Գեորգիեւյան ժապավենները, Մասիսը, Արցախի դրոշը եւ կրծքանշան-քարտեզը
Գեորգիեւյան ժապավենները հայտնի են Ռուսաստանում Եկատերինա Երկրորդի ժամանակներից, որպես բանակի, զինվորական փառքի խորհրդանիշ: 20-րդ դարում Քաղաքացիական պատերազմի ժամանակ դրանք հաճախ կրում էին «սպիտակները», որոնք կռվում էին Կարմիր բանակի դեմ: Երկրորդ համաշխարհային պատերազմում այդ խորհրդանիշն օգտագործում էին ռուս կոլաբորացիոնիստներից ոմանք, որոնք համագործակցում էին նացիստների հետ: Բայց նման մի ժապավեն էլ ուղեկցում էր խորհրդային շքանշանները:
Ժամանակակից Ռուսաստանում «ներքեւից» եկող նախաձեռնություն կար՝ մայիսի 9-ը տոնել հենց այդ ժապավեններով: Մոտավորապես 2006 թվականներից ՌԴ իշխանությունը սկսեց «սեփականաշնորհել» այդ նախաձեռնությունը: 2014 թվականից՝ Ղրիմը բռնազավթելուց հետո ժապավենները դարձան պետական քաղաքականությունը սատարելու խորհրդանիշ, իսկ 2022 – ի դեկտեմբերին՝ Ուկրաինայի դեմ լայնամասշտաբ պատերազմը սկսելուց հետո դրանք «դե-յուրե» պաշտոնական կարգավիճակ են ստացել:
2015 թվականին, երբ Հ1-ի հաղորդումներից մեկի ժամանակ ինձ առաջարկվեց իմ բաճկոնը զարդարել այդ ժապավենով, ես հրաժարվեցի, որովհետեւ դա ինձ համար խորհրդանշում էր եւ շարունակում է խորհրդանշել պուտինյան Ռուսաստանի ագրեսիվ, կայսերապաշտական քաղաքականությունը: Ի դեպ, նույն ժամանակահատվածում որեւէ առարկություն չունեի անմոռուկի դեմ՝ որպես Հայոց ցեղասպանության նահատակների հարգանքի նշան:
Գեորգիեւյան ժապավենները, ասենք, 2000 թվականին եւ 2022 թվականներին ունեն տարբեր իմաստներ, տարբեր նշանակություն: Իմաստի «դինամիկան» շարժվում էր պատերազմի եւ բանակի մասին պարզ մարդկային հիշողությունից դեպի որոշակի քաղաքական գործիք: Ընդ որում, որպես այդպիսին, դա կարող է այսօր ընկալվել դրական (ինչպես, կարծում եմ, Ռուսաստանի քաղաքացիների մեծամասնության համար է) ու բացասական (ինչպես, օրինակ, իմ դեպքում): Բոլոր պարագաներում այժմ խոհրդանիշի իմաստը բյուրեղացել է, մասնագետները կասեին՝ «կոնդենսացվել է», եւ մոտ ժամանակներս, համենայդեպս, այն դժվար կլինի նոր ձեւափոխումների ենթարկել:
Իմաստը ձեւափոխելն ընդհանրապես ծանր գործ է, եւ վերեւից եկող հրամանով դա շատ արագ հնարավոր չէ անել: Մանավանդ՝ եթե խոսքը հին, դարավոր, բիբլիական խորհրդանիշների մասին է: Օրինակ, որքան էլ Հայաստանի պաշտոնական քարոզչությունը փորձի համոզել, որ Արարատը ռուսների, Սովետի եւ ԿԳԲ-ի հնարած խորհրդանիշ է, փաստերն աղաղակում են դրա դեմ: Այն սփյուռքահայը, որը Բեյրութում եւ Լոս Անջելեսում պատից կախել է Արարատի պատկերը, հաստատ որեւէ կապ չունի Սովետի եւ ԿԳԲ-ի հետ (գուցե Խորհրդային Հայաստանում էլ երբեք չի եղել): Եթե գնանք դարերի խորքը, հնարավոր չէ Նարեկացու Հարության տաղի առաջին տողը վերախմբագրել ու դարձնել «Սայլն այն իջանէր ի լեռնէն ի Արացած»:
Բերեմ խորհրդանիշների «կոնդենսացիայի» երկու ավելի թարմ օրինակ, մեկը՝ 2021-ի իրադարձություններից: Մի ուսանողուհի պայուսակի վրա ուներ կախանշան (բրելոկ), որն իրենից ներկայացնում էր Արցախի դրոշը: Եվ ահա այդ պայուսակով նա նստում է տաքսի, եւ տաքսիստն ասում է՝ «Մինչեւ այս զիբիլը չպահես, չեմ քշի»: Արցախի դրոշն այդպիսով նման զանգվածի համար խորհրդանշում է «թալանչիների», «ղարաբաղցիների», «նախկինների»՝ այն բոլոր իմաստային կապերով, որոնք տարիներ, տասնամյակներ շարունակ փաշինյանական քարոզչությունը լցրել էր այդ մարդկանց գլուխը:
Հակառակ օրինակը: Փաշինյանը կպցնում է կրծքանշան՝ Հայաստանի քարտեզով: Բայց, քանի որ դա կրծքանշան է, դա միայն Հայաստանի քարտեզը չէ: Դա խորհրդանիշ է այն Հայաստանի, որը ստեղծել է Փաշինյանը՝ «իրական Հայաստանի»: Դարձյալ իմաստ է «կոնդենսացվում», որը կապ չունի ոչ ՀՀ քարտեզի, ոչ էլ, առավել եւս, կրծքին կպցվող ստվարաթղթի կտորի հետ: Վերաբերմունքը ձեւավորվում է՝ հաշվի առնելով, թե ինչպես ենք մենք ընկալում այսօրվա վիճակը:
Ինձ համար Փաշինյանի Հայաստանը այն Հայաստանն է, որի իշխանությունը կատարում է Բաքվի պահանջները (օրինակ, փոխում է ՀՀ սահմանադրությունը), որի ինքնիշխան տարածքում գտնվում են ադրբեջանական զորքերը: Այն Հայաստանն է, որտեղ զանգվածային ռեպրեսիաներ են կիրառվում ընդդիմության դեմ, որտեղ հազարավոր մարդկանց ապօրինի գաղտնալսում են, որտեղ մեկ խոսքի համար մարդկանց կարող են ազատազրկել, մեկ «լայքի» համար՝ աշխատանքից հեռացնել: Որտեղ սեփականությունը կարող են ապօրինի ձեւով խլել: Վերջապես, այն Հայաստանն է, որտեղ չկա լեգիտիմ իշխանություն:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
07.07.2026


















































