաթիվ օրինակներ նշեց՝ ՔՊ-ի կողմից վարձակալված գրասենյակների արժեքները չներկայացնելը, 588 գրասենյակներում աշխատակիցների գրանցումների և վարձատրության չափերի վերաբերյալ տեղեկությունների բացակայությունը։ Նրա խոսքով՝ ամենաչնչին հաշվարկներով, եթե ՔՊ-ի յուրաքանչյուր գրասենյակում առնվազն մեկ համակարգող աշխատակից լիներ, ապա ՔՊ-ն միայն աշխատակիցների մասով առնվազն 58 միլիոն 808 հազար դրամ չի հայտարարագրել։ Դրմեյանը շեշտեց, որ եթե ՔՊ-ն հայտարարագրեր բոլոր ծախսերը, ապա կգերազանցեր օրենքով սահմանված ծախսերի առավելագույն շեմը, ինչը նախատեսում է ընդհուպ մինչև ընտրություններին մասնակցելու իրավունքից զրկում։
«Օրինակ՝ բոլորս տեսել ենք նարնջագույն սրտիկներով կապույտ մեքենաները։ Դրանք մի քանի օր կանգնած էին նաև ՍԴ շենքի դիմաց։ Այդ բոլոր մեքենաները կահավորված էին ՀՀ կառավարության 2005 թվականի N 2137 որոշմամբ սահմանված կարգի խախտմամբ, ինչը հանգեցնում է վարչական պատասխանատվության՝ իր բոլոր հետևանքներով՝ վարչական տուգանք և իրավախախտման վերացում։ Այդ տեսքով մեքենաները չպետք է շահագործվեին, սակայն ամբողջ քարոզարշավի ընթացքում շրջել են ՀՀ-ում, առանձին դեպքերում՝ պարեկների ուղեկցությամբ»։
Կարդացեք նաև
Ըստ Դրմեյանի՝ մայիսի 13-ին դիմել են ոստիկանություն և պահանջել ուսումնասիրել խախտման փաստերը, սակայն միայն հունիսի 5-ին ՆԳՆ-ից պատասխանել են, որ դա անձնական տվյալ է, և չեն կարող նման տեղեկություն տրամադրել։
Դրմեյանի խոսքով, ի հակադրություն ՔՊ-ի՝ «Միասնության թևերի» կողմից օգտագործվող մեքենաների վարորդների նկատմամբ կազմվել են վարչական արձանագրություններ՝ պաստառապատված մեքենաներ վարելու համար։
Դրմեյանն անդրադարձավ նաեւ իշխանության ներկայացուցիչների այն հայտարարություններին, թե ընտրողների 70 տոկոսն ընտրել է ընտրակաշառքի ազդեցությամբ: Ըստ նրա, եթե այդպես է, ապա նշանակում է՝ պետությունը բավարար ռեսուրսներ և միջոցներ չի ունեցել հավասար պայմաններ ապահովելու համար, քանի որ ընտրակաշառքը ևս ազդեցություն ունի հավասարության սկզբունքի պահպանման վրա։
Ինչ վերաբերում է «Եթե ՔՊ-ն սահմանադրական մեծամասնություն չստանա, սեպտեմբերին աղետալի պատերազմ կլինի» Փաշինյանի հայտարարությանը: Ըստ Դրմեյանի՝ դա վարչապետի և քաղաքական ուժի ղեկավարի կողմից հնչեցված ուղիղ սպառնալիք է. « Սակայն նույնիսկ այս դահլիճում այդ խոսքերը ներկայացվեցին որպես քաղաքական սուր կամ չափազանցված հայտարարություններ, որոնք, իբր, ազատ կամքի վրա ազդեցություն չունեն»։
Իր ելույթը ամփոփելով՝ Դրմեյանն ասաց՝ ՍԴ որոշումը շատ որոշիչ է լինելու, այն կամ վերջ կդնի չփարատված կասկածներին, կամ էլ ավելի կխորացնի հասարակության բևեռացումը։
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

















































