Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանի փոքր խաղադրույքը մեծ խաղի սեղանին

Օգոստոս 07,2026 10:00 Share

Նիկոլ Փաշինյանը մեկնել է Ղրղզստան, որտեղ կայանում է ԵԱՏՄ վարչապետների հավաքը։ Այն նույն ԵԱՏՄ, որին Նիկոլ Փաշինյանը ընդամենը օրեր առաջ համարում էր կազմալուծված կառույց, իսկ հայկական ապրանքների արտահանման խնդիրը չլուծելու դեպքում համարում էր, որ կգա ԵԱՏՄ վերջի սկիզբը։

Փաշինյանը գնացել է, որ ԵԱՏՄ վերջի սկի՞զբը բերի, թե՞ բերի լուծումներ հայկական ապրանքներ արտադրողների համար։ Համենայնդեպս, դատելով այն հայտարարությունից, որ վարչապետների հավաքից առաջ արել է ՌԴ փոխվարչապետ Օվերչուկը, Մոսկվան հակված չէ լուծումների, գոնե առայժմ։ Օվերչուկը հայտարարել է, որ Հայաստանի եւ Ռուսաստանի մինչեւ ապրանքաշրջանառությունը «դրամատիկ» կերպով նվազում է։ Նա հիշեցրել է, որ 2024 թվականին ցուցանիշը ռեկորդային էր՝ 12 միլիարդ դոլար, բայց այժմ արդեն նվազել է ավելի քան 20 տոկոսով եւ այդ նվազումը կշարունակվի, ըստ Օվերչուկի։ Սա հիմք է տալիս եզրակացնել, որ Մոսկվան կարծես թե այնքան էլ հակված չէ գտնել իրավիճակի լուծումներ։

Ընդ որում, պետք չէ բացառել, որ Մոսկվայի համար դա ոչ միայն խնդիր չէ ինքնին՝ թե ինչ է կորցնում Հայաստանի տնտեսությունը, այլ նույնիսկ կարող է լինել այլ՝ ավելի կարեւոր խնդիրներ լուծելու միջոց։ Սրելով Հայաստանի հետ կապված հարցերը, կամ ինչպես նույնիսկ հենց ռուսական խոսքն է ասում՝ «խփելով յուրայիններին», Մոսկվան գուցե փորձում է վախեցնել «օտարներին»։ Տվյալ դեպքում օտարներն ավելի շուտ Կենտրոնական Ասիայի երկրներն են, որտեղ Ռուսաստանը ունի թերեւս շատ ավելի խորքային մարտահրավերներ, քան Հայաստանում, որքան էլ ավելի շատ փորձում է լռել այդ մարտահրավերների մասին։

Այդ իմաստով, ի դեպ, շատ ուշագրավ է, որ Ղրղզստանում ԵԱՏՄ վարչապետների հավաքից ընդամենը մի քանի օր առաջ հավաքվել էր կենտրոնասիական «վեցյակը»՝ ներառյալ Ադրբեջանը, որը 2025 թվականի նոյեմբերից այդ ձեւաչափի լիարժեք մասնակից է, ընդ որում՝ կարծես թե Վաշինգտոնի կնքահայրությամբ։ Իսկ այդ հանգամանքը թերեւս էապես առնչվում է Թրամփի ուղուն։ Այս տեսանկյունից ուշադրության է արժանի, որ կենտրոնասիական «վեցյակի» հավաքից անմիջապես հետո Նիկոլ Փաշինյանին է զանգահարել Ղազախստանի նախագահ Տոկաեւը, իսկ դրանից մեկ օր անց Երեւանում Փաշինյանն ընդունել է ԱՄՆ Խաղաղության հարցերի հատուկ բանագնաց Ուիտկոֆֆի ավագ խորհրդականին, որը Փաշինյանի հետ քննարկել է Թրամփի ուղին։

Այս մեծ շրջապտույտում Հայաստանի ապրանքներն ու տնտեսությունն առհասարակ թերեւս հայտնվել են մանրադրամի դերում, որ պաշտոնական Երեւանը դրել է «խաղասեղանին»։ Ու տպավորություն է, որ շատ ավելի մոտ է Հայաստանի կենսունակ եւ առողջ տնտեսության վերջը, քան ԵԱՏՄ վերջի սկիզբը։

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել