Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան) հերթական համերգը տարբերվում էր նախորդներից․ այն յուրօրինակ, գունեղ սիմֆոնիկ ճամփորդություն էր դասական երաժշտության աշխարհում, իսկ խորագիրն էլ հենց «Սիմֆոնիկ ճամփորդություն» էր։
Հուլիսի 1-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում ունկնդիրը մեկ երեկոյի ընթացքում վայելեց դասական երաժշտության ամենասիրված ստեղծագործությունները։ Ի դեպ, «Սիմֆոնիկ ճամփորդություն» խորագրով համերգն անցկացվում է արդեն երրորդ անգամ և արդեն հասցրել է դառնալ սիրելի թե՛ փորձառու ունկնդիրների, թե՛ նրանց համար, ովքեր նոր են սկսում բացահայտել դասական երաժշտության աշխարհը։
Չայկովսկի, Մոցարտ, Շտրաուս, Բիզե, Օֆենբախ, Շուբերտ, Բրամս, Վագներ, Պրոկոֆև, Ջենքինս, Մարկես, Բերնսթայն, Մասկանյի, Պիացոլլա՝ սրանք այն կոմպոզիտորներն են, որոնց անմահ ստեղծագործությունները լցրեցին դահլիճը երաժշտական բազմագույն տրամադրություններով։ Երեկոյի ընթացքում ունկնդիրները սկանավորեցին QR կոդը և քվեարկեցին այն ստեղծագործության օգտին, որը ցանկանում էին կրկին լսել։ Այս անգամ հաղթողը Չայկովսկու «Կարապի լիճը» սյուիտի ֆինալն էր։ Իբրև բիս կատարված այս հիասքանչ հատվածը ունկնդրին փոխանցեց ստեղծագործության ողջ դրամատիզմն ու գեղեցկությունը՝ դառնալով համերգի հուզիչ և տպավորիչ ավարտը։
Կարդացեք նաև
Հավելենք, որ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը Հայաստանում և ամբողջ աշխարհում տարեկան իրականացնում է ավելի քան 80 ելույթ՝ իր հարուստ և բազմազան երկացանկում ներառելով տարբեր ժանրերի ու ձևաչափերի համերգներ՝ սիմֆոնիկ, բալետային ու օպերային երաժշտությունից մինչև հանրամատչելի և կինեմատոգրաֆիական ստեղծագործությունների սիմֆոնիկ փոխադրումներ, ինչպես նաև դասական երաժշտության ջազային մեկնաբանություններ։
Դասական երաժշտության համաշխարհային ժառանգության նմուշների առաջին կատարումներից զատ՝ նվագախումբը մեծ ուշադրություն է դարձնում նաև ժամանակակից և երիտասարդ կոմպոզիտորների ստեղծագործություններին։ Նվագախումբը իր հիմնադիր գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի հետ միասին ստեղծել է երեք ամենամյա փառատոն և շարունակաբար նպաստում է հայ կատարողական արվեստի ու հայ կոմպոզիտորական հարուստ ժառանգության հանրահռչակմանը Հայաստանում և արտերկրում։
Պատրաստեց՝ Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ




















































