Լրահոս
Օրվա լրահոսը

«Տիկին Անդրեասյան, հարցս վերաբերում էր Արցախի հայկական մշակութային ժառանգությանը, որին դուք վախեցաք պատասխանել»

Հուլիս 03,2026 12:16 Share

ԱԺ արտահերթ նստաշրջանում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը հարց ուղղեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին․ «Տիկին Անդրեասյան, ո՞րն է մշակութային ժառանգության եւ երկրի սահմանների փոխհարաբերությունների ձեր պատկերացումը։ Արդյոք ազգային եւ կրոնական մշակութային ժառանգությունը սահմանափակվո՞ւմ է երկրի պետական սահմաններով»։

Արթուր Խաչատրյանի հարցի հիմքում Արցախի պատմամշակութային ժառանգության խնդիրն էր, որին ՀՀ կառավարությունը խուսափում է անդրադառնալ։ Արցախում Ադրբեջանի իշխանություններն ամենօրյա ռեժիմով իրականացնում են հայկական մշակութային ժառանգության ցեղասպանություն՝ էթնոցիդ։ 

Ժաննա Անդրեասյանն ի պատասխան ասաց, որ խոսքը ոչ թե պատկերացումների մասին է, այլ օրենսդրության եւ դրանով հստակ սահմանված կարգավորումների։ «Եվ ՀՀ մշակութային ժառանգության իմաստով օրենսդրությունը շատ հստակ է, թե մենք ինչի մասին ենք խոսում։ Եվ մեր նախարարությունն ակտիվ քայլեր է վարում՝ մշակութային ժառանգությունը պահպանելու, հանրահռչակելու ուղղությամբ»,- նշեց Անդրեասյանը։

«Տիկին Անդրեասյան, դուք շատ լավ հասկացաք, թե ես ինչի մասին եմ խոսում։ Ավելի պարզ բացատրեմ՝ արդյոք ՀՀ կառավարությունը, մշակույթի նախարարությունն իրեն պատասխանատու չի համարո՞ւմ ՀՀ տարածքից դուրս գտնվող հայկական մշակութային, կրոնական հուշարձանների պահպանության համար»,- հարցը կրկնեց Արթուր Խաչատրյանը։

«Դուք ինձ տալիս եք մի հարց, որի պատասխանն ինձնից լավ գիտեք։ Ես կարծում եմ՝ այդ հարցը տալու կարիքը չկա։ Մեր պետությունը տեր է մեր մշակութային, եւ դա ակնհայտ է մեր յուրաքանչյուր օրվա աշխատանքում»,- արձագանքեց Ժաննա Անդրեասյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Այնուհետեւ Արթուր Խաչատրյանը ելույթ ունեցավ եւ ասաց, որ իր հարցադրումը վերաբերում է Արցախի մշակութային ժառանգությանը։ «Իմ հարցը, տիկին Անդրեասյան, այո, վերաբերում էր Արցախում գտնվող հայկական մշակութային ժառանգությանը, որին դուք չպատասխանեցիք կամ վախեցաք պատասխանել, թե դուք՝ որպես մշակույթի նախարար, ի՞նչ եք անում Արցախում գտնվող հայկական մշակութային ժառանգության կոթողները պահպանելու ուղղությամբ։ Չկարողացաք կամ վախեցաք։ Իսկ որ ասում եք՝ ես ձեզանից լավ գիտեմ, կարծում եմ՝ ընդունում եք, որ դուք այդ պաշտոնյայի համար պիտանի չեք»,- նշեց Խաչատրյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Ժաննա Անդրեասյանն ի պատասխան ասաց․ «Պարոն Խաչատրյան, խնդրում եմ հիշեք, որ դուք ՀՀ պատգամավոր եք, եւ Հայաստանի Հանրապետությունն ունի միջազգայնորեն ճանաչված սահմաններ։ Եվ ՀՀ լիազոր պետական մարմինները պետք է անեն ամեն ինչ՝ իրենց տիրույթում գտնվող ՀՀ նշված ոլորտի հարցերը լուծելու համար։ Այս պարզ ճշմարտությունը հասկանալը կարծում եմ՝ բարդ չէ։ Եթե ձեր գիտելիքն ու կրթությունը չեն հերիքել, որ դուք դա հասկանաք, հրավիրում եմ ոչ ֆորմալ կրթական դասընթացների՝ դա ձեզ բացատրելու»։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել