«Բա դու ինքդ եղել ես բանտարկյալ, որին վերագրվել է քաղաքական մոտիվներով բանտարկվածի կարգավիճակ։ Դու զեկույցներում ես տեղ գտել։ Ախր ես տեսել եմ՝ դու «Արթիկ» քրեակատարողական հիմնարկից, որ դուրս էիր գալիս, քո ընտանիքի անդամները, երբ մոտեցան քեզ, դու ինչպիսի կարոտով ու հուզմունքով փաթաթվեցիր քո երեխաներին ու կնոջը։ Եթե դու գտնում ես, որ անարդար են վարվել քո նկատմամբ, դու ինչո՞ւ ես այդ նույնն անում Անդրանիկ Թևանյանի ու Արեգնազ Մանուկյանի նկատմամբ։ Եթե այդքան Աստվածաշունչ շատ ես սիրում, բա չգիտե՞ս քարերը նետելու և դրանք հավաքելու ժամանակի մասին, պատասխանատվության ուխտը մինչև այս աշխարհից հեռանալը բոլորի դռանն էլ չոքում է»,- ՀՀ կառավարության շենքի դիմաց դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ հայտարարեց «Մայր Հայաստան» կուսակցության անդամ Մանուկ Սուքիասյանը՝ հիշեցնելով Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի դեմ քրեական գործը։
Տեղեկացրել ենք՝ ՀՀ գլխավոր դատախազության առաջ ընդդեմ քաղաքական բռնաճնշումների բողոքի ցույցի ժամանակ քաղաքացիները պահանջում էին՝ «Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին», «Ամո′թ բոլոր պատվեր կատարողներին»։ Այնուհետև նրանք շարժվեցին դեպի ՀՀ կառավարության շենքի դիմաց և բողոքի ցույցը շարունակեցին այնտեղ։
Մանուկ Սուքիասյանը շարունակեց․ «Հայաստանի Երրորդ Հանրապետության կառավարություն և կառավարության ղեկավար Նիկոլ Վովայի Փաշինյան, այս պահին կառավարության շենքի մոտ է «Մայր Հայաստանը։ Մենք եկել ենք ասելու հետևյալը՝ Անդրանիկ Թևանյանը, Արեգնազ Մանուկյանը քաղբանտարկյալներ են։ Նիկոլ Վովայի Փաշինյան, քարոզարշավի ժամանակ քո իսկ բարձրաձայնումից հետո նրանք սկսել են ենթարկվել հետապնդման ու ձերբակալվել։ Օրեր առաջ խորհրդարանում դու արեցիր մի հայտարարություն, թե շատերը «մի դատիր, որ չդատվես» խոսքն ասում են կիսատ, այն ունի շարունակություն՝ մի դատվիր, որ չդատվես, եթե պատրաստ չես նույն դատով դատվելու, և դու՝ իբրև թե պատրաստ ես նույն դատով դատվելու։ Եթե դու Անդրանիկ Թևանյանին, Արեգնազ Մանուկյանին փորձում ես դատել էս ամոթալի, կարած, շինծու հատորներով, ուրեմն ինքդ պատրաստ եղիր, որ դատվես այդ դատով»։
Կարդացեք նաև
Բողոքի ցույցն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































