ՀՀ Վճռաբեկ դատարանը թիվ ՎԴ2/0096/05/24 վարչական գործով ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ներկայացրած վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում հունիսի 16-ին կայացրած որոշմամբ անդրադարձավ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության կազմման առանձնահատկություններին։
Գործն առնչվում էր անհատ ձեռնարկատեր, Վարդենիսում դեղատներից մեկի պատասխանատու Նարինե Դումոյանն ընդդեմ Տեսչական մարմնի հայցապահանջին, որով հայցվորը պահանջել էր անվավեր ճանաչել Տեսչական մարմնի ՝մեկ միլիոն դրամ վարչական տույժ նշանակելու մասին 2023 թ․ թիվ 2148 որոշումը։ Թե վարչական դատարանը, թե վերաքննիչ վարչական դատարանը բավարարել էին հայցը, անփոփոխ թողել դատարանի որոշումը, տեսչական մարմինը դիմել էր Վճռաբեկ դատարան։ Ի դեպ, վերաքննիչ դատարանի դատավոր Ա. Հարությունյանը, ըստ դատական տեղեկատվական համակարգի, հայտնել էր Հատուկ կարծիք։
Այս գործով վարչական վարույթ էր հարուցվել, որի արձանագրության կազմմանը մասնակից չէին դարձրել անհատ ձեռնարկատիրոջը։ Վիճարկվող արձանագրության համաձայն, դեղատանն անցկացվել է զննում, որի ժամանակ դարակաշարերի վրա արձանագրվել են ՀՀ-ում գրանցված դեղերի՝ օրինական ներմուծված լինելու «կասկած» հարուցող դեղեր, բացակայել են Է. Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն ՓԲԸ-ի ներմուծման փորձագիտության տվյալների բազայում։
Վճռաբեկ դատարանը մերժել է Տեսչական մարմնի ներկայացուցիչ Ս. Սարգսյանի վճռաբեկ բողոքը, արձանագրել է, որ վարչական իրավախախտման վերաբերյալ գործի վարույթի մեկնարկը պայմանավորելով վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության կազմմամբ, օրենսդիրը կարևորել է նշված ապացույցը, ինչն արտահայտվել է, մասնավորապես, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 255-րդ հոդվածում վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության բովանդակությանը ներկայացվող կոնկրետ պահանջների ամրագրմամբ։ Նշված իրավանորմը, սակայն, չի պարունակում հատուկ կարգավորում վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը կազմելու վայրի մասին։ Այդուհանդերձ, վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության մեջ որոշ տեղեկությունների պարտադիր ներառման ենթակա լինելը վկայում է այն մասին, որ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը, որպես կանոն, պետք է կազմվի վարչական իրավախախտումը հայտնաբերելու պահին՝ վարչական իրավախախտումը կատարելու վայրում։
Կարդացեք նաև
ՀՀ Վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության բովանդակությանը ներկայացվող պահանջները կարող են բավարարված համարվել ինչպես այն դեպքում, երբ արձանագրությունը կազմվում է վարչական իրավախախտման կատարման վայրում՝ ենթադրյալ իրավախախտի մասնակցությամբ, այնպես էլ այն դեպքում, երբ արձանագրությունը կազմվում է վարչական իրավախախտման կատարման վայրից դուրս՝ պայմանով, որ ենթադրյալ իրավախախտը պատշաճ ձևով ծանուցված է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը կազմելու ժամանակի և վայրի մասին։
Վճռաբեկ դատարանը փաստել էր, որ վարչական մարմինը չի ապահովել ծանուցումը՝ արձանագրությունը կազմելու օրվան նախորդող առնվազն երեք աշխատանքային օր առաջ դրա հասցեատիրոջը հանձնելը։ Վարչական տույժ նշանակելու մասին որոշումն էլ չի կարող համարվել իրավաչափ։
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
30.06.2026

















































