«Միանշանակ ճնշումները կշատանան, իշխանություններն ամեն ինչ անելու են, որ կարողանան սպասվող ՏԻՄ ընտրությունների ժամանակ այն տեղերում, որտեղ իրենք իշխանության են, վերարտադրվեն, որտեղ իրենք չեն անցել, այդ համայնքներն իրենցով անեն, որովհետև առաջիկայում չի բացառվում նաև ալիևյան սահմանադրության հանրաքվեի դնելը, չի բացառվում, որ այս խորհրդարանը երկար կյանք չունենա․ մեկ տարի հետո, կամ շատ կարճ ժամանակահատված հետո չի բացառվում նաև, որ նոր ընտրություններ լինեն»,- Aravօt.am-ի հարցին՝ ինչպե՞ս կգնահատեք այն, ինչ տեղի է ունենում տարբեր համայնքապետերի նկատմամբ, արդյոք ճնշումները կշարունակվե՞ն, այսպես պատասխանեց ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ, ութերորդ գումարման պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
Գառնիկ Դանիելյանը կատարվողը համարում է իշխանության զավթմանն ուղղված գործողություններ․ «Իշխող ուժի համար շատ կարևոր է, որ ամեն կերպ կարողանան հասնեն իշխանությունը տեղերում զավթելուն, քանի որ այն, ինչ կատարվում է ընտրական գործընթացների ժամանակահատվածում, ուղղակի իշխանության զավթում է։ Ես չեմ տեսնում այդ միտումը, որ իշխանություններն, օրինակ, այլ գործելաոճ ընտրեն, ինչը չեն արել նախորդ ժամանակահատվածում։ Որևէ լավ բան այս գործընթացներում չեմ տեսնում։ Իրենք հնարավոր բոլոր լծակներով փորձելու են ամրապնդվել ՏԻՄ-երում այն առումով, որ նաև իրենց փոխկապակցված անձինք տենդերների են մասնակցում, իրենց նյութական ֆինանսական շրջանակը բարելավում․ ՔՊ-ամերձ շրջանակների մասին է խոսքը, դրանով իսկ նաև այս ընտրությունների վրա, իհարկե, դա իր ազդեցությունն է թողնում»։
ԱԺ նախկին պատգամավորի համար նոր չէ ՔՊ-ի այս գործելաոճը․ «Նախ բուն ընտրական գործընթացի ժամանակ ամեն ինչ արվում է, որ ընդդիմադիր ուժերը հնարավորություն չունենան լիարժեք մասնակցել ընտրություններին։ Ճնշում է գործադրվում բոլոր այն թեկնածուների վրա, որոնք ընդգրկվում են ընդդիմադիր կուսակցությունների կամ դաշինքների նախընտրական ցուցակներում՝ որպես թեկնածուներ։ Երբ գալիս է բուն ընտրական գործընթացների ժամանակը, իշխանությունն ամեն ինչ անում է, որ ՔՊ-ն հաղթանակ տանի՝ վարչական ռեսուրսների տոտալ կիրառում, բռնաճնշումներ, հալածանքներ, խրախուսման մեթոդների կիրառում, որոնք օգտագործվում են անհավասար պայմաններ ստեղծելու համար։ Հետո, երբ գալիս է երրորդ փուլը, երբ այդ գործոնները չեն ազդում, ամեն ինչ արվում է, որ այդ մարդկանց աշխատանքը դժոխքի վերածվի։ Քրեական գործեր, ամեն չնչին խնդիր բարդացնում, սարքում են մեծ խնդիր, և դա դառնում է նյութ, որի պատճառով իրենց քմահաճույքից է կախված լինում այդ մարդու գործունեությունը։ Քրեական գործերն օգտագործվում են՝ որպես մահակ ընդդիմադիր քաղաքապետերի կամ ոչ ՔՊ-ական քաղաքապետերի դեմ, որոնք ավելի չեզոք դիրքերում են։ Սա արվում է մի բանի համար, որ համապետական ընտրությունների ժամանակ այդ լծակն օգտագործվի իրենց վերարտադրման համար։ Չեմ կարծում, թե ինչ-որ բան հիմա փոխվել է, որովհետև այն գործելաոճը, որը ՔՊ-ականներն են ստանձնել, շատ պարզ երևում է, որ իրենք այդ գործելաոճից չեն պատրաստվում հրաժարվել։ Սա, բնականաբար, ազդում է այն մարդկանց որոշումների վրա, որոնք պատրաստվում են իրենց թեկնածությունն առաջադրել»։
Նշենք, որ համայնքապետերի դեմ ճնշումներին էր անդրադարձել նաև «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։ Նա, անդրադառնալով Արսեն Աղաբաբյանի ձերբակալության հնարավոր քաղաքական ենթատեքստին, այն կապել է ընդդիմադիր համայնքապետերի և քաղաքական գործիչների նկատմամբ իշխանությունների վարքագծի հետ․ «Իշխանությունների համար իրավապահ մարմինները միշտ քաղաքական գործիք են հանդիսանում, որը ցավով եմ արձանագրում։ Նման երևույթներն ընդդիմադիր գործիչների նկատմամբ, ցավոք, արդեն դարձել են սովորական։ Երեկվա լուրը, ցավով եմ արձանագրում, ո՛չ մեդիայի, ո՛չ հանրության համար զարմանք չառաջացրեց։ Արդեն սովորական վարքագիծ է դարձել։ Առաջիկայում Նոյեմբերյանում ՏԻՄ ընտրություններ են, որոնց մենք նորից մասնակցելու ենք Արսեն Աղաբաբյանի գլխավորությամբ և վստահ ենք, որ կրկին կարժանանանք բնակիչների վստահությանը։ Հետևաբար, ընտրություններից առաջ նման վարքագիծը մեզ համար արդեն դարձել է սովորական»։
Կարդացեք նաև
Ըստ Գառնիկ Դանիելյանի՝ այս ամենով փորձում են վախ սերմանել մարդկանց մեջ, որոնք մտածում են ՏԻՄ ընտրություններին մասնակցելու մասին․ «Բնականաբար, այս ամեն ինչը տեսնելով՝ մարդկանց մոտ ցանկությունը նվազում կամ ի սպառ վերանում է ՏԻՄ ընտրություններին մասնակցելու համար․ անցավ գլուխը չեն ուզում ցավի տակ դնել, քանի որ տեսել են, որ երբ նախորդ ժամանակահատվածում քաղաքապետեր են ընտրվել, ինչ է կատարվել այդ մարդկանց հետ՝ գնդակահարվելուց, քրեականատարողական հիմնարկում գտնվելուց մինչև այն, որ քրեական գործերի մեջ են մարդկանց ներքաշել այսպես ասած՝ նրանց կյանքը դժոխք սարքել։ Սա չի կարող չազդել նաև ընտրության ելքի վրա։ Եթե անհավասար մրցակցային պայմաններ են ստեղծվում, պարզ է, որ ՔՊ-ի թեկնածուի հաղթելու հնարավորությունները հեշտանում են։ Կարևոր է, որ ազատ մրցակցային հարաբերություններ լինեն, ինչը ՀՀ-ում չկա։ Գործում է մեկ անձի դիկտատուրա, նաև ինքն էլ որոշում է՝ ով պետք է լինի այնտեղ համայնքապետը՝ Գյումրու, Վանաձորի, Ալավերդու օրինակը, Բերդի, Նոյեմբերյանի ընտրություններին։ Իշխանությունը չի կարողանում մարսել ընդդիմադիր թեկնածուին։ Դա ուղիղ ազդում է համայնքի զարգացման վրա, որովհետև նաև այդտեղի բնակիչներն իրենց ազատ կամարտահայտության միջոցով չեն կարողանում ընտրել տեղական իշխանություններ, որը կսպասարկի իրենց շահերը, և դրանով արդեն խեղաթյուրվում է նաև ՏԻՄ ինստիտուտը։ Պետք է ավելի շատ հնարավորություններ ընձեռենք, որ ՏԻՄ-ը զարգանա, բայց այսպիսի գործելաոճով սահմանափակվում են ՏԻՄ-երի՝ ազատ գործելու, համայնքը զարգացնելու, նաև սեփական նախագծերը և նպատակներն իրականացնելու հնարավորությունները»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































