Լրահոս
Օրվա լրահոսը

Շուշիի Կանաչ ժամն ադրբեջանցիները պահպանվող հուշարձան են համարել, հետո քանդել․ ինչո՞ւ է Փաշինյանը կրկնում ադրբեջանցի պաշտոնյաների թեզերը

Հունիս 23,2026 16:45 Share

Ադրբեջանի հանցավոր ռեժիմը Արցախի տարածքում շարունակում է ոչնչացնել եւ բռնայուրացնել հայկական պատմամշակութային ժառանգությունը։ Ավերվում ու վանդալիզմի են ենթարկվում ինչպես հին դարերում, այնպես էլ անկախության շրջանում կառուցված եկեղեցներն ու հուշարձանները, գերեզմանատներն ու խաչքարերը։

Այս տարվա ապրիլի 30-ին Եվրոպայի խորհրդարանն ընդունել էր «Աջակցություն Հայաստանում ժողովրդավարական դիմակայունությանը» բանաձեւը, որում, ի թիվս այլ հարցերի, կարեւորվում է Արցախի հայկական պատմամշակութային ժառանգության պաշտպանության հարցը։ Այսինքն՝ միջազգային հանրությունն ընդունում է, որ Արցախի տարածքում հայկական պատմամշակութային ժառանգությունը վտանգի տակ է։ Նույն օրերին Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, թե չի պատրաստվում այս հարցերը բարձրաձայնել միջազգայի ատյաններում։

Նույն ապրիլի 30-ին «Առավոտ»-ը հարց էր ուղղել Նիկոլ Փաշինյանին, թե ինչո՞ւ է հայտարարել, որ Արցախի պատմամշակութային ժառանգության նկատմամբ իրականացվող հանցագործությունների հարցը չի բարձրաձայնելու միջազգային ատյաններում։ Մեր հարցն այն մասին էր, որ Արցախում տեղի է ունենում մշակութային ցեղասպանություն՝ էթնոցիդ, եւ Հայաստանի իշխանություններն ի պաշտոնե պարտավոր են այս հարցերը բարձրաձայնել միջազգային մակարդակով, ինչպես նաեւ դիմել միջազգային դատական ատյաններ եւ քրեական պատասխանատվության կանչել Ադրբեջանի հանցավոր ռեժիմին։ Հակառակ դեպքում՝ ստացվում է Հայաստանի իշխանություններն աջակցում են Ադրբեջանի ցեղասպան ռեժիմին կամ «կանաչ լույս» են վառում նրանց առաջ, որ անպատիժ գործեն։ Նիկոլ Փաշինյանը մեր հարցին պատասխանել էր այնպես, ինչպես հարցը ներկայացնում են ադրբեջանցի պաշտոնյաները, այսինքն՝ ասում են, թե Արցախում անկախության տարիներին կառուցված հուշարձաններն ու եկեղեցիներն իբր «անօրինական» են։ 

«Ենթադրենք՝ սահմանազատման արդյունքում Արծվաշենը վերադառնում է ՀՀ վերահսկողության ներքո, եւ մենք գնում տեսնում ենք, որ այնտեղ կառուցվել է մեծ մզկիթ, օրինակ, 2016 թվականին։ Մեր ռեակցիան ի՞նչ պետք է լինի դրան։ Օրինակ՝ ՀՀ քաղաքացիներ կան, ովքեր այդ մզկիթի տարածքի վերաբերյալ բերում են իրենց սեփականության վկայականները, ասում են՝ այս հողը մերն է եղել։ Մենք ի՞նչ պետք է անենք։ Երբ որ ասում ենք՝ պատմամշակութային հուշարձան, մենք պետք է հասկանանք՝ պատմամշակութային հուշարձանն ինքը որոշակի չափանիշներով եւ կատեգորիաներով անցնող հուշարձան է։ Կարող է պարզվել, որ ամբողջ Արծվաշենի տարածքում ձեր նշած պատմամշակութային հուշարձաններն են, մենք ի՞նչ ենք անելու, ես համաձայն չեմ, որ այդպես է»,- մեր հարցին ի պատասխան ասել էր Փաշինյանը։

Իրականում Ադրբեջանի իշխանություններն Արցախի տարածքում քանդել ու քանդում են ոչ միայն անկախության տարիներին կառուցված եկեղեցիներն ու հուշարձանները, այլ նաեւ հին ժառանգությունը։ Օրինակ՝ հիմնահատակ ավերել են նաեւ Հադրութի շրջանի Մոխրենես գյուղի Սուրբ Սարգիս եկեղեցին՝ կառուցված 18-19-րդ դարերում։ Ադրբեջանի իշխանությունները քանդել են Ստեփանակերտի հին թաղամասերը, որտեղ, մասնագետների կողմից մեզ ներկայացված տվյալների համաձայն, 1898-1905 թվականների տներ կային՝ հայերեն արձանագրություններով

Իսկ Շուշիի Կանաչ ժամը՝ Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին, որը կառուցվել է 1847 թվականին, ադրբեջանցիները պահպանվող հուշարձան են համարել, հետո քանդել։ Մասնագետները մեզ փաստեր են ներկայացրել այն մասին, որ դեռեւս 2022 թվականին Ադրբեջանի մշակույթի նախարարության կողմից հաստատված հուշարձանների ցանկում 5047 համարի տակ հաշվառված է եղել Շուշիի Կանաչ ժամը, իհարկե, խեղաթյուրված ձեւով, իբր որպես կուսանաց վանք։ Նշվում էր, որ այն կառուցվել է 18-19-րդ դարերում եւ կից պաշտոնական կայքում հրապարակված էր 1920 թվականին արված լուսանկար, երբ Շուշին գրավելուց հետո ադրբեջանցիները պայթեցրել էին եկեղեցու եւ զանգակատան գմբեթները։

Փոխարենը չկան փաստեր, որ հայերը քանդել են ադրբեջանցիների մզկիթները։ Ավելին, Շուշիի Գյովհար աղայի մզկիթը լիովին վերականգնվել էր 2014 թվականից մինչեւ 2019 թվականի հոկտեմբերի 14-ը՝ ներկայում Բաքվի բանտում գերության մեջ գտնվող բարերար Ռուբեն Վարդանյանի IDeA հիմնադրամի միջոցներով։ Նշվում էր, որ մոտ 1 մլն 200 հազար դոլար էր ծախսվել այս մզկիթի վերականգնման համար։

Մասնագետները վտանգավոր են համարում Նիկոլ Փաշինյանի՝ հավասարության նշան դնող հայտարարությունները։ Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու եկեղեցու ոչնչացման փաստին անդրադառնալով՝ Փաշինյանն ասել էր․ «Ես ուզում եմ ասել ուղիղ ու առանց սեթեւեթանքի, որ այս թեմաների նկատմամբ, առավել եւս հիմա, պետք է լինել շրջահայաց, որովհետեւ նման թեմաները երկսայր սուր են։ Ինչպես Նոր Կտակարանում է ասվում՝ դատվելու եք այն նույն դատով, ինչ դատով, որ դատելու եք։ Ես չեմ կարծում, թե մեր նախորդ փորձը հաշվի առնելով՝ մենք սա պետական մակարդակով կդարձնենք միջազգային քննարկումների առարկա»։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930