Երևանի Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում համաշխարհային օպերային երգացանկի գլուխգործոց հանդիսացող Ֆրանսիս Պուլենկի, ըստ Ժան Կոկտոյի լիբրետոյի, «Մարդկային ձայնը» մոնոօպերան առաջին պրեմիերայից 67 տարի անց ներկայացավ նոր ձևաչափով՝ պարային օպերայի։
Հիշեցնենք, որ վերջերս Aravot.am-ի հետ զրույցում եվրոպական մասնագիտական մամուլի որակմամբ՝ մարդկային ստեղծագործականության և արվեստի խորհրդանիշ բեմադրող-խորեոգրաֆ Անդրեյ Կայդանովսկին, որն իր երիտասարդ տարիքում (29 տարեկան է) հայտնի է դարձել իր յուրօրինակ բեմադրություններով, ասել էր. «Ըստ էության, Կոկտոյի սյուժեն, որ հուզում է բոլոր ժամանակներում բոլոր կանանց, իմ ընթերցմամբ՝ և՛ երգչուհին, և՛ պարուհին, մեկը՝ իր վոկալով, մյուսը՝ իր պլաստիկայով, լրացնում են մեկը մյուսին՝ նույն ասելիքով, մենախոսության նույն տեքստով»:
Կարդացեք նաև
Իսկ պրեմիերայից հետո ընդամենն ասաց. «Պարային օպերա» ժանրի իմ առաջին փորձը ձեր երկրում, որտեղ դասական օպերային ձայնն ու ժամանակակից պարային պլաստիկան միահյուսվում են մեկ ամբողջության մեջ, միջազգային մեծ հեռանկար ունի, այն առաջիկայում կներկայացնենք հեղինակային փառատոներում ևս»:
Ներկայացնենք, թե ինչի ակնդիրն ու ունկնդիրը եղանք մենք՝ հանդիսատեսը «Մարդկային ձայնի» պրեմիերայի օրը։ Ինչպես նշեցինք, իսկզբանե երաժշտական մոնոդրաման, որը վեհ հումանիզմի ու դրամատիկ ուժի ստեղծագործություն է, ներկայացվեց մեցցո-սոպրանո Յուլյա Մատոչկինայի և պարուհի Դարյա Պավլենկոյի ինքնատիպ մարմնավորմամբ։
Դիրիժորական վահանակի մոտ էր մաեստրո Կարեն Դուրգարյանը։ Փաստորեն, երկու կանայք իրենց սիրեցյալների հետ վերջին անգամ խոսում են հեռախոսով՝ մեկը՝ իր վոկալով, մյուսը՝ ժամանակակից բալետային նրբագեղ, ճկուն շարժումներով։ Տղամարդկանց ձայնը լսելի չէ, սակայն հանդիսատեսը դրանք եզրակացնում է կանանց արձագանքներից։
Իսկ ամբողջ ներկայացման գործողությունը բաղկացած է երկար հեռախոսազրույցից բացակա զուգընկերների հետ՝ հեռախոսազրույց, որն, ըստ էության, մարմնավորվում է դրամատիկ վոկալ մենախոսության ու պարի տեսքով։ Օպերայում արտաքին գործողություն չկա. ամեն ինչ կենտրոնացած է արտիստների ներքին դրամայի բացահայտման վրա։
Ի վերջո, այս արտահայտիչ պարտիաները, որոնցում մեղեդին ճկուն փոխանցում է հերոսուհիների հոգեվիճակի նրբերանգները, իսկ հարուստ նվագախմբային տեմբրերը բացահայտում են այս կանանց տառապանքի ու երջանկության կարոտի թեման։
Ներկայացման ավարտին ականջալուր եղանք հանդիսատեսի կարծիքներին, որոնցում դոմինանտ էր հետևյալ միտքը՝ այս հրաշալի մոնոօպերան նոր շունչ ստացավ Կայդանովսկու ժամանակակից խորեոգրաֆիայի շնորհիվ, և հավանաբար միառժամանակ անց կդիտենք այս ներկայացումը մեր արտիստների մեկնաբանմամբ։
Ի դեպ, եթե բեմադրություն, ուրեմն՝ զգեստների դիզայն, դեկորներ, լույս։ Այս դեպքում ընդամենը տեղեկացնենք, որ հագուստների ձևավորողն ու բեմանկարիչը Թոմաս Միկան է (Գերմանիա), լուսային նկարիչը՝ Ալեքս Բրոկը (Ավստրիա)։
Այս արվեստագետների աշխատանքին կարելի է մոտավոր պատկերացում կազմել օպերային թատրոնի PR բաժնի մեզ տրամադրած բեմադրության լուսանկարներից։
Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ






























































