Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուզան Ստեփանյան. «Եթե ԵԱՏՄ-ն կաթվածահար վիճակում է, ապա ինչո՞ւ է զանգահարում ու խնդրում, որ Ռուսաստանն աջակցի մեր ապրանքների շրջանառությանը եւ արտահանումը նորից կազմակերպվի»

Հուլիս 30,2026 22:06 Share

«Իրականում ոչ թե ԵԱՏՄ-ն է կաթվածահար վիճակում, այլ Հայաստանի տնտեսությունը, գյուղատնտեսությունը՝ իր բոլոր ճյուղերով։ Ես արդեն գիտեմ մի շարք ձկնաբույծների, որոնք դադարեցրել են ձկներին կերակրելը։ Մարդիկ միլիոնների վարկեր են վերցրել, ու այս պահին նաեւ այս ոլորտն է կաթվածահար վիճակում»,- ասաց «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը «Հայելի» ակումբում՝ անդրադառնալով երեկ Նիկոլ Փաշինյանի արած այն հայտարարությանը, թե ԵԱՏՄ-ն կաթվածահար վիճակում է, եւ այսպես շարունակվելու դեպքում դա կլինի ԵԱՏՄ-ի վերջի սկիզբը։

«Եթե ԵԱՏՄ-ն կաթվածահար վիճակում է, ապա հարց է առաջանում, թե այդ կաթվածահար կառույցում ինչու է նա զանգահարել եւ խնդրում, որ Ռուսաստանն այդ կառույցի միջոցով աջակցի մեր ապրանքների շրջանառությանը եւ արտահանումը նորից կազմակերպվի։ Տարօրինակ է, չէ՞, թե կաթվածահար կառույցի հետ ի՞նչ խնդիրներ ունենք, հայկական կողմը ի՞նչ խնդրանք ունի։

Ինքս դեմ չեմ շուկաների դիվերսիֆիկացմանը։ Սակայն դու ութ տարի իշխանության ես եւ այդ ընթացքում մեկ շուկա չես գտել հայկական արտադրանքը արտահանելու համար։ Եվ հիմա փակում ես այն կայուն շուկան, որը տասնամյակներով ձեւավորվել էր ինչպես կառավարության, այնպես էլ արտադրողների համառ ջանքերով։

Օրերս ձկնաբույծներից մեկը պատմեց, որ ինքը դեռ 20 տարի առաջ արկղերով ձուկը տարել է ՌԴ, Ռուսաստանի բնակչությանը սովորեցրել հայկական իշխանի որակին, առավելություններին։ Այսինքն, Ռուսաստանի շուկան հենց այնպես չի դարձել հայկական ապրանքների արտահանման բարեկեցիկ միջավայր։ Դրա համար տասնամյակներով աշխատանք է կատարվել թե պետական, թե մասնավոր սեկտորի կողմից։ Իսկ հիմա այս իշխանությունը որոշեց մի զարկով փակել հայկական ապրանքների միակ եւ ամենախոշոր այդ շուկան։

Այսօր ամենախոշոր հարկատուները, սկսած՝ «Սպայկայից», հայտնվել են շատ վատ վիճակում՝ չեն կարողանում արտահանել։ Իսկ բանկերն էլ ռիսկային են համարում խորտակվող տնտեսություններին նորից վարկավորելը։ Մոտ 15-20 օր առաջ պղպեղով բարձված մեկ բեռնատար հասել է Պարսկաստան, հայտնվել է կրակոցների տակ, մեկ շաբաթ բեռը մնացել է այնտեղ, ինչ-ինչ պայմանավորվածության արդյունքում բեռը բարձվել է պարսկական ֆուռ, որով պիտի հասնի Ուզբեկստան, պարսկական պղպեղի անվան տակ հասնի Ռուսաստան։ Ա՛յ, սա է Նիկոլ Փաշինյանի վարած տնտեսական, քաղաքական ռազմավարությունը։

Հիշում ենք՝ ընտրություններից առաջ ինչ տեսակի կուտ կար, հենց Նիկոլ Փաշինյանը կախեց ընտրողի ականջից՝ ասելով, թե առաջին այցը կլինի Ռուսաստան։ Եվ տեսանք առաջին այցը Եկատերինբուրգ։ Միշուստինի հետ հանդիպումը խայտառակություն էր։ Եվ երկրորդը՝ զանգահարում, խնդրում ես ՌԴ-ին։ Բայց Պեսկովը շատ հստակ ասաց, որ Հայաստանին ասվել է՝ անցկացնել հանրաքվե, ոորպեսզի այնտեղ հասկանան՝ գնո՞ւմ ենք Եվրոպա: Եթե գնում ենք, մեզ չեն ֆինանսավորելու, իսկ եթե չենք գնում, հասկանան ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունները;

Մենք հայտնվել ենք մի իրավիճակում, որ երկու պետություններ Նիկոլ Փաշինյանի «ինքնիշխան պետությանը» պարտադրում են հանրաքվե անցկացնել։։ Նույն ՔՊ-ի քաղաքագետները, վերլուծաբանները թող ցույց տան՝ կա՞ մեկ այլ երկիր, որին երկու պետություն հարկադրում են հանրաքվե անցկացնել»։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031