«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը իրավական ոչինչ չի տեսնում այսօր վաղ առավոտից ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի դեմ սկսված գործընթացում։
«Երկիրը գտնվում է տոտալ բռնապետության ռեժիմում։ Այստեղ ամեն ինչ կատարվում է ինքնահռչակի ցուցումներով։ Փնտրել իրավունք, հոդվածներ վերլուծել՝ անիմաստ է։ Սահմանադրական դատարանը լրիվ լեգիտիմացրել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի «բեսպրեդելը»։ Ակնհայտորեն երկրում տեղի է ունեցել պետական հեղաշրջման նմանվող ինչ-որ բան, որովհետև ապօրինի միջամտություններով ազդել են ԱԺ խճանկարի վրա։ Մի մարդ, որը այդպես էլ չի հանդարտվում, ամբողջ քարոզարշավի ընթացքում խոստանում էր պատժել ինչ-որ մարդկանց։ Ակնհայտ է, որ այս ամենը բերելու էր այս հետևանքին։ Խիստ կանխատեսելի իրադարձություն էր, ժամկետն էլ պատահաբար ընտրված չէ։ Սա Սահմանադրական դատարանի նիստին հաջորդող իրադարձություն է»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Սուրենյանցը։
Նրա խոսքով՝ հայ-ռուսական ճգնաժամի ֆոնին Նիկոլ Փաշինյանը կարող էր լիցքաթափող գործողություններ անել, բայց այստեղ էլ գործում է իր արժեհամակարգին համապատասխան՝ փորձելով ռուսներին ցույց տալ, որ բոլորի հարցերը լուծելու է, և միակ մարդը, ում հետ կարող են պայմանավորվել, ինքն է։
Կարդացեք նաև
«Ընտրություններից առաջ դրա համար զգուշացնում էինք, որ ամեն քվեն, որ տալիս եք Նիկոլ Փաշինյանին, քվե է բռնապետությանը, հայ-ռուսական հարաբերությունների առճակատման խորացմանը, քվե է միակողմանի նվաստացուցիչ զիջումներին»։
Սուրենյանցը կարծում է, որ այս իշխանություններին դժվար կլինի այս տեմպով ևս երկու տարի ձգել։
«Արտաքին խնդիրների համադրումը բերելու է սոցիալական պայթյունի Հայաստանի ներսում։ Հայաստանը չունի ռեսուրս երկարատև ժամկետով նման ավտորիտար ռեժիմ հանդուրժելու։ Եթե սխալվեմ իմ կանխատեսման մեջ, ապա դա նշանակելու է, որ Հայաստանը լիովին դառնալու է Ադրբեջանի ենթապետություն, և այստեղի այլանդակությունները հովանավորելու է հենց Ադրբեջանը»։
Հիշեցնենք, որ վաղ առավոտից խուզարկություններ են սկսվել Ծառուկյանի առանձնատանը, բիզնեսներում:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































