ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի խորհրդական Արման Անտոնյանը ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է, որ դիմում է ներկայացրել պաշտոնից ազատվելու վերաբերյալ, որում ներկայացրել եմ այդ որոշման պատճառները. «Ինչպես նաև իմ պաշտոնավարման ընթացքում առկա համակարգային խնդիրները, որոնց հետևանքով փաստացի անհնար է դարձել նախարարի խորհրդականի պաշտոնից բխող լիազորությունների լիարժեք իրականացումը։ Միտումնավոր աշխատանքային մեկուսացման պայմաններում անհնար է արդյունավետ ծառայել այն նպատակներին, որոնց համար ստանձնել էի այդ պատասխանատվությունը։
Եթե որևէ մեկին հետաքրքրում է իրական պատկերը և իմ որոշման հիմքերը, կարող է ծանոթանալ նախարարին ներկայացված իմ պաշտոնական դիմում-զեկուցագրին։
Շնորհակալություն եմ հայտնում նախարարության բոլոր այն գործընկերներին, որոնց հետ ունեցել եմ պատիվ աշխատելու և շփվելու: Իմ պաշտոնավարման ամենամեծ ձեռքբերումը մարդիկ են, որոնց ճանաչեցի, որոնց հետ ձևավորվեցին մասնագիտական ու մարդկային հարաբերություններ, և որոնց հետ մեզ միավորեցին գաղափարներն ու պետական շահին ծառայելու ձգտումը։
Ցանկացած պաշտոն ժամանակավոր է, իսկ արժանապատիվ աշխատանքն ու սկզբունքներին հավատարիմ մնալը՝ մնայուն։
Առաջիկայում կանդրադառնամ այն խնդիրներին, որոնք, իմ համոզմամբ, անհետաձգելի կարգավորման կարիք ունեն։ Եթե դրանք հնարավոր չեղավ լուծել ի պաշտոնե, կփորձենք դրանց լուծմանը նպաստել հասարակական հիմունքներով՝ ի շահ պետության, ոլորտի զարգացման և բոլոր շահառուների։
Դեռ ամեն ինչ առջևում է. Աստված առաջ


















































