Լրահոս
Օրվա լրահոսը

Ելենա Վարդազարյանը Հիբլա Գերզմավայի «Օպերային արվեստանոց» միջազգային նախագծից վերադառնալուն պես ստանձնել է Օպերային թատերախմբի ղեկավարի-գլխավոր կոնցերտմայստերի պաշտոնը

Հուլիս 17,2026 16:04 Share

Aravot.am-ը 2023 թ. տեղեկացրել էր Մոսկվայում կայացած Հիբլա Գերզմավայի դաշնակահարների և կոնցերտմայստերների առաջին միջազգային մրցույթում Երևանի ազգային օպերային թատրոնի կոնցերտմայստեր Ելենա Վարդազարյանի հաղթանակի մասին։ Ի դեպ, այս մրցույթն աշխարհում միակն է իր ձևաչափով, որը հնարավորություն է ընձեռում մրցելույթներով հանդես գալ կոնցերտմայստերներին։ Վերջիններիս դերը կամ նրանց համագործակցությունը մենակատար երաժիշտների ստեղծագործական կյանքում ոչ միայն անհրաժեշտություն է, այլ շատ մեծ է ու պահանջում է գիտելիքների շտեմարանային իմացություն։

Օրերս էլ տեղեկացրել էինք Երևանի Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում արդեն 10 տարի ստեղծագործող Ելենա Վարդազարյանին՝ Օպերային թատերախմբի ղեկավարի-գլխավոր կոնցերտմայստեր նշանակվելու մասին։ Մեկ-երկու օր առաջ նա վերադարձել է Մոսկվայից, որտեղ հունիսի 29-ից հուլիսի 12-ը մասնակցել է աշխարհահռչակ օպերային երգչուհի Հիբլա Գերզմավայի կազմակերպած «Օպերային արվեստանոց» նախագծին։

Լուսանկարում՝ Հիբլա Գերզմավան և Ելենա Վարդազարյանը

Մեզ հետ հանդիպման սկզբում արվեստագետը նախ ներկայացրեց առաջին անգամ անցկացվող այս միջոցառման նպատակը։

«Հիբլա Գերզմավայի «Օպերային արվեստանոցը» լուսավորչական նախագիծ է, որի նպատակն է ճիշտ մասնագիտական ուղենիշներ տալ երիտասարդ սերնդի վոկալիստներին։ Այսօր այդ մասնագիտությունը պահանջում է ոչ միայն ձայնի անթերի տիրապետում, այլ այնպիսի կարևորագույն մասնագիտական հմտություններ, ինչպիսիք են դերասանական վարպետությունը, օտար լեզուների իմացությունը, ֆիզիկական և պլաստիկ պատրաստվածությունը, դիմահարդարման ու կոստյումի հետ աշխատելու կարողությունը, դիրիժորի ու ռեժիսորի հետ փոխգործակցության առանձնահատկությունների ընկալումը»,– ասաց մեր զրուցակիցը։

Հավելեց, թե արվեստանոցի գաղափարը ծնվել է Գերզմավայի բազմամյա լուսավորչական գործունեությունից՝ սկսնակ վոկալիստներին աջակցելու, մասնագիտական գաղտնիքներով կիսվելու ու մեծ բեմ տանող նրանց ուղին լուսավորելու ներքին պահանջից։

«Երիտասարդ, բայց արդեն կայացած արտիստների համար նախատեսված Վոկալիստների և կոնցերտմայստերների միջազգային մրցույթի ստեղծումից հետո բնական քայլ էր օգնել նրանց, ովքեր դեռ նոր են փնտրում իրենց ստեղծագործական անհատականությունը և կարիք ունեն երկխոսության բեմի վարպետների հետ։ Այսպիսով, «Օպերային արվեստանոցը» մրցույթի նախաշեմն է, դրա առաջին աստիճանը։ Սակայն այստեղ մրցակցություն չկա, կա միայն խորը աշխատանք՝ Հիբլա Գերզմավայի մրցույթի ժյուրիի անդամների, իսկ այժմ նաև արվեստանոցի դասախոսների ղեկավարությամբ։ Մասնակիցները, ովքեր իրենց լավագույնս կդրսևորեն, հնարավորություն կստանան առանց նախնական լսումների անցնել մրցույթի առաջին փուլ, որը կանցկացվի 2027 թ. հունվարին»։

Հետաքրքրությանը՝ քանի՞ վոկալիստ էր ընդգրկված արվեստանոցի պարապմունքներին և ովքե՞ր էին վարում դասերը, Ելենա Վարդազարյանը պատասխանեց, թե աշխարհի տարբեր երկրների 370 հայտ ներկայացրածներից ընտրվել էին 13 վոկալիստ, որոնց հետ աշխատել են Հիբլա Գերզմավան, տենոր Ժովե Կուրան (Արգենտինա), ձայնի մարզիչ Կարմեն Սանտորոն (Իռլանդիա), Մարիինյան թատրոնի գեղարվեստական ղեկավար Իրինա Սոբոլևան, Վիեննայում ապրող ու ստեղծագործող ճանաչված սոպրանո, ձայնի մարզիչ Մարինա Մեշերյակովան, «Բոլշոյ» ու Ստանիսլավսկու և Նեմիրովիչ-Դանչենկոյի թատրոնների կոնցերտմայստերներ Մարկ Վազան, Ալեքսանդր Անասենկոն, Ալեքսանդր Շիգորևը և ինքը։

Վերջում, օպերային թատրոնում արդեն զբաղեցրած պաշտոնի առիթով, Ելենա Վարդազարյանը, ի պատասխան մեր հարցի, ասաց.

«Մոսկվայից վերադարձա հուլիսի 12-ին և նույն օրը եկա թատրոն, ներկայացա մաեստրո Կարեն Դուրգարյանին։ Նա ինձ համար անսպասելի ասաց, թե որոշում է կայացրել, որ ես զբաղեցնեմ թատերախմբի ղեկավարի-գլխավոր կոնցերտմայստերի պաշտոնը։ Այսքանը»։

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

Հ. Գ. Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի նախաձեռնությամբ 2008 թ.-ից անցկացվում է Հեղինե Տեր-Ղևոնդյանի անվան կոնցերտմայստերների հանրապետական մրցույթը։ Ի դեպ, Ելենա Վարդազարյանը ժամանակին հաղթել է այս մրցույթում։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել